Չգիտեմ՝ մրցավարը որտեղ խախտում տեսավ․ Լեգիայի պաշտպան — Armsport.am

Վարշավայի «Լեգիայի» պաշտպան Արկադիուշ Ռեցան Երևանում կայացած «Նոայի» դեմ խաղից հետո Polsat Sport-ի հետ զրույցում չի կարողացել թաքցնել հիասթափությունը՝ խոսելով մրցավարական որոշումների, թիմային սխալների և ծանր հոգեբանական վիճակի մասին։

«Ինքս էլ չգիտեմ, թե այսօր ինչը չստացվեց։ Բոլորս գիտակցում ենք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Երևան էինք եկել լավ տրամադրությամբ, հաղթանակի քաղցով, բոլորս ցանկանում էինք հաղթել։

Արագ գոլ խփեցինք, և ես կարծում էի, որ դրանից հետո խաղալն ավելի հեշտ կլինի։ Հետո խփեցինք երկրորդը։ Չգիտեմ՝ այդ դրվագում մրցավարը ինչ տեսավ և որտեղ նկատեց կանոնների խախտում։ Հանդերձարանում վերլուծեցինք, թե ինչ պետք է շտկենք երկրորդ խաղակեսում, բայց իրականում խաղն այն տեսքը չունեցավ, ինչ պետք է ունենար։

Չգիտեմ ինչ ասել տանտերերի խփած երկրորդ գոլի մասին։ Այդ դրվագում մի քանի սխալ թույլ տրվեց, բայց չեմ ուզում «տաք գլխով» խոսել։ Կրկնապատկերը դիտելուց հետո պարզ կլինի, թե որտեղից դա եկավ։

Մենք պարտվեցինք և պետք է հասկանանք մեր սխալները, որոնք քիչ չէին։ Մրցակիցները հաճախ էին գրոհում իմ եզրով։ Սխալներ էինք թույլ տալիս դիրքավորման, տեղաշարժի և հաղորդակցության մեջ։ Մեր խաղում շատ բան կա շտկելու, հուսով եմ՝ ի վերջո կհաջողվի դա անել։

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում է ապրել այնպիսի պահեր, ինչպիսիք են գոլերի կամ հաղթանակի բերկրանքը։ Մեր դեպքում դա շատ քիչ է, մեզ դա պակասում է։ Մեզ համար ծանր է, փորձում ենք, խոսում ենք միմյանց հետ… Իրոք չգիտեմ՝ ինչ ասել…»,- ասել է Ռեցան։

Leave a Comment