Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի 10-ին արձագանքել է «Հետքի» հետաքննությանը, ըստ որի՝ նա 2024 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում բնակելի տունը ձեռք է բերել շուկայականից էականորեն ցածր գնով։ Կոնջորյանը քննադատել է հրապարակումը՝ այն անվանելով «կեղծ»։
«Զանգել են կառուցապատող ընկերություն, հարցրել այս պահին տան շուկայական գինը, հետո այդ գինը տարածել են մեկուկես տարի առաջ գնած իմ տան վրա և ստացել աստղաբաշխական թիվ: Միտումնավոր կոծկել են հենց կառուցապատող ընկերության ֆեյսբուքյան էջում դրված շուկայական արժեքների էական նվազ թվերը, որոնք առաջարկվել են բոլոր գնորդներին»,- գրել է Կոնջորյանը՝ հավելելով, որ կառուցապատման ընթացքում անշարժ գույքի արժեքը շատ ավելի ցածր է, քան կառուցման ավարտից հետո:
Նա պնդել է, որ անշարժ գույքը գնել է շուկայական արժեքին համապատասխան, հիպոտեկային վարկով` 20 տարով: Եվ ոչ թե առանձնատուն է, այլ թաունհաուզ։
Ինչ է գրել «Հետքը»
«Հետքը» դեկտեմբերի 9-ին հրապարակել էր հոդված, որի համաձայն՝ Կոնջորյանը 2024-ի հուլիսին Առինջ Բ թաղամասում բնակելի տուն է ձեռք բերել 54 մլն դրամով, որից 48.2 մլն-ը հիպոթեկային վարկ է։ Այս անշարժ գույքի ձեռքբերումը արտացոլված է Կոնջորյանի՝ գույքի և եկամուտների 2024-ի հայտարարագրում։
Լրագրողները զանգահարել են առանձնատան կառուցապատող «Միլոն Մայնինգ» ՍՊԸ, որը հայտնել է, որ կառուցվող թաղամասում բնակելի տան 1 քմ-ը արժե 420,000 դրամ։ Այդ հիմքով «Հետքը» հաշվարկել է, որ Կոնջորյանի տան արժեքը կլիներ մոտ 75.6 մլն դրամ՝ 21.6 մլն-ով ավելի, քան նշված է հայտարարագրում։
Ինչ գին է գործել Կոնջորյանի գնման պահին
Այսպիսով, Կոնջորյանը հայտարարում է, որ իր թաունհաուզի կառուցապատողի ֆեյսբուքյան էջում ներկայացված գները ավելի ցածր են եղել, և «Հետքը» դրանք անտեսել է։ Նա նաև պնդում է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում գները կարող էին փոփոխվել, ինչը իրոք հնարավոր է։
Կոնջորյանի հայտարարագրում նշվում է, որ անշարժ գույքը ձեռք է բերվել «Միլոն Մայնինգ» ՍՊԸ-ից, որը Առինջում իրականացնում է «Milon Hills» թաղամասի կառուցապատումը։ Այս թաղամասում նախատեսված են թաունհաուզներ և բազմաբնակարան բնակելի շենքեր։
«Միլոն Մայնինգ»-ը ֆեյսբուքյան էջում բավականին ակտիվ գովազդում է թաունհաուզների վաճառքը։ #CivilNetCheck-ը ուսումնասիրեց, թե 2024-ի հուլիսին, երբ Կոնջորյանը ձեռք է բերել անշարժ գույքը, գրառումներում ինչ գումար է նշվել 1քմ-ի համար։
Օրինակ, 2024-ի հուլիսի 8-ին արված գրառման մեջ թաունհաուզի 1 քմ-ի արժեքը նշվում է «Հետքի» թվից ընդամենը 10,000 դրամով քիչ՝ 410,000 դրամ (չշփոթել բազմաբնակարան շենքում առաջարկվող արժեքների հետ)։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։