Համակարգված հուսալքություն. ինչպես է ճանաչողական պատերազմը կոտրում հասարակական դիմադրությունը
Այս աշխարհի «հզորների» համար այսօր պատերազմների հիմնական ռազմադաշտը մարդու գիտակցությունն է։ Ժամանակակից «ճանաչողական պատերազմը» (cognitive warfare) հետապնդում է մեկ նպատակ՝ փաստերի մանիպուլացման միջոցով վերաձևել հասարակության մտածողությունը և ստեղծված հետճշմարտության օգնությամբ պարբերաբար փոխելով իրականության ընկալումը վերջնականապես ջնջել դիմադրողականության ներքին ռեսուրսը։
Հայաստանի դեպքում այսօրինակ պատերազմը արդեն դարձել է քաղաքական և պետական իշխանության անվտանգության ապահովման սպառնալիք։ Մեր հասարակության և հայ մարդու վրա, վերջին տասնամյակում կիրառվող համակարգված հոգեբանական ճնշումները նպատակ ունեն հուսալքության, անօգնականության և պարտության զգացում ստեղծել ու հենց դրանով իսկ կանխել որևէ դիմադրության ձևավորումը։
Ճանաչողական պատերազմի հիմնական մեխանիզմը «սահմանումների փոփոխությունն» է։ Երբ թշնամին փորձում է հասնել նրան, որ․
- «դիմադրությունը» ընկալվի որպես «վնաս», կամ «ահաբեկչություն»
- «կառավարումը»՝ որպես «տրտունջ», կամ «տգետների կողմից առաջնորդին չգնահատելու երևույթ»
- պարտվողականությունը՝ որպես «խաղաղություն»։
- հիշողությունը, հատկապես պատմական՝ որպես «ծանր բեռ» և «տգետների մենաշնորհ» կամ «ինքնադրսևորման ձև»
Այս մեխանիզմը մարդկանց ստիպում է կորցնել իրականության զգացումը և ապավինել ոչ թե փաստերին, այլ պարտադրված հետճշմարտությամբ հագեցված մեկնաբանություններին։
Հայաստանի դեպքում իշխանությունը գործում է ըստ այդ մեխանիզմի՝ ազգային շահերը ստորադասելով սեփական շահերին։ Ուստի հասարակության ցանկացած առողջ քննադատություն ներկայացվում է որպես «դավադրություն», «խոչընդոտում» կամ «հակապետական քայլ»։
Քաղաքական հոգեբանության մեջ վաղուց ուսումնասիրված է «սովորած անօգնականության դրդումը» (learned helplessness motivation)՝ մեխանիզմը, որի նպատակը հասարակության դիմադրողականությունը վերացնելն է։
Այս մարտավարության երկու հիմնական թիրախներն են ժողովուրդը, որը նպատակադրված չի սոցիալականացվում և էլիտան։
Ճանաչողական պատերազմի վարման գործընթացի հիմնական դերակատար վարձկան մեդիան ժողովրդի դեմ հետևողականորեն իրականացնում է երեք քայլ․
ա) Խնդիրների չափազանցում և անվերջ խավարի մթնոլորտ
Ժողովուրդը միշտ պետք է զգա, որ ոչ մի ելք չկա, որ ամեն ինչ վատ է, որ ապագան խավար է։
Դիտավորյալ ներկայացվում են միայն կորուստները՝ առանց լուծումների։
բ) Անիրատեսական «իդեալական արտաքին աշխարհի» գովք
Պարբերաբար ստեղծվում է համեմատություն՝ «Այլ երկրներում ամեն ինչ կատարյալ է, միայն այստեղ՝ հակառակը»։ Սա դառնում է հոգեբանական բեռ և խորացնում անհուսության զգացումը։
գ) Կործանարար անալոգիաների պարտադրում
Հասարակությունը դրվում է մի մտավոր թակարդի մեջ, որտեղ «այլ ճանապարհ չկա»-ն ամենատարածված ուղերձն է։
