Դուրս ենք գալու ինչպես պատերազմի․ Օշիման՝ Լեգիայի հետ խաղի մասին — Armsport.am

Այս հինգշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, Երևանում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի շրջանակում «Նոան» կընդունի Վարշավայի «Լեգիային»: Թեև լեհական ակումբը թղթի վրա ֆավորիտ է, սակայն Վարշավայից եկող լուրերը հուսադրող են հայկական թիմի համար:

Վարշավայի «Լեգիան» վերջին շրջանում գտնվում է ծանրագույն իրավիճակում: Թիմը պաշտոնական 9 խաղ անընդմեջ հաղթանակ չի տոնել՝ գրանցելով 4 ոչ-ոքի և կրելով 5 պարտություն: Ակումբի ղեկավարությունը հեռացրել է գլխավոր մարզիչ Էդվարդ Յորդանեսկուին, և այժմ թիմը ժամանակավորապես գլխավորում է նրա օգնական Ինյակի Աստիսը:

Իրավիճակն այնքան լուրջ է, որ լեհական գրանդը ազգային առաջնությունում զբաղեցնում է ընդամենը 16-րդ հորիզոնականը՝ հայտնվելով վտանգավոր գոտում, ինչպես նաև դուրս է մնացել Լեհաստանի գավաթի խաղարկությունից:

«Նոայի» կազմում առանձնահատուկ տրամադրվածությամբ է խաղին մոտենում ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման: Նա նախկինում հանդես է եկել լեհական «Կրակովիայում» և քաջ ծանոթ է «Լեգիային»:

Przegląd Sportowy Onet-ի հետ զրույցում Օշիման նշել է, որ այս խաղը կարող է շրջադարձային լինել հայկական ֆուտբոլի համար.

«Եթե մենք հաղթենք, կդառնանք Հայաստանի պատմության մեջ առաջին ակումբը, որը դուրս կգա եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլ: Դա հսկայական ձեռքբերում կլինի: Մենք խաղադաշտ դուրս կգանք ինչպես պատերազմի», — հայտարարել է ֆուտբոլիստը:

Օշիման հիշել է իր վիճակագրությունը «Լեգիայի» դեմ՝ նշելով, որ «Կրակովիայի» կազմում անցկացրած 4 խաղից 3-ում հաղթել է վարշավյան ակումբին:

«Ինձ համար եվրոպական մրցասպարեզում յուրաքանչյուր խաղ յուրահատուկ է: Երբ խաղում էի «Կրակովիայում», «Լեգիայի» դեմ հանդիպումները հիանալի էին անցնում: Մենք պայքարում էինք մինչև վերջ, քանի որ գիտեինք երկրպագուների միջև առկա լարվածության մասին: Ես սիրում եմ նման առճակատումներ և ոգևորված եմ կրկին նրանց դեմ խաղալու հնարավորությամբ», — հավելել է նա:

Հիշեցնենք, որ «Նոա» — «Լեգիա» հանդիպումը կմեկնարկի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:45-ին:

Leave a Comment