Փաշինյանի այդ համեմատությունը ուղղակի հարված է Արցախի ժողովրդի հավաքական իրավունքներին. Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

– Պարո՛ն Հակոբյան, նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Արցախի ներկայացուցչության շենքում: Կատարվածն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ առգրավեցին շենքից, և ի՞նչ նպատակով էր խուզարկությունն իրականացվել:

– Որևէ պաշտոնական բացատրություն չի տրվել, քանի որ շենք էլ մուտքն արգելված էր, որովհետև քննչական գործողություններ էին ընթանում, մանրամասն տեղեկությունների չենք տիրապետում, բայց փաստաբանի խոսքերից, որոնք տրվեցին այդ գործողություններն իրականացնելու ընթացքում, պարզվեց, որ դա հիմնադրամների, զուտ տնտեսական ինչ-որ գործի հետ կապված խուզարկություն էր, ու դա Արցախի ներկայացուցչության հետ կապված որևէ բան չէր պարունակում: 

Այդուհանդերձ ես կարծում եմ, որ եթե Արցախի ներկայացուցչությունում իրենց հետաքրքրող նյութերը լինեին, ապա իրենց փնտրած այդ փաստաթղթերը ընդամենը մեկ գրությամբ կարող էին ստանալ, ու կարիք չկար նման սարսափազդու ինչ-որ գործողություններ անել: 

Կատարվածի հիմքում ավելի շատ ընկած է այն հանգամանքը, որ ևս մեկ անգամ ցույց տան, թե Արցախի հարցը փակված է, թե այս երկրում ընդհանրապես չի կարելի Արցախ վերադարձի մասին խոսել: Կարծում եմ, պատահական չէր, որ այս գործողությունը հաջորդեց Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած լսումներին, որոնք նվիրված էին Արցախ վերադարձի հնարավորություններին: 

– Կարծում եք, որ եթե այդ քննարկումը չլիներ, այդ դեպքը չէ՞ր լինի:

– Իհարկե չէր լինի: Ես համոզված եմ, որ անկախ այն բանից, թե ինչ գործողություն կանեն Արցախի ներկայացուցչությունում, ընդհանրապես կխոսեն թե չեն խոսի Արցախ վերադարձի մասին, իշխանության ներկայացուցիչները կանոնավորապես առաջ են տանում իրենց այն տխրահռչակ թեզը, թե մենք այլևս խաղաղության դարաշրջանում ենք ապրում, Արցախի հարցն էլ մեզ համար փակ է, վերադարձի հարցը՝ առավել ևս: 

– Գերմանիայում լրագրողների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկ է ներկայացրել Ալիևին միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։ Այս հավասարության նշան դնելը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հետագայում արցախահայության համար: 

– Նախևառաջ դա պատմական արդարության ոտնահարում է, որովհետև որևէ կերպ չի կարելի բնիկ ժողովրդի հավաքական իրավունքները, որ ունի Արցախի ժողովուրդը Արցախում, համեմատել ու բերել հավասարեցնել ինչ-որ բնակավայրից դուրս եկած բնակչության, անհատների իրավունքների հետ: 

Բազմիցս ենք այդ մասին ասել, որ երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերադարձի մասին, ապա մենք դրան համարժեք պետք է հակադարձենք, թե այդ պարագայում ինչպե՛ս է պաշտպանված ու պաշտպանվելու Բաքվից, Սումգայիթից, Գանձակից դուրս եկած մեր հայրենակիցների իրավունքները, որովհետև այնպես, ինչպես ադրբեջանցիներ էին ապրել Հայաստանում, այնպես էլ մեր հայրենակիցներն են ապրել նշածս քաղաքներում: 

Թերևս այս համեմատությունը կարելի է տանել, բայց Հայաստանում ապրած ադրբեջանցիների իրավունքները ու այդ երևույթը բերել հավասարեցնել Արցախից բռնի տեղահանված մեր ժողովրդի իրավունքների հետ, ուղղակի խեղաթյուրում է պատմական արդարությունը, դա ուղղակի հարված է Արցախի ժողովրդի հավաքական իրավունքներին, Արցախը՝ որպես իրենց պատմական հայրենիք լինելու փաստին ու մարդու՝ իր պատմական հայրենիք վերադառնալու իրավունքներին: Անթույլատրելի է նման համեմատություն տանելը, առավելևս երբ դա հնչում է ՀՀ իշխանության ղեկավարի մակարդակով: 

– Իսկ Փաշինյանն ի՞նչ է փորձում ստանալ Ադրբեջանից այս առաջարկի դիմաց: 

– Բացարձակապես ոչինչ չի ուզում ստանալ, նա փորձում է ևս մեկ անգամ վերահաստատել այն միտքը, որ Արցախի հարց որպես այդպիսին չկա, Արցախի ժողովրդի վերադարձի հարց որպես այդպիսին չկա: Որևէ դրական բան Հայաստանը չի կարող ստանալ այս խոսույթից, փոխարենը ստանալու է բացասական հետևանքներ: 

– Պարո՛ն Հակոբյան, իսկ Ադրբեջանը կընդունի՞ այդ առաջարկը:

– Արդեն երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանը որևէ առաջարկ չի ընդունում, այլ առաջադրում է իր պայմանները, իսկ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ կատարում են դրանք՝ փաթեթավորելով այդ ամենը իբրև Հայաստանի շահերից բխող իրողություններ ու ներքին պահանջ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment