Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացմամբ. Նիկոլ Փաշինյան

Պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: ԳԴՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ-ի հետ գործընկերության շրջանակում:

Վարչապետի խոսքով՝ երկու երկրները միավորում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառությունը, Հայաստանն ու Գերմանիան ակտիվորեն համագործակցում են երկկողմ և բազմակողմ հարթակներում: Երկրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանը ևս շահագրգռված է Գերմանիայի հետ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացմամբ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման շուրջ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի անցկացումը և նշել, որ այն կարևոր հարթակ է Եվրոպայի հետ քաղաքական երկխոսության համար։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment