ԵԱՏՄ նիստի քաղաքական տողատակերը․ գործընկերների իրավունքները հարգում են, բայց ընտրություն կատարելու կոչ անում

Քաղաքականության դիվերսիֆիկացիայի լավ օրինակ է օրեր առաջ անվանել Հայաստանի վարչապետն այն փաստը, որ արևմտյան հարթակներում տարբեր հանդիպումներից և պայմանագրեր կնքելուց հետո շատ հանգիստ մեկնում է Մոսկվա՝ աշխատանքային այլ՝ տնտեսական օրակարգ քննարկելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի հիմնական նպատակը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն էր։ Տնտեսական բնույթի հարցերի քննարկման ժամանակ եղել են նաև քաղաքական տողատակեր։

ԵՄ-ի, ապա Գերմանիայի հետ ռազմավարական գործակցության օրակարգերը փաստաթղթավորելուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Դա վերջինն էր այս տարվա համար, սակայն կասկած չկա, որ Հայաստանը 2026-ին էլ է լինելու տնտեսական այդ կառույցի անդամ, թեև տևական ժամանակ է, ինչ ԵԱՏՄ հարթակի գործընկերները, այսպես ասենք, խանդով են վերաբերվում Հայաստանի կողմից հարաբերությունների դիվերսիֆիկացմանը։  

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հերթական հայտարարությունը լրագրողների հետ զրույցի ժամանակ զգուշացման պես է հնչել։

ԵՄ և Եվրասիական տնտեսական միության միջև Հայաստանի կողմից ինչ-որ պահի ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին խոսելիս Ռուսաստանի փոխվարչապետը վկայակոչեց թվերը։ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը զգալի անկում է ապրել 2025 թ․։ Եթե նախորդ տարի երկրների միջև առևտրաշրջանառությունը 12,4 մլրդ դոլար էր, ապա այս տարի այն կկազմի մոտ 6 մլրդ դոլար։ Օվերչուկի համար դա ապացույց է, որ ռուսաստանյան բիզնեսը զգուշավոր է Հայաստանի նկատմամբ։

Երկու ինտեգրացիոն միավորումներից մեկն ընտրելու անհրաժեշտության մասին Մոսկվայից հնչող մշտական ակնարկներին Հայաստանի վարչապետը վերջին անգամ պատասխանել էր մոսկովյան այցից առաջ․

«Մենք հասկանում ենք, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ  կետ, որ պետք է որոշում կայացնենք, բայց այսօր այդ կետը չէ։ Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Եթե չկա այսօր այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնենք այդ որոշումը։ Այսինքն` երբ գա այդ որոշումը, որ հասել ենք այդ կետին և պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք որոշումը»։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Փաշինյանն արդեն խոսում էր այն մասին, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը՝ դա  դիտարկելով որպես համաշխարհային տնտեսության մեջ կազմակերպության դերի հետագա ամրապնդման հիմնական գործոն։ Ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի կնքումը նույնպես կարևոր համարեց ԵԱՏՄ մրցունակության բարձրացման առումով՝ դա բացատրելով  երկրների համար տնտեսական աճի նոր հնարավորություններով։

Վարչապետը մոսկովյան ելույթի մի հատվածը նվիրել է տրանսպորտի և լոգիստիկայի հարցերին, տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը լրացուցիչ խթան համարել առևտրաշրջանառության աճի համար:

«Տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական  գործակցության խորացման նոր հնարավորություններ, և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։ Այս կապակցությամբ ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։ Սա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակում ձեռք բերված կարևոր նվաճումներից է»։

ԵԱՏՄ հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու և բարենպաստ պայմաններ ստեղծելու համար Հայաստանի վարչապետը խորհուրդ տվեց կենտրոնանալ էլեկտրոնային առևտրի զարգացման թվային լուծումների հետևողական ներդրման վրա։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Փաշինյանը  վերահաստատել է գործակցության առումով Հայաստանի  պատրաստակամությունը՝ շեշտելով փոխշահավետությունը։

ԵԱՏՄ-ում հարգում են ամեն պետության սեփական զարգացման մոդելի իրավունքը, և հաշվի են առնում բոլոր անդամների շահերը՝  նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Միաժամանակ նա մասնակիցներին ՌԴ նախագահի անունից փոխանցել է, որ ինտեգրացիոն միավորումը Եվրասիայի տարածքում իրական ներդրում են համարում ընդհանուր տարածքի երկրների աճի համար։

Տնտեսական ո՞ր միավորման մեջ է ի վերջո Հայաստանն իրեն պատկերացնում՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս հարցին ավելի վաղ պատասխանել էր․

«ԵՄ-ին անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, և մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսության դիմակայունությունը, մրցունակությունը բարձրացնելն է։ Էական չէ՝ Հայաստանը կլինի ԵՄ-ում, կլինի ԵԱՏՄ-ում, թե ուր կլինի։ Մեր տնտեսությունը պետք է մրցունակությունը ավելացնի, մեր արտադրողականությունը պետք է աճի, մենք պետք է բարդ ապրանքներ հնարավորինս շատ արտադրենք, մենք պետք է հնարավորինս բարձր և մրցունակ ծառայություններ մատուցենք և մեր խնդիրը մեր երկրի դիմակայունությունը ավելացնելն է»։

Վերադառնալով ԵԱՏՄ աշխատանքներին․ համատեղ աշխատանքներն առաջիկայում ավելի տեսանելի կլինեն՝ վստահեցնում են կառույցում, քանի որ այս տարի սկսվել է գործնականորեն կիրառվել ազատ առևտրի պայմանագիրը Իրանի հետ, գործակցության պայմանագիր է կնքվել Արաբական Միացյալ Էմիրությունների և Մոնղոլիայի հետ, նոյեմբերի վերջին տեղի է ունեցել Հնդկաստանի հետ բանակցությունների առաջին փուլը։ Եվրասիական տնտեսական միավորումը այս տարբերակով է փորձում դուրս գալ արտաքին շուկաներ։

ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները աշխատանքի ավարտին ստորագրել են ընդունված որոշումների արձանագրությունները: 2025–ին կառույցում Բելառուսի նախագահությունը ավարտվեց, հաջորդ տարի կառույցի աշխատանքները կկազմակերպի և կնախագահի Ղազախստանը։

Ի դեպ, ուշագրավ փաստ՝ Բելառուսի նախագահությունից։ Երկրի վարչապետը ԵԱՏՄ երկրներին հորդորել է հետևել Հայաստանի օրինակին։ Ալեքսանդր Տուրչինը խոսել է սննդի անվտանգության խնդրի մասին։ Այս թեման չափազանց կարևոր և զգայուն է բոլոր անդամ պետությունների տնտեսությունների համար՝ նշել է Տուրչինը՝ տեղեկացնելով, որ միությունը գործարկել է գյուղատնտեսական բույսերի տեսակների միասնական գրանցամատյան։

Բելառուսը ներբեռնել է 7 հազար բուսատեսակի տվյալ՝ ԵԱՏՄ տեղեկատվական պորտալում տեղադրելու համար։ Հայաստանն առաջինն է փորձարկել տեղեկատվական փոխազդեցությունը գրանցամատյանի շրջանակում. մյուսները դեռ պատրաստ չեն՝ ընդգծել է Բելառուսի վարչապետը՝ հորդորելով հետևել Հայաստանի օրինակին և ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների ու տնտեսության իրական հատվածի շահերի համատեղման լավ համակարգ։

Leave a Comment