Հայաստանի և Ադրբեջանի միջև կշարունակվի քննարկվել այն տրամաբանությունը, որ երկու երկրների պատգամավորներն ընդլայնված ֆորմատով շփումներ ունենան՝ արդեն որևիցե միջազգային համատեքստից դուրս, հայտարարել է ԱԺ նախագահը

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև կշարունակվի քննարկվել այն տրամաբանությունը, որ երկու երկրների պատգամավորներն ընդլայնված ֆորմատով շփումներ ունենան՝ արդեն որևիցե միջազգային համատեքստից դուրս, իրենց որոշման հիման վրա։
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Հայաստանը միշտ փորձում է բոլոր միջազգային հարթակներն օգտագործել շփումների համար։
«Ադրբեջանի իմ գործընկերը նույնպես դրական է տրամադրված այդ շփման տրամաբանությանը։ Չնայած դեռ խոսակցություն չկա, բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակներում էլի շփումներ տեղի կունենան իմ և Ադրբեջանի ԱԺ նախագահի միջև»,- ասաց Սիմոնյանը։