Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպմանը․ Ալեն Սիմոնյան

Նրա խոսքով՝ տարածաշրջանային ձևաչափով հանդիպումներին մասնակցել-չմասնակցելու հարցը այլևս քննարկելի հարց չէ


ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսվող միջոցառմանը։ 


Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Բաքվում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկը։


«Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի»,- ասաց Սիմոնյանը։ 


Նրա խոսքով՝ տարածաշրջանային ձևաչափով հանդիպումներին մասնակցել-չմասնակցելու հարցը այլևս քննարկելի հարց չէ։ 


«Եթե կան ինչ-որ խնդիրներ, մենք դրանք կբարձրաձայնենք։ Օրինակ՝ ինձ համար խնդիր է հանդիսանում պահվող անձանց, գերիների առկայությունը, բայց կարծում եմ, դա ինչպես նախկինում, նույնպես քննարկելի և լուծելի հարց է», – նշեց ԱԺ նախագահը։ 


Սիմոնյանի կարծիքով՝ հանդիպմանը չմասնակցել ուղղակի չի կարելի։ 


Ադրբեջանի ԱԳ նախարարը Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում: 


ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր՝ նշելով, որ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն:


 

Leave a Comment