ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ չի կարդացել իր առաջարկը։
Զելենսկին ասում է, որ դիվանագիտական նոր շաբաթ է սկսվել և ուկրաինական կողմը և անձամբ ինքը բանակցություններ են վարելու եվրոպական երկրների հետ։ Ըստ այդմ՝ Զելենսկին Լոնդոնում քննարկելու է խաղաղության գործընթացը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:
Սրան զուգահեռ՝ կրկին հրատապ է դառնում տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձի թեման։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ հիասթափված է Վոլոդիմիր Զելենսկիից, քանի որ նա չի ծանոթացել ռուս-ուկրաիանական խնդրով մտահոգ ամերիկյան կողմի առաջարկած խաղաղության օրակարգին։ Նա ասել է նաև, որ անցած շաբաթ Կրեմլում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո կրկին լավատես է․
«Այսպիսով, մենք խոսել ենք նախագահ Պուտինի և Ուկրաինայի առաջնորդների, նաև նախագահ Զելենսկիի հետ։ Եվ պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը։ Նրա ժողովուրդը հավանում է դա, բայց նա չի կարդացել առաջարկը։ Ռուսաստանը համաձայն է դրա հետ։ Գիտեք, Ռուսաստանը, կարծում եմ, կնախընտրեր ունենալ ամբողջ երկիրը։ Բայց Ռուսաստանը, կարծում եմ, համաձայն է մեր առաջարկին»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացնում է, որ դիվանագիտական նոր շաբաթ է սկսվում, և առջևում բանակցություններ և խորհրդակցություններ են սպասվում եվրոպացի գործընկերների հետ։ Զելենսկին ընդգծել է, որ Կիևի համար առաջնահերթ են անվտանգության հարցերը, Ուկրաինայի դիմադրողականության և պաշտպանության աջակցության փաթեթները։ Նա շեշտել է օդային պաշտպանության և Ուկրաինայի երկարաժամկետ ֆինանսավորման անհրաժեշտությունը․
«Իհարկե, մենք կքննարկենք բանակցություններում ընդհանուր տեսլականն ու ընդհանուր դիրքորոշումները։ Վերջին օրերին Ուկրաինայի ներկայացուցիչները բովանդակալից քննարկումներ են ունեցել ԱՄՆ նախագահի դեսպանների հետ, և այժմ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը մեկնում են Եվրոպա։ Ես նրանցից ակնկալում եմ մանրամասն տեղեկություն այն ամենի մասին, ինչ ասվել է ամերիկացի դեսպաններին Մոսկվայում, և այն նրբությունների մասին, որոնք ամերիկացիները պատրաստ են փոփոխելու մեզ հետ և ռուսների հետ բանակցություններում»։
Սոցցանցերում Զելենսկին գրել է, որ Ուկրաինան վճռական է՝ շարունակելու համագործակցությունը ամերիկյան կողմի հետ՝ իրական խաղաղության հասնելու համար։
Երկու օր առաջ Զելենսկին հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Դրանից հետո նա ասել է, որ Սպիտակ տան ներկայացուցիչների հետ բանակցությունները բարդ էին, բայց նաև կառուցողական։
«Մենք զրուցեցինք ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Շնորհակալություն եմ հայտնում 24/7 ռեժիմով միասին աշխատելու պատրաստակամության համար: Ամերիկացի դեսպանները տեղյակ են Ուկրաինայի հիմնական դիրքորոշումներին, և զրույցը կառուցողական էր, թեև հեշտ չէր: Մենք շարունակում ենք մեր աշխատանքը:
Որոշ հարցեր կարող են քննարկվել միայն անձամբ։ Ես կխոսեմ նաև եվրոպացի առաջնորդների հետ: Մենք հանդիպումներ ենք նախատեսել Լոնդոնում և Բրյուսելում»:
Կրեմլում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ հանդիպումն արդյունավետ է եղել։
«Ամերիկացի գործընկերների ներկայացրածը հիմնված էր նախագահ Թրամփի հետ ավելի վաղ՝ Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»։
Ռուսաստանի նախագահը հանդիպումից րոպեներ առաջ հայտարարել էր, որ եվրոպական երկրները փորձում են խափանել ռուս-ամերիկայն բանակցությունները՝ Մոսկվայի համար բացարձակ անընդունելի առաջարկներ ներկայացնելով։ Ի պատասխան՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է փորձել դաշինքի զսպվածությունը ԵՄ օդային տարածքը ինքնաթիռներով խախտելուց ու դիվերսիաներից հետո։
Եվրոպական երկրները պնդում են, որ Մոսկվան փորձում է ժամանակ շահել իր ձեռքբերումներն ամրապնդելու համար:
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը, ի մի բերելով կրեմլյան հանդիպումներն ու դրան հաջորդած քննարկումները, հայտարարում է, որ ուկրաինական խնդրի շուրջ համաձայնագիրը բավական մոտ է։ Նա որպես հիմնական խնդիրներ մատնացույց է անում Դոնբասի հարցում ընդհանուր հայտարարի հանգելու կարողությունն ու Զապորոժիեի ատոմակայանի հարցում հնարավոր համաձայնությունը։
«Եթե այս երկու հարցերը լուծվեն, մյուսները բավական սահուն կերպով կընթանան»,-համոզված է Քիթ Քելոգը։
Լուրջ մտահոգության թեմա է նաև ուկրաինացի երեխաների վերադարձի հարցը։ Հումանիտար խնդիրներին անդրադարձ կա Վաշինգտոնի կարգավորման առաջարկում:
Մի քանի օր առաջ ՄԱԿ ԳԱ-ն բանաձև էր ընդունել, որով Մսկվայից պահանջում է անվնաս ու արագ վերադարձնել բռնի տեղահանված կամ արտաքսված ուկրաինացի երեխաներին։
Կիևը ռուսական կողմին շուրջ 400 առևանգվածի անուն է տրամադրել: Նրանց մի մասին ռուսական կողմը արդեն վերադարձրել է։ Ընդ որում՝ տարբեր տեղեկություններ են հաղորդվում առևանգված երեխաների թվի մասին, խոսվում է ընդհուպ 20 հզր երեխայի մասին։
ՄԱԿ ԳԱ ընդունած բանաձևին կողմ է քվեարկել 91, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 57 երկիր, ներառյալ Հայաստանը։ Վրաստանը՝ կողմ է բանաձևին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը։ Ուկրաինացի երեխաների վերադարձի հարցով ՌԴ նախագահ Պուտինին նամակ էր փոխանցել նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Ուկրաինայից տեղահանված երեխաների հարցով՝ Միջազգային քրեական դատարանն օրդեր է տվել՝ ձերբակալելու ՌԴ նախագահ Պուտինին և ՌԴ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։