Վրաստանում գնահատում են իրենց տարածքով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցումը

Վրաստանում ողջունում են պաշտոնական Թբիլիսի քայլը՝ Ադրբեջանից Հայաստան անվճար նավթամթերքի առաջին տարանցման հարցում։ Վրացի փորձագետները դա գնահատում են խաղաղասիրական քայլ, որը կօգնի Հայաստանի էներգետիկ դիվերսիվիկացիային, այնպես ինչպես Վրաստանում։

«Ճիշտ ժամանակին արված քայլ»՝  Վրաստանի կառավարության որոշումը «Ռադիոլուրի» հետ զրույցում այսպես է գնահատում կովկասյան հարցերով վրացի փորձագետ Վախթանգ Մայիսայան։ Նա ընդգծում է՝ Թբիլիսին այսպիսով ևս մեկ քայլ է անում ոչ միայն հաստատելու իր մասնակցությունը խաղաղության կայունությանը և տարածաշրջանային նոր իրողություններին, այլև ուժեղ, իրական կովկասյան եռյակի ձևավորմանը․  

«Սա տարածաշրջանային անվտանգության նոր մոդելի սկիզբն է, մեր տարածաշրջանի մեծագույն փոփոխությունը, որով Հարավային Կովկասը դառնում է Կենտրոնական Կովկաս, որտեղ իրական դերակատարները Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանն են»։ 

Վրաստանի կառավարությունը նախորդիվ  հայտարարեց, որ տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։ Ավելի վաղ ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները հայտնել էին, թե Վրաստանն իբր Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է 92 դոլար մեկ տոննայի դիմաց։

Վրաստանի փորձագիտական դաշտում երկու տեսակետ կա այս հարցում․ ընդդիմադիր փորձագետները, որ գործող իշխանություններին համարում են ռուսամետ, լուրը  կապում են իշխանությունների վրա Ռուսաստանից ճնշումների հետ։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի համար վստահելի ու ռազմավարական գործընկեր, ինչպես նաև հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման օգտին։

Մինչ Հայաստանում քննարկում են ադրբեջանական նավթի ստացման օգուտներն ու վնասը, վրացիները նշում են, որ ադրբեջանական նավթամթերքի ներկրումն իրենց համար նշանակում է դիվերսիֆիկացիա, էներգետիկ անկախություն Ռուսաստանից․ դա այն դեպքում, որ, ինչպես նշում է տնտեսական հարցերով փորձագետ Նիկա Չիտաձեն,   ադրբեջանական նավթամթերքի ներկրումը կազմում է ավելի քան 70 տոկոս․

«Վրաստանը դիվերսիֆիկացված է մի ժամանակ Ադրբեջանից ստացված գազը կազմում էր 90 տոկոս, այսօր՝ ավելի քան 70։ Եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից, դա չի նշանակում՝ կախված է լինելու այդ երկրից, դա դիվերսիֆիկացիա է, Ադրբեջանն էլ Հայաստանից է կախված լինելու այդ շուկան չկորցնելու համար»։ 

Վրաստանը ներկայում տարեկան սպառում է 3.1 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: Ադրբեջանից ստանում է 2.3 միլիարդ խորանարդ մետր, մինչդեռ Ռուսաստանից գազի մատակարարումները ( 2024-ին) ավելացել են մինչև 788 միլիոն խորանարդ մետր:

Էներգետիկ անկախությունը, ռիսկերի կառավարման բազմազանությունը կայունության հիմք են նաև։ Քաղաքական հարցերով փորձագետ Գիա Աբաշիձեն ասում է՝ Վրաստանի քայլերը խոսում են տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու անկեղծ մղումների մասին։ Եւ նման քայլերն, ըստ նրա, կշարունակվեն Թբիլիսիի կողմից․

«Էներգետիկ դիվերսիֆիկացիան շատ կարևոր է մեր երկրների համար, հատկապես Հայաստանի և Վրաստանի, որոնք հարուստ չեն էներգետիկ ռեսուրսներով։ Արդեն երկար տարիներ Վրաստանն էներգետիկ առումով անկախ է երբ դա կա, եւ աշխատում է լավ մարքեթինգը, ներկրողները մրցակցում են, գներն իջեցնում։ Բազմազանությունը յուրաքանչյուր ոլորտում ընդունելի է գնորդի համար»:

Դավիթ Մայիսայան նշում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում էներգետիկ հարցում, ուժեղացրել է Հայաստանի տնտեսական  ներուժը։ Բացի այդ նա նկատում է՝ Վրաստանում հետևում են և ողջունում Երևանի արտաքին քաղաքական քայլերը։

«Իմ կարծիքով Հայաստանը կարող է դառնալ տնտեսական զարգացման խթան նույնիսկ համաշխարհային մակարդակով պոտենցիալ Հայաստանն ունի»։

Վրացի փորձագետներն ընդունում են, որ տարածաշրջանը շատ արագ փոխվում է։ Ադրբեջանից ցորեն, այնուհետև նավթի տարանցում Հայաստան, ապաշրջափակվում են ճանապարհները, կառուցվում  են նորերը։    

Ընդհանուր առմամբ վստահ են՝ մոտ ապագայում տրանզիտային ուղիներն անցնելու են ոչ միայն Վրաստանով, այլ երեք երկրներով էլ՝ ապացուցելով, որ տարանցիկ դերակատարության նվազման հարց չի կարող լինել, երբ տարածաշրջանի երկրները լիարժեք կապի մեջ են, ու  խաղաղություն է։

Leave a Comment