Դիմել ռիսկի՞, թե՞ խնայել․ կխաղա՞ արդյոք Մբապեն ցավերով — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» լուրջ կադրային խնդիրներով է մոտենում Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք կարևորագույն հանդիպմանը։ Գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ստիպված է կազմ ձևավորել՝ ունենալով 7-8 առանցքային կորուստ։

Թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բաց է թողել «սերուցքայինների» վերջին մարզումը խաղից առաջ։ Ֆուտբոլիստն ունի ձախ ոտքի մկանային անհանգստություն, ինչպես նաև մատնեմատի կոտրվածք։ Թեև նա պատրաստ էր խաղալ կոտրված մատով, սակայն մկանային ցավերը խնդիրը բարդացրել են։ Նրա մասնակցությունը խաղին մեծ հարցականի տակ է։ Եթե անգամ նա խաղա, ապա դա կանի սահմանափակ հնարավորություններով՝ ռիսկի ենթարկելով առողջությունը։ Վերջնական որոշումը կկայացվի խաղի օրը՝ բժիշկների եզրակացությունից հետո։

«Սիթիի» դեմ խաղում իսպանական գրանդին չեն կարողանա օգնել պաշտպանության հիմնական սյուները։ Վնասվածքների պատճառով բացակայում են Էդուարդո Կամավինգան, Դին Հոյսենը, Էդեր Միլիտաոն, Դանի Կարվախալը, Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը, Դավիդ Ալաբան և Ֆերլան Մենդին։

Ընդհանուր խմբում մարզվել են Ֆեդե Վալվերդեն, Անտոնիո Ռյուդիգերը և Ջուդ Բելինգհեմը, թեև նրանք էլ ունեն ֆիզիկական գերծանրաբեռնվածություն։ Կազմը լրացնելու համար առաջին թիմ են հրավիրվել ակադեմիայի սաները, այդ թվում՝ դարպասապահներ Ֆրան Գոնսալեսը և Մեստրեն, պաշտպաններ Խոան Մարտինեսը, Վալդեպենյասը և կիսապաշտպան Չեստերոն։

Հաշվի առնելով բարդ իրավիճակը՝ մարզումից առաջ թիմը և մարզչական շտաբը հավաքվել են խաղադաշտի կենտրոնում՝ միասնություն ցուցաբերելու համար։ Ինչպես նշել է Խաբի Ալոնսոն՝ թիմը պետք է միասնական լինի անկախ հանգամանքներից։

«Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 10-ին, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Խաղի գլխավոր մրցավարն է ֆրանսիացի Կլեման Տյուրպենը։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով՝ 00:00-ին։

Leave a Comment