Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է տարածված լուրերը

Մի շարք լրատվամիջոցներով տարածվել են «Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ» և «Հայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրում» վերնագրով հրապարակումներ, որոնցում նշվում է, թե Կառավարությունը պատրաստվում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և «անբարեխիղճ» խմբերի՝ քաղաքական նպատակներով։ Նշվում է, թե իբր՝ իշխանությունները «յուրային» ընկերություններին ներկայացնելու են որպես բարեխիղճ, իսկ ընդդիմախոսների ձեռնարկությունները դասակարգվելու են որպես անբարեխիղճ, նաև այն, որ գործընթացը օգտագործվելու է ընդդիմադիր ԶԼՄ-ներին ֆինանսավորող կամ գովազդ պատվիրող ընկերությունների դեմ։  

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱՍՆ տարածած  հայտարարությունից։

Ի պատասխան վերոնշյալ հրապարակումների՝ հայտնում ենք, որ այս հրապարակումները հորինվածք են և ոչ մի կապ չունեն իրականության հետ։ 

Պետության նպատակը շատ պարզ է՝ խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին և ապահովեն օրինական աշխատանքային հարաբերություններ։ Սա որևէ քաղաքական ենթատեքստ չունի խոսքը աշխատանքի իրավունքի պաշտպանության մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը։ 

Աշխատանքի և զբաղվածության ոլորտում պետության այս մոտեցումը համահունչ է բազմաթիվ երկրների փորձին, որտեղ պետական ծրագրերն ու միջամտություններն օգնել են նվազեցնել ոչ ֆորմալ զբաղվածությունը։ Օրինակ՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ոչ ֆորմալ զբաղվածության միջին մակարդակը մոտ 11.9% է, Վրաստանում վերջին տարիներին այն նվազել է 31.7%-ից մինչև 27.6%։ Հայաստանում, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024 թ ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը կազմել է 35.3%, ինչը հստակ ցույց է տալիս, որ ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա։ 

Հետևաբար, ոլորտում պետության կողմից նախատեսվող քայլերն ուղղված են բացառապես այս խնդիրը լուծելուն և աշխատողների իրավունքները պաշտպանելուն։

Leave a Comment