Արևային էներգետիկան զարգանում է, էներգիա կուտակելու ժամանակն է

Եվրոպական Միությունը Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս կանաչ ջրածին արտահանելու ուղիներ ստեղծելու ծրագրեր ունի՝ Գերմանիայում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ արևային կայանները իրենց հզորությամբ երեք անգամ ավելի շատ են հոսանք արտադրում, քան ատոմակայանը։ Բայց այստեղ նա շեշտադրել է կուտակիչների կարևորությունը։ Եթե հնարավոր լինի գիշերը սպառել ցերեկվա արտադրած էներգիան, սա մեծ հեռանկարներ կբացի երկրի էներգետիկ անկախությունը ապահովելու համար:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները ծանոթացել են Հայկական ատոմակայանի աշխատանքին։ Դրանից առաջ ՀԱԷԿ–ը հյուրընկալել էր Չինաստանի մասնագետներին։ Ատոմակայանի շահագործման ժամկետը ևս տասը տարով երկարաձգվել է։ Իսկ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները համակարգելու համար անցյալ տարի Հայաստանում ստեղծվեց «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը։ Մոտ 1․5 տարի անց ՏԿԵՆ–ը ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար մասնագետի ներգրավման մրցույթ հայտարարեց՝ մինչև գլխավոր տնօրենի թափուր պաշտոնում նշանակումը։ Ընկերության գործառույթները միտված են լինելու Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված համապատասխան կադրերով համալրմանը և նրանց կարողությունների զարգացմանը։ Նրանք պետք է մասնագիտական եզրակացություն ներկայացնեն ՀՀ կառավարություն՝ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ: Հայաստանում առայժմ պաշտոնական հայտարարություն չկա, թե ինչ տեսակի ատոմային կայան է կառուցվելու, բայց քաղաքական հայտարարություններ կան։ Վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է․

 «Կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային»։

Գերմանիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ոլորտի զարգացմանը, ընդգծում է ՝Եվրոպական Միությունը Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս կանաչ ջրածին արտահանելու ուղիներ ստեղծելու ծրագրեր ունի։ Ուստի, կառավարության ղեկավարի խոսքով՝  պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել այս ոլորտին։

Կանաչ ջրածնի արտադրության հարցերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել։ Օրակարգում վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, արևային կայանների զարգացումն է։

 «Հայաստանում հիմա արևային էներգետիկան շատ լուրջ զարգացում է ապրել։ Հիմա արևային կայանները իրենց հզորությամբ եռակի անգամ ավելի են մեր ատոմակայանից։ Բայց շատ կարևոր է, որ մենք նաև կուտակիչ կայաններ ստեղծելու հնարավորություն ունենանք, որովհետև արևային էներգիան լավ է, բայց գիշերն արև չկա, հարկավոր է արևային էներգիան ցերեկը կուտակել՝ գիշերն օգտագործելու համար, ինչը շատ մեծ հեռանկարներ է բացում մեր երկրի էներգետիկ անկախությունը ապահովելու համար»։

Վերականգնվող էներգետիկայի զարգացումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության առանցքում է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Հայաստանում գործում է 72 արևային էլեկտրակայան։ Եվս 47-ը կառուցվում է։ Արևային կայանները կառուցվում են, սակայն այստեղ որոշ խնդիրներ կան․

 «Տվել ենք արևային էլեկտրակայան կառուցելու լիցենզիան իրավաբանական անձանց ու քաղաքացիներին, դրանք ավելի արագ տեմպերով են զարգացել, քան վերազինվել է բաշխման ցանցը կամ ՀԷՑ–ը։ Այս պահին, տարբեր առիթներով բարձրաձայնում եմ՝ ցերեկային ժամերին ունենք արտադրանքի ավելցուկ, որը չգիտենք՝ ինչ անել»։

Պատկան մարմինները չգիտեն՝ ինչպես կառավարել էներգետիկական ռեժիմները, բացատրում է Մեսրոպյանը․

 «Ի տարբերություն ՋԷԿ–երի, ատոմակայանի, ՀԷԿ–երի, որտեղ հոսանքի բեռնավորումը և բեռնաթափումը մարդը ինք ն է իրականացնում, արևային կայանների դեպքում այդպես չէ կա արև, հոսանք արտադրվում է, չկա՝ չի արտադրվում»։

Արևային կայանները զարգանում են, բայց ինքնուրույն գործել չեն կարող՝ արձանագրում է ՏԿԵ նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Նա ընդգծում է, որ դրա համար բավարար տեխնիկական պայմաններ են անհրաժեշտ․

 «Բավարար քանակով ակումուլիացիա՝ էներգիայի կուտակում պետք է կատարվի։ Իրենք բավարար քանակով ռեակտիվ էներգիայի աղբյուրներ պետք է ունենան։ Այս առումով կառավարությունը այդ պայմանները չի դրել։ Դա իր պատճառները ունի, քանի որ այդ պայմանները դնելը բիզնեսի կյանքը բարդացնում է։ Կառավարությունը ընտրել էր այն ճանապարհը, որ այս տեսքով զարգանան, բիզնեսի համար ավելի հետաքրքիր լինի ներդրումներ անելը ոլորտում։ Կարծում եմ՝ այժմ եկել է ժամանակը, որ այդ պահանջները դրվեն»։

Վերականգվող էներգետիկայի զարգացման հիմնական նպատակը, ըստ էության, ոլորտը ինքնաբավ դարձնելն է։ USAID–ի վերջին հետազոտության տվյալներով՝ Հայաստանը 27 տոկոս էներգետիկ ինքնաբավություն ունի։ Ի՞նչ է արվում համակարգն ավելի ինքնաբավ դարձնելու համար, որքանո՞վ են այդ քայլերն արդյունավետ, հաշվի առնելով նաև նույն արևային կայաններում ստեղծված իրավիճակը։ Իսկ Ատոմային էներգետիկայի մասնագետները միաբերան պնդում են՝ Հայաստանին հզոր ատոմակայան է պետք։ Սա առաջինը ազգային անվտանգության համար է։ ՄԱԿ–ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը նկատում է՝ Հայաստանում նոր կառուցվող ատոմակայանի տեխնոլոգիաների ընտրությունը պետք է բավարարի «100 ռեակտոր» սկզբունքին․

 «Ինչպիսի տեխնոլոգիա էլ ուզում եք ընտրել, այդ տեխնոլոգիան պետք է բավարարի, եթե խոսքը մեկ ռեակտորի մասին է՝ 100 տարի անընդհատ, հուսալի, շահավետ ու անվտանգ շահագործմանը։ Եթե տասը ռեակտորի մասին է խոսքը՝ 10 տարի»։

էներգետիկ անկախության տեսանկյունից ատոմային էներգաբլոկի առկայությունը Հայաստանի էներգետիկ համակարգում առանցքային նշանակություն ունի՝ կարծում են մասնագետները։

Leave a Comment