«Կառուցապատողները նախազգուշացվում են շինարարական հրապարակները պատշաճ կազմակերպելու և կահավորելու համար»

Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2023թ. սկսած լայնածավալ վերանորոգման և վերազինման աշխատանքներ են իրականացվել: Ընդհանուր առմամբ վերանորոգվել է շուրջ 3900 քմ տարածք: Ծրագիրը հնարավորություն է տվել էապես բարելավել մատուցվող ծառայությունների որակը և ապահովել անվտանգ ու հարմարավետ միջավայր՝ քաղաքացիների ու անձնակազմի համար:
***
Շենգավիթ վարչական շրջանի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք 12 տարածքում կկառուցվի թափառող /անտուն շների կացարան: Երևանում հայտարարվել է թափառող շների համար նախատեսված առաջին պետական կացարանի շինարարության մրցույթը: Կացարանի նախագիծը կազմվել է հաշվի առնելով միջազգային հաջողված փորձը:

***
Ավան վարչական շրջանում կկառուցվի 6 խմբանի նոր մանկապարտեզ: Շինաշխատանքները նախատեսված են իրականացնել 2026թ. Երևան համայնքի բյուջեով: Եռահարկ շենքն ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության և ջեռուցման համակարգերով: Տանիքում տեղադրվելու են արևային ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր: Շենքում նախատեսվում է տեղադրել հակահրդեհային ահազանգման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր: Բակում նախատեսված է կառուցել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ:

***
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոնում հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների համար: Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում։
Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։

***
Երևանում ավարտվել են միջին նորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել՝ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան, Հրաչյա Քոչար, Գյուլբենկյան փողոցներում, Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում և Գայի պողոտա-Մյասնիկյան պողոտա տրանսպորտային հանգույցի էջքերում, Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում, Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի տրանսպորտային հանգույցի էջքերում, Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի և Եղվարդի խճուղու տրանսպորտային հանգույցի էջքերում:

Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ իրականացվել են նաև դիտահորերի և հեղեղատարների փոխարինման և նիշերի ուղղման աշխատանքներ:

***
Կառուցապատվող շինարարական օբյեկտներում պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են շրջայցեր իրականացնել, որի շրջանակում կառուցապատողները նախազգուշացվում են շինարարական հրապարակները պատշաճ կազմակերպելու և կահավորելու համար:
Կան կառուցապատողներ, որոնք արդեն իսկ կազմակերպել են նշված պահանջների կատարումը, մասնավորապես՝ «Անիպրեմիում Դիվելոփմենթ», «Ռենշին», «Գյուրջյան այգիներ», «Օրդ Դիվելոփմենթ», «Մլ Մայնինգ», «Կամ Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությունները և «Լույսեր» ՓԲ ընկերությունը։
***
Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհի հիմնական փլուզված հատվածը կառուցապատող «Սահակյան Շին» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է, և ներկայումս ապահովված է նշված ճանապարհի երկու երթևեկելի գոտիներով տրանսպորտային միջոցների անցանելիությունը։ Նշված ճանապարհի լիովին շահագործումը հնարավոր կլինի հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքների ավարտին զուգընթաց։

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment