ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Քիչ առաջ ահազանգ ստացա քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Արթուր Առուստամյանից։ Պարզվում է`օրերս հերթական անգամ փորձ է արվել հանիրավի մեղադրանք ներկայացնել Վահագնին, որ, իբր, վերջինս ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է անունով։ Փաստաբանը մեզ հայտնեց, որ սպասել են մինչ 18 արդարների գործով վերջին դատական նիստին և այսօր նրան տեղափոխել են պատժախուց (հայտնի որպես «կարցեր»):
Սա մեր կողմից գնահատվում է իբրև նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում Վահագն Չախալյանի նկատմամբ։ Հայտնում եմ նաև, որ, չնայած այս ամենին, Վահագնը անկոտրում է, և ոչ մի նման քայլ նրան չի կարող հետ պահել պայքարից։
Մենք ամեն ինչ անելու ենք Վահագն Չախալյանի իրավունքների պաշտպանության համար։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։
Վահագն Չախալյանը գրում է.
Իմ կալանքի ընթացքում ինձ պատանդ վերցրած ռեժիմի կողմից մշտապես եղել են բազմատեսակ սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել ս.թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստից հետո:
Մասնավորապես՝ այս 5 ամիսներին հնարավորինս պաշտպանել եմ սառնասրտությունս եւ ողջամտորեն կարողացել եմ խուսափել սադրանքների արդյունքում վրա հասնող հնարավոր հետեւանքներից:
Միեւնույն ժամանակ, գիտակցում եմ, որ եթե ռեժիմը որոշել է նոր գործեր կարել եւ կալանքի մեջ կրկին կալանավորել, ապա դա վերջինիս համար ամբողջապես իրագործելի է:
Գիտակցելով վերոնշյալը եւ չխորանալով մանրամասների մեջ՝ հրապարակային հայտարարում եմ՝
Հնարավոր նոր քրեական գործի դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա:
Հարգանքներով՝ Վահագն Չախալյան
«Նուբարաշեն» ՔԿՀ 10.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: