«Սրբազան պայքար»-ի գործով կքննարկվի ապացույցների ծավալի հարցը

Դատարանը «Սրբազան պայքար»-ի գործով այսօր պետք է ապացույցների ծավալի հարցը քննարկեր, սակայն նիստը հետաձգվեց, քանի որ գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն այսօր չէր ներկայացել։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց՝ Արմեն Ալեքսանյանի պաշտպանությունը Կոչուբաևը միայնակ է իրականացնում, ուստի հարցրեց կողմերի կարծիքը՝ շարունակե՞ն նիստն առանց պաշտպանի, թե ոչ։

«Լավ կլիներ, որ պաշտպան Կոչուբաևը ներկա լիներ»,- նշեց Արմեն Ալեքսանյանը։

Դատարանը որոշեց ընդմիջում հայտարարել և ճշտել՝ պաշտպանը ներկայանալու է, թե ոչ։

Կոչուբաևի գրասենյակից հայտնել էին, որ դատարանին շուրջ 30 րոպե առաջ գրություն է ուղարկվել, որ այս նիստին պաշտպանը չի կարողանա ներկայանալ մեկ այլ նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով, և նա չի առարկում, որ իր բացակայությամբ դատական նիստը շարունակվի։

Հանրային մեղադրողները ասացին, որ առանց պաշտպանյալի չեն կարող շարունակել դատական նիստը առավել ևս այն պարագայում, երբ մեղադրյալն այդպիսի ցանկություն ունի։ Պաշտպանները ևս կողմ էին, որ դատական նիստը հետաձգվի։

Դատարանը, հաշվի առնելով հանգամանքը, որ ապացույցների ծավալի հարց պիտի քննարկեն, իսկ մեղադրյալն այլ պաշտպան չունի, որոշեց դատական նիստը հետաձգել և նշանակել դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։30-ին։

Նիստին ավարտին Բագրատ Սրբազանը հայտարարություն արեց՝ նշելով, որ մինչև այսօր Քննչական կոմիտեի ղեկավարից չի ստացել որևէ պատասխան նրա կատարած անպատասխանատու հատարարության համար։ Դրա փոխարեն երկու անգամ հրավիրվել է  ՔԿ, բայց՝ ոչ այդ հարցով։

Հիշեցնենք, որ  Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել էր, որ «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալների ձեռքով գրված ապացույցներ կան, որտեղ արարքի որակում է տրվել՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն։

Բագրատ Սրբազանն էլ ասել էր՝ եթե ահաբեկչության մասին արձանագրություն չկա, ՔԿ նախագահը պետք է պաշտոնազրկվի։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment