«Օրենքի ընդունումից հետո ապահովագրության համար 300 դրամի և մյուս պահումները կիրականացվեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից, հունվար ամսվա ընթացքում»․ Անահիտ Ավանեսյան

«Սա մենք կքննարկենք հաջորդ տարվա բյուջետավորման շրջանակում․ այս տարվա մեր դիմելիության տեմպերից կախված կլինի։ Մեկնարկային տարին է, առաջին վեց ամիսների արդյունքները հնարավորություն կտան հաջորդ տարվա ավելի ճշգրիտ հաշվարկներն ունենալ»,-հարցին՝ 63-65 տարեկանները ե՞րբ են մտնելու ապահովագրական համակարգի մեջ, և ինչպիսի՞ կարգավիճակով են ընդգրկված ուսանողներն այդ համակարգում, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում այսպես պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում հանձնաժողովը հավանություն տվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին (երկրորդ ընթերցմամբ) և դրան հարակից նախագծերին։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ օրենսդրական փաթեթը մինչև լիագումար նիստը ներկայացնելը հնարավորություն կա որոշակի խմբագրական ուղղումներ իրականացնել։ Նաև նշեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջորդ օրվանից․ «Ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիսը կդիտարկվի նոյեմբերը, որովհետև դեկտեմբերը աշխատավարձերի և պարգևավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղվող ամիս է։ Դրա համար դիտարկում ենք նոյեմբերը։ Օրենքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերին, որպես հաշվարկային աշխատավարձի բազա կդիտարկվի նոյեմբեր ամիսը։ Վճարման առաջին ամիսը կլինի հունվարը՝ մինչև հունվարի 20-ը։ Հաշվարկը կիրականացվի դեկտեմբեր ամսվա հաշվարկի հիման վրա։ Այսինքն՝ 300 դրամի պահումը կամ մյուս սանդղակաների պահումները կիրականացվեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից, հունվար ամսվա ընթացքում։ Փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20-ը»։

Անահիտ Ավանեսյանն ասաց՝ ուսանողներն այս պահին պարտադիր ապահովագրման համակարգ չեն մտնում․ «Նրանք ևս կներառվեն 2028-ից։ Մինչև այս շրջանը նրանք վճարման պարտավորություն չունեն»։

Հարցին՝ ի՞նչն է տարբերությունն այսօր առաջարկվող փաթեթի և արդեն գործող սոցփաթեթի միջև, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Սոցփաթեթների շահառուները սրտանոթային հիվանդությունների մասով՝ քրոնիկ վիճակների և վիրաբուժական հատվածով սահմանափակ ծառայություններ ունեն․ օրինակ՝ ռիթմավար սարքեր, բաց վիրահատություններ․ այս ամենից սոցփաթեթի շահառուներն օգտվել չէին կարող։ Հաջորդիվ քիմիաթերապևտիկ դեղերի փաթեթներն են։ Մինչև 300․000 դրամ էր փոխհատուցումը, հիմա այն դառնում է 1 միլիոն 300 հազար դրամ։ Սոցփաթեթի հաշվարկված գները 2017-ին է իրականացվել, և ինքնարժեքները, անգամ պետպատվերի փոխհատուցման գները բավականին փոփոխվել են։ Այս փաթեթի շրջանակներում հավասարեցվել է․ արդեն չկա՝ սա սոցփաթեթի շահառու է, թե 65 պլյուս տարիքի, նրանց համար հաշվարկվել է հավասար փոխհատուցման արժեք ծառայության դիմաց»։

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment