Խաղաղության գործընթացին զուգահեռ՝ Ադրբեջանին մտահոգում են միջազգային գործընկերների հետ Հայաստանի ամրապնդվող հարաբերությունները և ստորագրվող ռազմավարական փաստաթղթերը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, թե դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին։ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ։
Թեմայի շուրջ խոսելով լրագրողների հետ՝ Հայաստանի ԱԺ նախագահը չի շտապել մեկնաբանելու ստեղծված իրավիճակը, բայց հավելել է, որ նմանատիպ հայտարարություններն արտառոց չի համարում։
Պաշտոնական Երևանը հերքում է Բաքվի պնդումը, թե Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն ընդգծել է, որ Բրյուսելի հետ ռազմավարական գործընկերության օրակարգն արտացոլում է կողմերի միջև ձևավորված և խորացող հարաբերությունների բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ հանձնառությունը։
Ակնհայտ է, որ սա ինքնին նպաստում է տարածաշրջանում խաղաղության ուղղված ջանքերին՝ ասել է Բադալյանը՝ հավելելով, որ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալացմանը։
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի շտապում մեկնաբանելու հարցը, թե արդյոք Ադրբեջանի հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ չէ։

«Նախ այս փուլում պատրաստ չեմ մեկնաբանել, որովհետև միայն իմ կարծիքը՝ առանց իմ գործընկերների հետ քննարկելու, ես պատրաստ չեմ ներկայացնել, ոչ լավ, ոչ վատ որևիցե բան պատրաստ չեմ ասել։ Բոլոր երկրների հարաբերությունների մեջ կա երկու դիտակետ` իրենք իրենց շահերն են առաջ տանում, մենք՝ մերը։ Հայտարարությունները միշտ հնչել են ու միշտ հնչելու են։ Այդ հայտարարությունները նրա համար են, որպեսզի դրանք քննարկվեն, այդ հայտարարությունները նրա համար է, որ լինի հակառակ հայտարարությունը։ Բոլոր երկրների մեջ լինում են ինչ-որ հարցեր, որոնք իրենք քննարկում են։ Մենք մեր հարևանների հետ մեր հարցերը այլևս պատրաստ ենք և կարողանում ենք համատեղ քննարկել»։
Պաշտոնական Բաքուն դժգոհում է Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի մասին փաստաթղթում տեղ գտած որոշ ձևակերպումներից և Երևանից ու Բրյուսելից ակնկալում դրանց վերանայում: Նաև զգուշացնում է, թե ուշադիր հետևելու է փոփոխություններին ու իր եզրահանգումներն է անելու:
Ադրբեջանում կողմնակալ վերաբերմունքի դրսևորում են համարել փաստաթղթի նախաբանում և մի շարք այլ հոդվածներում կիրառվող «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։ Բաքուն դժգոհում է նաև «տեղահանություն» եզրույթի առկայությունից, հայ գերիների մասին հիշատակումից, եվրոպացի դիտորդների առաքելությունը շարունակելու հեռանկարից:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը Բաքվից հնչող դժոգոհությունները վտանգավոր է համարում։

«Այսինքն` ի՞նչ պետք է անենք։ Պետք է մեր բոլոր հարաբերությունները համապատասխանեցնենք Ադրբեջանի պայմանների՞ն։ Նրանք պնդում են, որ այդ փաստաթղթում չպետք է գրվեր, որ Լեռնային Ղարաբաղից փախստականներ կան Հայաստանի Հանրապետությունում։ Այնտեղ շատ մեղմ է գրված, գրված չէ, որ էթնիկ զտում է տեղի ունեցել։ Գրված է, որ փախստականներ կան Հայաստանի Հանրապետությունում։ Այնտեղ նաև նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին համապատասխան դրույթ, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ խաղաղության, այսպես կոչված, պայմանագրի նախաստորագրված 7-րդ հոդվածի համաձայն` դա նույնպես խնդրահարույց է։ Ինչպես նաև շատ դժգոհ են մնացել, որ այնտեղ ոչ թե գրված է TRIPP, այլ՝ «Խաղաղության խաչմերուկ», որը նրանք գտնում են, որ տարածաշրջանում չունի որևէ կոնսենսուս»։
Հղում անելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթին՝ Ադրբեջանը մեջբերում է միայն իր համար նախընտրելի դրույթները։ Մինչդեռ նույն փաստաթղթում կա նաև մեկ այլ դրույթ, որը սահմանում է՝ կողմերը պետք է ձեռնպահ մնան «միմյանց ներքին գործերին միջամտելուց»։
Բաքվի դժգոհությունների առնչությամբ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչ, «Հանուն հավասար իրավունքների» կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը սոցցանցում գրառմամբ ուշադրություն է հրավիրել Հայաստան-ԵՄ փաստաթղթից Ադրբեջանի, Ռուսաստանի և հայաստանյան ռուսամետ շրջանակների սինխրոն զայրույթի վրա։
«Իհարկե, Հայաստանի զարգացման և ամրապնդման համար այս նոր օրակարգը, նաև Հայաստան-Գերմանիա ռազմավարական փաստաթղթի տված հնարավորությունները դրանով չէ, որ պետք է գնահատել և որակել, բայց լայն հանրության համար սա հեշտ ընկալելի ցուցիչ է, եթե Ադրբեջանն ու Ռուսաստանը, մեր ներսի ռուսական շահը սպասարկողները պատեպատ տալով անհանգստանում են, ուրեմն այդ փաստաթղթերը Հայաստանի համար բավական շահեկան են»։
Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի մասին փաստաթղթից Բաքվի հրապարակային դժգոհությունը չի ազդի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի վրա՝ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ կարծում, որովհետև Ադրբեջանի հետ աշխատանքները բոլոր ուղղություններով շարունակվում են և պետք է ասեմ, որ այդ պոզիտիվ տրամադրվածությունը թե՛ մեր կողմից, թե՛ Ադրբեջանի կողմից կա։ Պետք է ասեմ, որ մտահոգությունները, որոնք մեզ մոտ են հնչում, միգուցե մի քիչ այլ ձևակերպումներով, բայց հնչում են նաև Ադրբեջանում։ Ուստի մենք պետք է շարունակենք քննարկումները, որպեսզի մեկս մյուսի մտահոգությունները փարատենք, ինչպես նաև վստահության վերականգնման ճանապարհ անցնենք, որը, կարծում եմ, հեշտ չի լինելու, բայց իրագործելի է»։

Խաղաղության համար փոխադարձ վստահության անհրաժեշտության և ամրապնդման մասին են խոսել նաև Դոհա ֆորումից հետո Euronews-ին համատեղ հարցազրույց տված Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Երկու գործիչներն էլ նշել են, որ պատերազմն ավարտվել է, և խաղաղությունը հաջորդ սերունդների համար պետք է լինի «հավերժական»։
Հաջիևի խոսքով՝ համատեղ խաղաղության գործընթացը «հաջողության պատմություն է հակամարտությունների և պատերազմների համաշխարհային համատեքստում»։
Արմեն Գրիգորյանը հավելել է․ «Բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում։ Բայց մենք աշխատում ենք դրա ուղղությամբ։ Ինչպես հայտնի երգում է ասվում՝ դա ևս մեկ աղյուս է պատի մեջ՝ արտահայտության դրական իմաստով։ Մենք աշխատում ենք դրա վրա՝ փորձելով կառուցել վստահության պատ, փորձելով շարժվել այս ուղղությամբ»։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է՝ վստահ են, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը և տնտեսական օգուտներ կբերի երկու երկրների հասարակություններին։