Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերվել հայտնի ամերիկացի ռեժիսոր և դերասան Ռոբ Ռայները և նրա կինը՝ Միշել Սինգեր Ռայները։ Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, զույգի մարմինները հայտնաբերվել են դեկտեմբերի 14-ին՝ Ռայներին պատկանող առանձնատանը, քաղաքի Բրենթվուդ հեղինակավոր թաղամասում։
Ոստիկանության նախնական տվյալներով՝ նրանց մարմինների վրա առկա են դանակի հարվածների հետքեր, և դեպքը քննվում է որպես հնարավոր սպանություն։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ շտապ օգնության կանչը ստացել է ժամը 15:30-ի սահմաններում, իսկ տան ներսում հայտնաբերվել են 78-ամյա տղամարդու և 68-ամյա կնոջ մարմիններ՝ առանց կյանքի նշանների։ Իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել զոհերի ինքնությունը, սակայն քննության շրջանակում հարցաքննվում է ընտանիքի անդամներից մեկը։
Գործով զբաղվում է Լոս Անջելեսի ոստիկանության սպանությունների և ավազակային հարձակումների քննության բաժինը։ Ռոբ Ռայները համարվում էր Հոլիվուդի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը․ նա ստեղծել է մի շարք խորհրդանշական ֆիլմեր՝ «This Is Spinal Tap», «A Few Good Men», «When Harry Met Sally», «The Princess Bride», ինչպես նաև հայտնի էր «All in the Family» հեռուստասերիալում իր դերակատարմամբ, որի համար արժանացել էր երկու «Էմմի» մրցանակի։ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը Ռայների մահը որակել է որպես ծանր կորուստ քաղաքի համար՝ ընդգծելով նրա մեծ ներդրումը ամերիկյան մշակույթի և հասարակական կյանքի մեջ։
Ռայները լեգենդար կոմիկ Կառլ Ռայների որդին էր, իսկ 1989 թվականից ամուսնացած էր լուսանկարիչ Միշել Սինգեր Ռայների հետ, ում հետ ուներ երեք երեխա։ Նշվում է, որ Բրենթվուդ շրջանում նման հանցագործությունները չափազանց հազվադեպ են․ Ռայների տունը գտնվում է մոտ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ 1994 թվականին սպանվել էին Նիքոլ Բրաուն Սիմփսոնը և Ռոն Գոլդմանը։