ՔՊ-ն՝ 16.5%, «Մեր ձևով» շարժումը՝ 7.2%․ ԳԵԼԼԱՓ-ի հարցման արդյունքները – Live News

Հարցման արդյունքներով ամենաբարձր վարկանիշ ունի ՔՊ–ն, որը կազմում է 16.5%, որը սակայն նախորդ հարցման համեմատ նվազել է։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ հարցը հնչել է այսպես. «Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք»։

«16.5%–ը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ Այստեղ  0.7– 0.8%-ի նվազում իրենք ունեն։ «Մեր ձևով» շարժումը 7.2% է, այստեղ ունենք բավականին մեծ բացասական փոփոխություն։ Նախորդ մեր հարցումները մենք իրականացրել էինք օգոստոսի վերջին, և իրենք գրանցել էին բավականին թռիչքային աճ՝ 13.2%, որը 5 անգամ ավելի էր հունիսի վերջում իրականացված հարցումների համեմատ։ Այդ աճը, ցավոք սրտի, բացի նրանից, որ չի պահպանվել, այլև անկում է ապրել։ Ես կարծում եմ՝ իրենք պետք է բավականին լուրջ ուշադրություն դարձնեն այն ձևաչափին և բովանդակությանը, որով աշխատում են։

Հաջորդը «Հայաստան» դաշինքն է 6.8%–ով. Այստեղ մի փոքր դրական շարժ կա։ ԲՀԿ–ն բավականին երկար ժամանակատվածում գրանցում է դինամիկ աճ և 4.5% է։

Եթե ուշադրություն եք դարձնում այս 4 ուժերը հաղթահարում են ԱԺ-ում հայտնվելու շեմը։

«Դոկ» կուսակցությունը շատ մոտ է այդ շեմին՝ 3.8% և իրեն ևս կարելի է դասել այդ ցուցանիշի մեջ, որովհետև մենք այստեղ ունենք «հրաժարվում են պատասխանել» կամ «դժվարանում են պատասխանել» ցուցանիշներ, և կարծում եմ այստեղ կա մարդկանց որոշակի քանակություն, որոնք չեն ասում, բայց որոշել են, թե ում են տալու իրենց ձայնը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2.7% է, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 2.3%։

«Միասնության թևեր» կուսակցությունը, որը որ վերջերս է ստեղծվել 1.5% է, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1.5%, ՀՅԴ-ն՝ 1.4%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 1.2% և Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն՝ 1.2%։

«Այլ» նշել են 2.4%, հրաժարվել են պատասխանել այս հարցին 10.6%-ը, դժվարացել են պատասխանել 22.4% և «ընդհանրապես չեմ քվեարկի» նշել էլ 14.1%-ը»,–ասաց Նավասարդյանը։

Նշենք, որ հեռախոսային հարցումներին մասնակցել է 1001 մարդ, հետազոտության ընտրանքի սխալը 3%։ Հետազոտությունն իրականացվել է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5–ը։

Leave a Comment