«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Հայաստանի իշխանության նախաձեռնությունը՝ ԵՄ-ից օգնություն խնդրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ արտաքին միջամտությանը դիմակայելու համար։
Սա ճիշտ քաղաքական որոշում է, որովհետև ընտրությունների պաշտպանությունը տեխնիկական հարց չէ․ դա Հայաստանի պետական սուբյեկտության, ժողովրդավարության շարունակականության և մեր եվրոպական ուղեգծի անշրջելիության հարցն է։ Հայաստանը ոչ միայն իրավունք ունի, այլ պարտավոր է դիմել իր ռազմավարական գործընկերներին, երբ արտաքին դերակատարները փորձում են կեղտոտ, չվերահսկվող փողի, ապատեղեկատվության, կիբերհարձակումների, շանտաժի և «պրոքսի» քաղաքական նախագծերի միջոցով ազդել ժողովրդի կամքի վրա։
Միևնույն ժամանակ, որևէ միջազգային աջակցություն չի կարող փոխարինել մեր պետության «տնային աշխատանքը»։ ԵՄ օգնությունը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանում գործարկվի օրինականության ամբողջ ուժը՝ ընտրական ֆինանսավորման լիարժեք թափանցիկություն և վերահսկողություն, ապօրինի փողի ու քվե գնելու դեմ արագ և անշրջելի պատասխանատվություն, մեդիա սեփականության ու ֆինանսավորման հրապարակայնություն, օտարերկրյա կառավարվող քարոզչական ցանցերի չեզոքացում, ընտրական ենթակառուցվածքների և պետական համակարգերի կիբերանվտանգության ուժեղացում, ինչպես նաև իրավապահ և դատական համակարգի իրական անկախություն։
Մենք նաև քաղաքականապես անընդունելի ենք համարում, որ Հայաստանի ընտրական գործընթացների շուրջ ձևավորվի «անպատժելիության մշակույթ» այն ուժերի և դերակատարների համար, որոնք անցյալում կրակել են ժողովրդավարությանը, խաթարել են սահմանադրական կարգը կամ քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Ժողովրդավարությունը չի կարող ինքն իրեն պաշտպանել, եթե պետությունը թույլ է տալիս, որ նրա դեմ գործած համակարգերը վերադառնան նույն մեխանիզմներով՝ փողի, վախի ու մանիպուլյացիայի հաշվին։ Պետության պարտքն է օրենսդրական և ինստիտուցիոնալ լուծումներով բացառել արտաքին կառավարվող ազդեցությունը և ապահովել քաղաքական պատասխանատվության անխուսափելիությունը՝ օրենքի գերակայության շրջանակում։
Հանուն Հանրապետության կուսակցությունը պատրաստ է աջակցել այնպիսի քաղաքական կոնսենսուսի ձևավորմանը, որը կդարձնի 2026-ի ընտրությունները վստահելի, պաշտպանված և միջազգային չափանիշներին համարժեք։ Մեր նպատակն է, որ Հայաստանի քաղաքացու ձայնը որոշի Հայաստանի ապագան՝ ոչ թե դրսից եկած փողը, ոչ թե քարոզչական ցանցերը, ոչ թե հին համակարգերի ռևանշիստական ախորժակը։ Հայաստանի ընտրությունը պետք է լինի մեկ բան՝ ուժեղ պետություն, պաշտպանված ժողովրդավարություն և եվրոպական անընդհատ, անկասելի, անշրջելի ճանապարհ։
«Հանուն Հանրապետության» կուսակցության վարչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: