Հայ մարդու վրա կիրառվում է համակարգված հոգեբանական ճնշումներ՝ նպատակը հուսահալքության, անօգնականության և պարտության զգացում ստեղծելն է. Վազգեն Պետրոսյան

Համակարգված հուսալքություն. ինչպես է ճանաչողական պատերազմը կոտրում հասարակական դիմադրությունը

 Այս աշխարհի «հզորների» համար այսօր պատերազմների հիմնական ռազմադաշտը մարդու գիտակցությունն է։ Ժամանակակից «ճանաչողական պատերազմը» (cognitive warfare) հետապնդում է մեկ նպատակ՝ փաստերի մանիպուլացման միջոցով վերաձևել հասարակության մտածողությունը և ստեղծված հետճշմարտության օգնությամբ պարբերաբար փոխելով իրականության ընկալումը վերջնականապես ջնջել դիմադրողականության ներքին ռեսուրսը։

 Հայաստանի դեպքում այսօրինակ պատերազմը արդեն դարձել է քաղաքական և պետական իշխանության անվտանգության ապահովման սպառնալիք։ Մեր հասարակության և հայ մարդու վրա, վերջին տասնամյակում կիրառվող համակարգված հոգեբանական ճնշումները նպատակ ունեն հուսահալքության, անօգնականության և պարտության զգացում ստեղծել ու հենց դրանով իսկ կանխել որևէ դիմադրության ձևավորումը։

 Ճանաչողական պատերազմի հիմնական մեխանիզմը «սահմանումների փոփոխությունն» է։ Երբ թշնամին փորձում է հասնել նրան, որ․
• «դիմադրությունը» ընկալվի որպես «վնաս», կամ «ահաբեկչություն»
• «կառավարումը»՝ որպես «տրտունջ», կամ «տգետների կողմից առաջնորդին չգնահատելու երևույթ»
• պարտվողականությունը՝ որպես «խաղաղություն»։
• հիշողությունը, հատկապես պատմական՝ որպես «ծանր բեռ» և «տգետների մենաշնորհ» կամ «ինքնադրսևորման ձև»
Այս մեխանիզմը մարդկանց ստիպում է կորցնել իրականության զգացումը և ապավինել ոչ թե փաստերին, այլ պարտադրված հետճշմարտությամբ հագեցված մեկնաբանություններին։
Հայաստանի դեպքում իշխանությունը գործում է ըստ այդ մեխանիզմի՝ ազգային շահերը ստորադասելով սեփական շահերին։ Ուստի հասարակության ցանկացած առողջ քննադատություն ներկայացվում է որպես «դավադրություն», «խոչընդոտում» կամ «հակապետական քայլ»։

 Քաղաքական հոգեբանության մեջ վաղուց ուսումնասիրված է «սովորած անօգնականության դրդումը» (learned helplessness motivation)՝ մեխանիզմը, որի նպատակը հասարակության դիմադրողականությունը վերացնելն է։

 Այս մարտավարության երկու հիմնական թիրախներն են ժողովուրդը, որը նպակադրված չի սոցիալականացվում և էլիտան։
Ճանաչողական պատերազմի վարման գործընթացի հիմնական դերակատար վարձկան մեդիան ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացնում է երեք քայլ․

 Խնդիրների չափազանցում և անվերջ խավարի մթնոլորտ
Ժողովուրդը միշտ պետք է զգա, որ ոչ մի ելք չկա, որ ամեն ինչ վատ է, որ ապագան խավար է։
Դիտավորյալ ներկայացվում են միայն կորուստները՝ առանց լուծումների։

 Անիրատեսական «իդեալական արտաքին աշխարհի» գովք
Պարբերաբար ստեղծվում է համեմատություն՝
«Այլ երկրներում ամեն ինչ կատարյալ է, միայն այստեղ՝ հակառակը»։
Սա դառնում է հոգեբանական բեռ և խորացնում անհուսության զգացումը։

 Կործանարար անալոգիաների պարտադրում
Հասարակությունը դրվում է մի մտավոր թակարդի մեջ, որտեղ
«այլ ճանապարհ չկա»-ն ամենատարածված ուղերձն է։
Այս ամենի նպատակն է՝ հասարակության մեջ պարտության և անզորության համընդհանուր զգացում ձևավորելը։

 Մտավորականությանը վերածում են «տրտնջացող» էլիտաների, որոնց խնդիրը դառնում է «ճգնաժամ ներկայացնելը»։ Համազգային օրակարգ ձևավորելու փոխարեն, նրանք ինքնաբերաբար կամ միտումնավոր ամրապնդում են թշնամու ուղերձները՝
• անվերջ հիասթափություն տարածելով,
• սեփական հասարակությանը մեղադրելով,
• «ճգնաժամի անխուսափելիության» գաղափարը ներմուծելով։

 Սա ոչնչացնում է հասարակության ամենակարևոր ակտիվը՝ համընդհանուր հույսը և սեփական տեսակի կարողունակ ու գործունակ լինելու հավատը։ Իսկ հաջորդիվ ճգնաժամի ընթացքում «տրտնջացող էլիտան» դառնում է
• թշնամու գործակալ՝ իրականացնելով հոգեբանական գործառույթներ, ոչ կոմպետենտ առաջնորդ, որը չունի ճգնաժամային կառավարման հմտություններ և արդյունքում նպաստում է թշնամու շահերին։

 Երկու դեպքում էլ հասարակությունը իր իսկ ընտրած առաջնորդին մերժելով որդեգրում է «անտերության» զգացում, ինչը ոչ միայն խորացնում է անօգնականությունը, այլև գործող առաջնորդին և վարչախմբի համար ստեղծում է «փափուկ ուժ» դառնալու լայն հնարավորություն Այս երևույթը, իր բազմամակարդակ դրսևորումներով, ազգային անվտանգության սպառնալիք է։

 Ի վերջո, երբ հասարակությունը կորցնում է իր դիմադրությունը, թշնամին առանց կրակոցի կարող է հասնել իր նպատակին, եթե չհայտնվի նոր էլիտա՝ «խելացի ուժ» իր պատմական հիշողությամբ, իր ռազմավարական մտածողությամբ:

 Ճանաչողական պատերազմի վերջնական նպատակը՝
անպաշտպան, պարտված հասարակություն։ Լուծումը ազգային դիմադրողականության վերականգնումն է՝ համակարգված հուսալքությունից ազատվելը, ինչի համար անհրաժեշտ է երկու առանցքային քայլ․
1. Մեդիագրագիտության և անկախ վերլուծության աճ
Հասարակությունը պետք է դուրս գա «միաձայն ողբի» դիսկուրսից և կարողանա տարբերակելով հետճշմարտություն ստեղծող փաստերը և ,ենթադրությունները մերժի նպատակային հասցեագրված մանիպուլյացիաները։
Սա կոտրում է տեղեկատվական մենաշնորհը և վերադարձնում վերահսկողությունը հանրությանը։
2. Հանրային պահանջի բարձրացում
Դիսկուրսը պետք է տեղափոխել «տրտնջոցից» դեպի
պահանջարկ, վերահսկողություն և քննադատության իրավունք։
Այս մոտեցումը ստիպում է քաղաքական ուժերին ներկայացնել ոչ թե պարտվողական, այլ հայակենտրոն, ապագային միտված ծրագրեր։

 Հասարակության ակտիվ, ինքնավստահ դիրքորոշումը կարող է խափանել ճանաչողական պատերազմի ամբողջ մեխանիզմը։ Այս պատերազմում հաղթելու միջոցը հասարակության մտավոր վերակազմավորումն է։
Երբ հասարակությունը հանրային դիսկուրսը «միաձայն ողբից» տանում է դեպի ակտիվ պահանջատիրության, պետությունը ստանում է պաշտպանունակություն, իսկ ապագան՝ իրատեսական հենարան։

Վազգեն Պետրոսյան

Leave a Comment