16 տարեկան չե՞ս՝ մուտքդ Ֆեյսբուք արգելված է — Հայաստանի Հանրային Ռադիո

«Հպարտության օր վարչապետերի համար»

Դեկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշում են որպես մարդու իրավունքների պաշտպանության օր:

Մինչդեռ, հարյուր հազարավոր ավստրալիացի դեռահասները գուցե կբողոքեն, ասելով, վատ պետությունը նրանց զրկել է լավ իրավունքներից մեկից: Բայց խորքային առումով այն, ինչ արել է պետությունը՝ հենց դեռահասների իրավունքների պաշտպանության համար է, պարզապես նրանք դա այս պահին չեն գիտակցի:

Պետության պարտավորությունն է պաշտպանել մարդու իրավունքներն ու, նախևառաջ, ուշադրության կենտրոնում պահել աճող սերնդի կարիքները:

«Մարդկանց հետ շփվեք առկա, այլ ոչ թե առցանց»

Բայց ի՛նչ է պատահել Հայաստանից ավելի քան 12 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ավստրալիայում: Խոսքն այսօրվանից ուժի մեջ մտած զարմանալի օրենքի մասին է։ Վարչապետ Էնթոնի Ալբանեզեն ասել է, թե հպարտության օր է այդ երկրի վարչապետերի համար:

Դեկտեմբերի 10-ից՝ եթե դուք մինչև 16 տարեկան եք, դուք զրկվում եք սոցիալական ցանցերում օգտահաշիվ ունենալու իրավունքից: Մոտենում են արձակուրդները, և էկրանին նայելով ժամեր կորցնելու փոխարեն, գիրք ընթերցեք, սպորտով զբաղվեք, նվագել սովորեք, և ամենակարևորը՝ ձեր ժամանա ն անցկացրեք ընկերների և ազգականների հետ առկա, այլ ոչ թե առցանց»,-ասել է Ալբանեզեն:

Նրա խոսքով, օրենքի շնորհիվ վերականգնվում է ընտանեկան հսկողությունն, իսկ երեխան ստանում է իր մանկությունը վայելելու հնարավորություն:    

Կախվածությունը հասել է հիվանդագին աստիճանի

Շատ պետություններ են փորձում միջոցներ ձեռնարկել խելացի հեռախոսներից, ինտերնետից և սոցցանցերից գոնե երեխաների կախվածությունը թուլացնելու համար: Հոգեբանների փոխանցմամբ, մեծ թվով մարդկանց ու հատկապես երեխաների շրջանում այդ կախվածությունը դարձել է հստակ հիվանդագին վիճակ:

Առաջինը պահանջին ենթարկվել է Meta-ն 

Մարդիկ օտարանում են, գերադասում են ոչ թե իրական, այլ վիրտուալ շփումը:

Ավստրալիայում մինչև 16 տարեկանը զրկվում է Facebook, Instagram, Kick, Reddit, Snapchat, Threads, TikTok, X, YouTube և Twitch ցանցերից օգտվելու հնարավորությունից:

Այդ ցանցերին սպառնում է 49.5 միլիոն ավստրալիական դոլարի տուգանք (հավասար է մոտ 33 միլիոն ԱՄՆ  դոլարի), եթե դրանք չհեռացնեն ու չջնջեն դեռահասների օգտահաշիվները:

«Մենք սրանով ենք մեծացել»

ՏՏ ոլորտի հսկա Meta-ն, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և Threads-ն, արդեն սկսել է դեռահասների օգտահաշիվների ոչնչացումը: Ավստրալիայում դեռահասների շրջանում կան ակտիվիստներ, որոնք արդեն սկսել են բողոքի նամակներ գրել Բարձրագույն դատարան, պահանջելով չեղարկել օրենքը: Նրանցից մեկը Նոա Ջոնսն է:

«Դե, մենք ամբողջ կյանքում սրանով ենք մեծացել, իսկ հիմա սա մեկ էլ միանգամից խլում են մեզանից։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել»,- ասել է Նոան։

Կառավարությունը չի նահանջի

Ակտիվիստների պնդմամբ, օրենքը հակասում է սահմանադրությանը, քանի որ խոչընդոտում է մայր օրենքով երաշխավորված քաղաքական շփումների ազատության 2 միլիոն 600 հազար դեռահասների իրավունքը:

Կառավարությունը պնդում է, որ վայելում է ծնողների գերիշխող մեծամասնության աջակցությունը և դատարանով կմերժի դեռահասների բողոքը: Խորհրդարանն անցյալ տարի է ընդունել այս օրինագիծը:

Leave a Comment