Դեկտեմբերի 3-ին Լոռու մարզի դատախազության հակակոռուպցիոն դատարանում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ խոշոր չափերով կաշառք վերցնելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Սարգիս Պետրոսյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Հովիկ Հովսեփի Աղազարյանին առաջադրվել է մեղադրանք այն բանի համար, որ նա լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իրավունք ունենալով հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 ՀՀ դրամ կաշառք:
2023 թվականի օգոստոսի 10-ին, պայմանավորվածության համաձայն՝ Ս․Պ․-նը և Ա․Կ․-նը ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մոտ՝ Երևանի Սիրահարների այգում հանդիպել են Հովիկ Աղազարյանին, որից հետո Ա․Կ․-նը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր՝ 20.000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել Հովիկ Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը՝ վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ:
Հովիկ Աղազարյանը վրդովվել է առաջարկից, նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով՝ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործուղություն:
Հովիկ Հովսեփի Աղազարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ երկու հոդվածով
1․ ՀՀ ՔՕ 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը, 438-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 2) առանձնապես խոշոր չափերով`պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
2․ ՀՀ ՔՕ 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է կաշառք սատնալը, 435-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 3) առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։ – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։