
Բաքուն կարծում է, որ հայկական կողմը «որևէ հիմք չունի» չընդունելու տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպումը Ադրբեջանում անցկացնելու առաջարկը:
«Մեր առաջարկը մնում է ուժի մեջ», – ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսին ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը:
Այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և 2024 թվականին՝ Թուրքիայում։
«Թուրքիայում կայացած հանդիպման արդյունքով մեր պատվիրակությունն առաջարկել է հաջորդն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշեցինք, որ Ադրբեջանում հանդիպում կազմակերպելուց հետո կհամաձայնենք հաջորդ նիստն անցկացնել նաև Հայաստանում», – նշել է Բայրամովը՝ հավելելով, որ այժ տարածաշրջանային իրավիճակը զգալիորեն փոխվել է:
Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ Իրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը և կողմ է «3+3» ձևաչափի նիստերը նախ Ադրբեջանում, ապա Հայաստանում անցկացնելու առաջարկին, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։