ՌԴ-ում ամերիկյան Roblox խաղային հարթակի արգելքը՝ բողոքի ալիքի պատճառ․  արևմուտքում քաղաքական ենթատեքստ են տեսնում

Ռուսական «Ռոսկոմնադզորի» որոշումը` արգելելու հանրաճանաչ Roblox խաղային հարթակը, ոչ միայն դիտարկվել է որպես խաղային պլատֆորմի սահմանափակում, այլ նաև լուրջ հասարակական արձագանք է առաջացրել։ 

Գերմանական DW պարբերականը վերլուծել է, թե ինչն է դրդել Ռուսաստանի իշխանություններին նման որոշում կայացնելու․ ի՞նչ ռիսկ ու խնդիր են տեսել։ Ամեն դեպքում արգելքը ՌԴ-ում բողոքի լուրջ ալիք է առաջացրել, իսկ Արևմուտքում այս որոշմանը քաղաքական լուրջ ենթատեքստեր են վերագրում։

Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզորը» երկրում արգելել է ամերիկյան Roblox խաղային հարթակը՝ որոշումը հիմնավորելով սեռական փոքրամասնությունների, քարոզչության, ծայրահեղականության և ահաբեկչության տարածման հիմնավորումներով՝ գրում է գերմանական հեղինակավոր DW պարբերականը՝ այս մոտեցման հիմքում քաղաքական մոտեցումներ տեսնելով։

Robloxը հսկա առցանց հարթակ է, որտեղ երեխաներն ու մեծահասակները ինքնուրույն ստեղծում են խաղեր, խաղում ուրիշների ստեղծած խաղերը և շփվում միմյանց հետ պարզ ծրագրավորման մակարդակով։ Այդ խաղը Ռուսաստանում շատ է տարածված է, և Ռուսաստանի իշխանությունները չէին սպասում, որ դրա արգելքն այդօրինակ մեծ բողոք ու վրդովմունք կառաջացնի։ DW-ն ռուսաստանցի իշխանամետ պրոպագանդիստ Ելենա Միզուլինայի պնդումներն է մեջբերել.

«Ինձ գրում են տասնյակ հազարավոր մարդիկ, և յուրաքանչյուր երկրորդը գրում է, թե երեխաներն անգամ ուզում են հեռանալ երկրից։ Նույնիսկ Պուտինին նրա ավանդական ամենամյա մամուլի ասուլիսի նախօրեին բառացիորեն հեղեղել են ու «խեղդել» բողոքներով»։

DW պարբերականի սյունակագիր, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Իվան Պրեոբրաժենսկին անհասկանալի է համարում ռուսական իշխանությունների տրամաբանությունը, թե ինչու են Roblox խաղն այդքան վտանգավոր համարում, այսպես ասած՝ գրաքննում և պնդում, թե  դա երեխաներին դրդում է վատ, ագրեսիվ ապագայի մասին մտածել։    

«Roblox-ում կարելի է ոչ միայն ստեղծել սեփական խաղերը, այլև բառացիորեն՝ սեփական տիեզերքները։ Իմ որդին էլ է խաղում ու նույնիսկ խորհրդակցել է ինձ հետ։ Դա զարգացման համար շատ օգտակար բան է՝ հակառակ նրա, ինչ հաճախ ասում են համակարգչային խաղերի մասին։ Եվ այն, իհարկե, տալիս է ծրագրավորման մասին հիմնական պատկերացումներ»։

Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ խաղի առաջացրած ենթադրյալ վատ մոտիվացիաները միակ խնդիրը չեն «Ռոսկոմնադզորի» համար։ Խնդիրն այն է, որ Roblox-ն  շփման առանձին հսկա հարթակ է։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանում մեկը մյուսի հետևից արգելափակվում են մեծահասակների համար նախատեսված մեսինջերներն ու ծրագրերը, Roblox-ը կարող էր դառնալ դրանց ոչ ֆորմալ փոխարինող։ Խաղում հնարավոր է նաև շփվել՝ շրջանցելով գրաքննության ցանկացած մեխանիզմ։ Սա արդեն այնպիսի միջավայր է, որը, բնականաբար, մտահոգում է հատուկ ծառայություններին»։

Հետևաբար, փորձագետը եզրահանգում է, որ արգելքի ամենահավանական «հեղինակը» ռուսական հատուկ ծառայություններում նստած «լուրջ քեռիներն են»։ Մյուս կողմից վերլուծաբանը նկատում է, որ քչերն էին սպասում, որ ռուսաստանցի երեխաները և դեռահասները կարող են այսքան արագ քաղաքականացնել իրենց դժգոհությունը. սոցցանցերում արագորեն տարածվել են երեխաների կողմից ստեղծված վիրտուալ բողոքի ակցիաների տեսանյութեր։ Youtube-ում և TikTok-ում հայտնվել են արհեստական բանականությամբ գեներացված «երթեր», իսկ «Ռոսկոմնադզորի» անունը դարձել է լայնորեն օգտագործվող մեմ։ Այս կառույցին ծաղրում են reels-երում, shorts-երում, TikTok-ում՝ թե՛ բանաստեղծություններով, թե՛ արձակով։ Հեգնանքի մեկ այլ տարածված արտահայտություն է՝ «կփախչեմ Բելառուս, այնտեղ Roblox կարելի է խաղալ»։

DW-ն նկատում է, որ իրավիճակն այնքան է սրվել, որ նույնիսկ իշխանամետ  փորձագետները ստիպված են զգուշացնել Կրեմլին, որ այս արգելքը կարող է հակաիշխանական տրամադրություններն ավելացնել։ Պետդումայում էլ արդեն կան առաջարկներ հնարավորինս կարճ ժամկետում  ստեղծել այսպես ասած «հայրենական Roblox»՝ եղածի ռուսական անալոգը։ Փորձագետ Իվան Պրեոբրաժենսկին DW-ի իր սյունակում հիշեցնում է.

«Նման իրավիճակ եղավ նաև «կվադրոբերների» շուրջ, երբ Ռուսաստանի ղեկավարը TV-շոուում քննարկում էր հերթական «բարոյական վտանգը», որը նույնպես արագ մարեց՝ առանց լուրջ հետևանքների»։  

Պրեոբրաժենսկու ենթադրությամբ՝ նույնը կարող է լինել նաև Roblox-ի դեպքում։ Նրա խոսքով՝ ռուսական  պետությունը սովորաբար խուսափում է առճակատումից այն դեպքերում, երբ հասարակական դժգոհությունն ակնհայտ է։ Փորձագետը կանխատեսում է, որ իշխանությունները  կփորձեն ժամանակավոր զիջման գնալ, ավելի ուշ՝ ավելի կտրուկ ճնշելով բողոքները։ Ամեն դեպքում ամերիկյան խաղային հարթակի արգելքի քաղաքական ենթատեքստ շարունակում են տեսնել տարբեր ԶԼՄ-ներ՝ սա  դիտարկելով ՌԴ կողմից մեսինջերների ու շփման հարթակների արգելափակման համատեքստում։

Leave a Comment