Փորձագետները Հայաստանի դիվերսիֆիկացիոն քայլերը հաջողված են գնահատում

Հայաստանն ու Եվրոպական միությունը նոր՝ ռազմավարական փուլ են հայտարարում երկկողմ հարաբերություններում։ Բրյուսելում դեկտեմբերի 2-ին ստորագրված Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, իշխանությունների գնահատմամբ, կոչված է խորացնելու քաղաքական, տնտեսական և անվտանգային գործակցությունը։ Որքանո՞վ է այս փաստաթուղթը փոխում հարաբերությունների բովանդակությունը, ինչպիսի՞ դերակատարում է փորձում ստանձնել ԵՄ-ն Հարավային Կովկասում, և ինչպե՞ս է եվրոպական ուղղության ակտիվացումը անդրադառնում Հայաստանի արտաքին քաղաքական բալանսի վրա։

Հայաստանն ու Եվրոպական միությունը դեկտեմբերի 2-ին՝ Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստին, Բրյուսելում ստորագրեցին նոր փաստաթուղթ՝ Հայաստան–ԵՄ գործակցության ռազմավարական օրակարգը, որը շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների խորացման համար։ Իշխանությունները շեշտում են, որ դրանով նոր փուլ են մտնում ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Փորձագետները ԵՄ-Հայաստան նոր մակարդակի բարձրացված հարաբերությունները տարբեր տեսանկյուններից են գնահատում։  
«Օրբելի» կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը Հայաստանի հետ ԵՄ խորացող ակտիվ հարաբերությունները պայմանավորում է մի քանի հանգամանքով։ Ըստ նրա՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմը ԵՄ-ի և Հայաստանի համար հնարավորություն է ավելի ակտիվորեն գործելու՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը հաղթահարելու համատեքստում։

«Մյուս կարևորագույն հանգամանքը ՀՀ-ի կողմից ձգտումն է դեպի Եվրոպա հարաբերություններն ավելի խորացնելու առումով։ Եվ երրորդը հանգամանքը, բնականաբար, աշխարհում փոփոխվող իրողություններն են, որոնք ուղիղ ազդում են նաև մեր տարածաշրջանում արձանագրվող որակապես նոր փոփոխությունները, այսինքն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը և նոր հնարավորությունները ԵՄ-ին մղում են ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում»։

ԵՄ-ն Հայաստանը համարում է արժեհամակարգով ու քաղաքական ձգտումներով իրեն մոտ  երկիր, թեև ռուսական ազդեցությունը տարբեր դրսևորումներով խոչընդոտներ է ստեղծում, ասում է փորձագետը և հավելում՝ ԵՄ-ն փորձում է այս պահի իրատեսական բոլոր հնարավորություններն օգտագործել Հայաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնելու համար։ 

Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի՝ «ԱՊՐԻ Արմենիա» անկախ վելուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ նոր փաստաթուղթը ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները որակական նոր աստիճանի բարձրացնելու ցուցանիշ է։  

«Երկկողմանի հարաբերություններն արդեն բավականին զարգացել էին տարբեր ուղղություններով։ Առաջինը անվտանգության ոլորտում՝ հաշվի առնելով, որ մենք ունենք ԵՄ դիտորդական առաքելությունը։ Մենք ունենք նաև տնտեսական ոլորտում որոշակի փոփոխություններ և նաև քաղաքական ոլորտում։ Եվ ունենք զուգահեռ ուղղություններ, օրինակ՝ վիզաների ազատականացման գործընթացը»։

Փորձագետի գնահատմամբ՝ վիզաների ազատականացման գործընթացը բավական արագ է ընթանում, ու մեծ է հավանականությունը, որ մինչև 2029 թվականը գործընթացը կհասնի ավարտին։ Վերջին տարիներին փաստացիորեն արձանագրված հաջողությունները, Սերգեյ Մելքոնյանի դիտարկմամբ, փաստաթղթավորվեցին, իսկ փաստաթուղթը ներառում է նոր, ընդլայնված գործընկերային օրակարգը, որը նպատակ ունի ոչ միայն խորացնել տնտեսական և քաղաքական կապերը, այլև լրացնել անվտանգային  ու տարածաշրջանային գործակցության բացերը։

ԵՄ–ն փորձում է զարգացնել հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ՝ ասում է Մելքոնյանը։ Նա չի բացառում, որ տարածաշրջանում միության ակտիվացմանը նպաստել են նաև Վրաստանի իրադարձությունները։ Այս համատեքստում, ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար ավելի հետաքրքիր են դարձել։

«Անշուշտ պետք է նշել, որ քաղաքական տեսանկյունից տարածաշրջանում ակտիվ լինելու առաջին փորձերը ԵՄ-ն ձեռնարկել էր Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ընթացքում, երբ հանդես էր գալիս որպես միջնորդ և որոշ պայմանավորվածությունները նաև եվրոպական հարթակներում կնքվեցին, օրինակ՝ Պրագայի հռչակագիր, որը, այսպես ասենք, շատ բաներ փոխեց մեր տարածաշրջանում»։

Եվրոպական ուղղության ակտիվացումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի արտաքին քաղաքական հավասարակշռության վրա, ի՞նչ ռիսկեր կամ հնարավորություններ կարող է ստեղծել  այլ գործընկերների, օրինակ, Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում։

Արմեն Պետրոսյան. «Քանի դեռ լուրջ անվտանգային, քաղաքական, տնտեսական մարտահրավերներ չեն առաջացել, իսկ եղած խնդիրները՝ թե՛ Ռուսաստանից եկող, թե՛ Իրանից եկող, հնարավոր է լինում չեզոքացնել, նշանակում է այս ուղղությունը հաջողում է։ Հայաստանին հաջողվում է բոլոր ուղղություններով իրականացնել բովանդակային առումով նոր քայլեր և կարողանալ հիմնավորել դրանք և կառավարելի պահել ընդհանուր իրավիճակը իր շուրջ ու նաև տարածաշրջանում»։

Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ՝  Հայաստանի դիվերսիֆիկացիոն քայլերի նկատմամբ Ռուսաստանի և Իրանի մոտեցումները տարբեր են։ Առաջինի ներկայությունն ու դրակատարումն ակնհայտորեն նվազում են տարածաշրջանում։

«Ռուսաստանի տեսանկյունից՝ մենք տեսնում ենք տարբեր ազդանշաններ, որ սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ շրջադարձ է դեպի Արևմուտք։ Եվ նման հայտարարություններ մենք սկսեցինք լսել, երբ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանը նախընտրեց ՀԱՊԿ դիտորդական առաքելությունից»։    

Բոլորովին այլ է մոտեցումը իրանական կողմից։ Իրանը բացասաբար չընկալեց ո՛չ ԵՄ դիտորդների ներկայությունը, ո՛չ ԵՄ ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ հակառակ այն հանգամանքին, որ այդ երկրում ավելի հակված են տարածաշրջանային երկրների մասնակցությամբ խնդիրները լուծելուն։ Իրանից միակ բացասական արձագանքն եղել է Թրամփի ուղու շրջանակում ԱՄՆ ներկայությանը՝ նկատում է փորձագետը։

Արմեն Պետրոսյանը մինչդեռ Իրանի մոտեցումը պայմանավորում է դիրքերի թուլացմամբ և ռազմավարական կարևորության այլ խնդիրներով։

«Այս պահին Իրանի հնարավորություններն այնքան էլ բավարար չեն՝ խոչընդոտելու Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացմանը։ Մանավանդ՝ հայկական կողմից կա հստակ հիմնավորում, որ այդ խորացումը հակաիրանական որևէ նպատակ և ուղղվածություն չունի։ Հետևաբար, այս պայմաններում Իրանը փորձում է դիվանագիտական հայտարարությունների և քարոզչական մակարդակում տարբեր ուղերձների հղման միջոցով կառավարելի պահել իրավիճակը և դրանով սահմանափակվել»։  

Ըստ փորձագետի՝ Հայաստանին հաջողվել է բալանսավորել քաղաքականությունը՝ ռազմավարական համաձայնագրեր կնքելով նաև Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի հետ։ Գրեթե նույն մակարդակով պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գերմանիայի հետ։ Մելքոնյանը կարծում է, որ բալանսավորման քաղաքականության շրջանակում կարևոր է նաև  ռազմավարական գործակցությունը Հնդկաստանի ու Իրանի հետ՝ հիշեցնելով, որ Չինաստանի հետ այդ ուղղությամբ քայլեր արդեն արվել են։     

Leave a Comment