
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երախտագիտություն հայտնելով Խաղաղության Նոբելյան մրցանակի համար իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ։
Հատկանշական է, որ ըստ նամակի բովանդակության՝ այդ առաջադրումը կատարվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ նամակով։
Սպիտակ տան ղեկավարն իր ուղերձում նշել է, որ խորապես գնահատում է այդ քայլը, ինչը ոգեշնչում է իրեն շարունակելու կարևոր առաքելությունը։ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր հանձնառությունը՝ որպես ԱՄՆ նախագահ նպաստելու աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և համընդհանուր բարգավաճման ապահովմանը։
ԱՄՆ նախագահը նաև կարևորել է շարունակական գործընկերությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել անհնարինին։ Նամակի վերջում Թրամփը կրկին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ ցուցաբերած աջակցության համար։