44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ անհետ կորածների ծնողների նախաձեռնությամբ մամուլի ասուլիսի ձևաչափով իրավապաշտպանները խնդիրները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում։
Քննարկման օրը պատահական չէ․ դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առաջարկել այդ օրը հայտարարել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրաձայնում։
Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է 191 անձի գտնվելու վայրը։ Միջազգային իրավունքի մասնագետներն ու իրավապաշտպաններն ընդգծել են, որ անհետ կորածների հարազատները բախվում են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների՝ հոգեբանական խոշտանգումներից մինչև արդար դատաքննության իրավունք։
Անհետ կորած անձանց ընտանիքների անորոշությունն ու շարունակական տառապանքը վերջիններիս դարձնում է միջազգայնորեն ընդունված հանցագործություններից մեկի՝ «հոգեբանական խոշտանգման» զոհ՝ ասում է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
«Այսինքն՝ մենք գործ ունենք մի խմբի հետ, որը շարունակաբար խոշտանգման զոհ է դառնում, մինչդեռ խոշտանգումն արգելված է, և այն բացարձակ արգելք է։ Մենք խոսում ենք ֆիզիկական խոշտանգումների դեմ պայքարի մասին, սակայն կարծես թե անտեսում ենք հոգեբանական խոշտանգման զոհերի խնդիրը»։
Ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած անձանց խնդիրը Սահակյանը դիտարկում է երկու հարթությունում՝ ներպետական և միջպետական։ Ամենակարևոր ու ցավալի հանգամանքներից մեկն այն է, որ անհետ կորած անձանց գտնվելու վերջին հայտնի վայրերն այս պահին ադրբեջանական վերահսկողության տակ են, ինչը դանդաղեցնում, որոշ դեպքերում էլ անհնար է դարձնում կորած անձանց ճակատագրի պարզումը՝ մանրամասնում է Սահակյանը։
«Իհարկե, քննությունը դեռևս հնարավոր է, սակայն այն հատվածական է, քանի որ ապացուցողական մի զգալի հատված գտնվում է Ադրբեջանի բացառիկ իրազեկության, տիրապետության ներքո և առանց համագործակցելու պատրաստակամության քննությունը չի կարող բացահայտել ճշմարտությունը»։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Աննա Մելիքյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ադրբեջանը ԼՂ-ում շինարարական մեծածավալ աշխատանքներ և արտաշիրիմումներ է անում, որոնք ոչ մի միջազգային մեխանիզմով չեն վերահսկվում։
«Եվ դրա շուրջ ունենք մտահոգություններ առ այն, որ անգամ եթե հայտնաբերվեն տվյալներ, այդ թվում՝ աճյուններ և այլն, որոնք, ըստ էության, պետք է պատշաճ հետազոտման ենթարկվեն։ Ըստ էության, մենք միայն լսում ենք Ադրբեջանի պրոպագանդան, որ գտել ենք այսքան անձի մասունք, որոնք հաստատ Խոջալուի զոհերն են և այլն, բայց երբեք մենք վստահ չենք կարող լինել, թե ում են պատկանում։ Այս առումով իրականում, բացի որոնողական աշխատանքներից, շատ կարևոր է արդյունավետ քննություն վարելը»։

Աննա Մելիքյանի գնահատմամբ՝ թվարկված խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն։ Հայ-ադրբեջանական բարձրագույն մակարդակով շփումներն այս փուլում դրա հնարավորությունը տալիս են՝ մանրամասնում է իրավապաշտպանը։
«Սա մարդու իրավունքների միակ խնդիրն է, որի մասին Ադրբեջանը խոսում է միջազգային հարթակներում։ Մյուս թեմաները, այդ թվում՝ պատասխանատվության, գերիների հետ կապված, փակում է։ Վերջերս նկատել ենք, որ միջազգային տարբեր հարթակներում հարցը կարևորվում է, և կարծես լավ հնարավորություն է ստեղծվել, քանի որ երկու պետություններ ասում են, որ իրենց համար կարևոր է, որևէ պատճառ չկա, որպեսզի հենց հիմա չզբաղվեն այդ հարցով»։
«Ռադիլուր»-ի հարցին, թե եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ պատրաստ են աշխատել անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ, ինչն է խանգարում այս փուլում կոնկրետ գործողությունների անցնելուն, Աննա Մելիքյանը պատասխանում է․
«Միջազգային հանրությունը հոգնել է մեր կոնֆլիկտից։ Եվ երևի մեզնից ավելի ուրախ են, որ ռազմական գործողությունները կդադարեն և կարիք չի լինի դրանով զբաղվելու։ Դրա համար բոլորը միանշանակ ընդունեցին խաղաղության պայմանագրի տեքստը, որը բավականին թերի է հատկապես մարդու իրավունքների տեսանկյունից, և չի համապատասխանում հենց այն սկզբունքներին, որոնք քարոզում են նույն միջազգային մարմինները»։
Անհետ կորած անձանց խնդիրը մարդու իրավունքների միակ խնդիրն է, որն առանձին հոդվածով տեղ է գտել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստում՝ նկատում է Սիրանուշ Սահակյանը։
«Մարդու իրավունքների մյուս հարցերն ուղղակի դուրս են մնացել կարգավորումից, օրինակ՝ փախստականների, բռնի տեղահանվածների խնդիրն արծարծված չէ, գերիների հարցը որևէ կերպ արծարծված չէ, ինքնության, մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ամբողջովին անտեսված է։ Կարելի է այս շարքը թվարկել անվերջ, բայց մի խնդիր, որը կարգավորվեց, դա անհետ կորածների հարցն է»։

Սակայն կարգավորմանը զուգահեռ խաղաղության պայմանագիրը չի առաջարկում խնդրի լուծման հստակ մեխանիզմ։ Դրա փոխարեն նշվում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը կբանակցեն և մանրամասն կհամաձայնեցնեն համապատասխան կարգավորումներն առանձին համաձայնագրով»։ Սահակյանի դիտարկմամբ՝ սա ոչ միայն անորոշ, այլև վտանգավոր ձևակերպում է․
«Կարևոր բացթողում եմ համարում, որ այս աշխատանքներում ներգրավված չեն միջազգային կառույցները, այսինքն՝ խաղաղության համաձայնագրում նշված չէ, որ անհետ կորածների խնդիրները լուծելիս պետք է լինի միջազգային ներգրավվածություն։ Մենք ունենք խնդրով զբաղվող բազմաթիվ միջազգային կառույցներ, որոնք կարծես մեկուսացվել են գործընթացից։ Սա, իմ գնահատմամբ, ռիսկային է, ցանկացած խնդիր, որը բացառապես մնում է հայ ադրբեջանական հարաբերությունների դաշտում, ռիսկային է, քանի որ Ադրբեջանն ունի այլ՝ քաղաքական, ռազմական, իրավական կապիտալ, և կողմերը հորիզոնական, հավասար հարաբերությունների ներքո չեն»։
Թեև դեռ արցախյան առաջին պատերազմի տարիներից հայկական կողմը բազմաթիվ անհետ կորածներ ունի, մինչև այժմ չկա «Անհետ կորածի մասին» օրենք։ Պետությունը տարբեր փուլերում առանձին որոշումներով է կարգավորել այս ընտանիքներին վերաբերվող սոցիալական, հոգեբանական և իրավական հարցերը։ Շաբաթներ առաջ, սակայն, գործադիրը հավանություն է տվել անհետ կորածներին վերաբերող օրինագծին։ Սա, Սիրանուշ Սահակյանի խոսքով, քայլ առաջ է։