Այս ամենի նպատակն է՝ հասարակության մեջ պարտության և անզորության համընդհանուր զգացում ձևավորելը։
Մտավորականությանը վերածում են «տրտնջացող» էլիտաների, որոնց խնդիրը դառնում է «ճգնաժամ ներկայացնելը»։ Համազգային օրակարգ ձևավորելու փոխարեն, նրանք ինքնաբերաբար կամ միտումնավոր ամրապնդում են թշնամու ուղերձները՝
- անվերջ հիասթափություն տարածելով,
- սեփական հասարակությանը մեղադրելով,
- «ճգնաժամի անխուսափելիության» գաղափարը ներմուծելով։
Սա ոչնչացնում է հասարակության ամենակարևոր ակտիվը՝ համընդհանուր հույսը և սեփական տեսակի կարողունակ ու գործունակ լինելու հավատը։ Իսկ հաջորդիվ ճգնաժամի ընթացքում «տրտնջացող էլիտան» դառնում է
- թշնամու գործակալ՝ իրականացնելով հոգեբանական գործառույթներ,
ոչ կոմպետենտ առաջնորդ, որը չունի ճգնաժամային կառավարման հմտություններ և արդյունքում նպաստում է թշնամու շահերին։
Երկու դեպքում էլ հասարակությունը իր իսկ ընտրած առաջնորդին մերժելով որդեգրում է «անտերության» զգացում, ինչը ոչ միայն խորացնում է անօգնականությունը, այլև գործող առաջնորդին և վարչախմբի համար ստեղծում է «փափուկ ուժ» դառնալու լայն հնարավորություն Այս երևույթը, իր բազմամակարդակ դրսևորումներով, ազգային անվտանգության սպառնալիք է։
Ի վերջո, երբ հասարակությունը կորցնում է իր դիմադրությունը, թշնամին առանց կրակոցի կարող է հասնել իր նպատակին, եթե չհայտնվի նոր էլիտա՝ «խելացի ուժ» իր պատմական հիշողությամբ, իր ռազմավարական մտածողությամբ:
Ճանաչողական պատերազմի վերջնական նպատակը՝ անպաշտպան, պարտված հասարակություն։
Լուծումը ազգային դիմադրողականության վերականգնումն է՝ համակարգված հուսալքությունից ազատվելը, ինչի համար անհրաժեշտ է երկու առանցքային քայլ․
- Մեդիագրագիտության և անկախ վերլուծության աճ
Հասարակությունը պետք է դուրս գա «միաձայն ողբի» դիսկուրսից և կարողանա տարբերակելով հետճշմարտություն ստեղծող փաստերը և ենթադրությունները մերժի նպատակային հասցեագրված մանիպուլյացիաները։
Սա կոտրում է տեղեկատվական մենաշնորհը և վերադարձնում վերահսկողությունը հանրությանը։
- Հանրային պահանջի բարձրացում
Դիսկուրսը պետք է տեղափոխել «տրտնջոցից» դեպի պահանջարկ, վերահսկողություն և քննադատության իրավունք։ Այս մոտեցումը ստիպում է քաղաքական ուժերին ներկայացնել ոչ թե պարտվողական, այլ հայակենտրոն, ապագային միտված ծրագրեր։
Հասարակության ակտիվ, ինքնավստահ դիրքորոշումը կարող է խափանել ճանաչողական պատերազմի ամբողջ մեխանիզմը։ Այս պատերազմում հաղթելու միջոցը հասարակության մտավոր վերակազմավորումն է։
Երբ հասարակությունը հանրային դիսկուրսը «միաձայն ողբից» տանում է դեպի ակտիվ պահանջատիրության, պետությունը ստանում է պաշտպանունակություն, իսկ ապագան՝ իրատեսական հենարան։
Վազգեն Պետրոսյան
Հայաստանի ժողովրդային շարժման համակարգող
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: