ԵՄ խորհուրդը հաստատել է «Գլոբալ դարպասներ»-ի 2026 թ. նախագծերի ցանկը

Դեկտեմբերի 10-ին Եվրոպական միության խորհուրդը հաստատեց «Գլոբալ դարպասներ»-ի (Global Gateway) 2026 թվականի առաջատար նախագծերի ցանկը, որն այժմ ներառում է 256 նախաձեռնություն։

Այդ նախագծերն իրականացվում են թվային տեխնոլոգիաների, կլիմայի եւ էներգետիկայի, տրանսպորտի, առողջապահության, կրթության եւ հետազոտությունների ոլորտներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։

Ի տարբերություն նախորդ տարիների, 2026 թվականի ցանկում նոր առաջատար նախագծեր ընդգրկված չեն։ Փոխարենը, այն կենտրոնանում է առաջատար նախագծերի առկա պորտֆելի վրա, համախմբում եւ պարզեցնում է դրանք՝ «լավագույնս ներկայացնելու «Գլոբալ դարպասներ»-ի ազդեցությունը եւ ապահովելու դրա առաջընթացի ավելի արդյունավետ մշտադիտարկում», – ասվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ:

Ցանկը ներառում է «Սեւծովյան ստորջրյա թվային մալուխ» նախագիծը, որին մասնակցում են Վրաստանը եւ Հայաստանը, ինչպես նաեւ «ԵՄ-Ուկրաինա համերաշխության ուղիներ» եւ «Կրիտիկական հումքի հետախուզման կենտրոն» նախագծերը, որոնց մասնակցում են Մոլդովան եւ Ուկրաինան։

Հայաստանում «Գլոբալ դարպասներ»-ն աջակցում է Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի (Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք) եւ Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի (Ազատ տնտեսական գործունեության կենտրոն) նախագծերին։

Վրաստանում «Գլոբալ դարպասներ»-ն աջակցում է «Սեւծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախագծին՝ Հարավային Կովկասից ԵՄ կանաչ էներգիա արտահանելու համար։

Մոլդովայում «Գլոբալ դարպասներ»-ն աջակցում է «GrCF2 W1 – Ջերմային էներգիա. Քիշնեւի կենտրոնացված ջեռուցում», «Մոլդովայի եւ Ռումինիայի փոխկապվածություն – Փուլ II», «Բելցիի շրջանային հիվանդանոց» եւ «Մոլդովայի ճանապարհների վերականգնում V» նախագծերին։

Ուկրաինայում «Գլոբալ դարպասներ»-ն աջակցում է «Շենքերի էներգետիկ արդյունավետություն», «Ուկրէներգոյի էլեկտրաէներգիայի փոխանցում եւ այլ ընկերություններին աջակցություն» եւ «Ապագայի եւ հույսի վերականգնում՝ նախադպրոցական կրթության արդիականացում» ծրագրերին։

ԵՄ-ի «Գլոբալ դարպասներ» ռազմավարությունը խթանում է պետական ​​եւ մասնավոր ներդրումները ենթակառուցվածքների, կանաչ էներգիայի, կրթության եւ հետազոտությունների ոլորտներում՝ հանուն ամբողջ աշխարհում կայուն զարգացման եւ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցությամբ։

Նախաձեռնության սկզբնական նպատակն էր 2021-2027 թվականների ընթացքում ամբողջ աշխարհում մոբիլիզացնել մինչեւ 300 միլիարդ եվրոյի ներդրումներ։ 2025 թվականի հոկտեմբերին Հանձնաժողովը հայտարարեց այս նպատակին հասնելու մասին եւ սահմանեց նոր նպատակ՝ մինչեւ 2027 թվականը մոբիլիզացնել 400 միլիարդ եվրոյի ներդրումներ։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment