Վիրավոր գազանների առճակատում․ Նոան և Լեգիան պատրաստվում են մրցաշրջանի ամենալարված ճակատամարտին

Դեկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում սպասվող «Նոա» — «Լեգիա» հանդիպումը դուրս է եկել սովորական եվրոգավաթային խաղի շրջանակներից։ Երկու թիմերն էլ խաղին մոտենում են ծանր հոգեբանական վիճակում, ինչը խոստանում է անզիջում պայքար առաջին իսկ վայրկյաններից։

Վարշավյան ակումբը Երևան է ժամանում «Պիաստից» կրած 0։2 հաշվով ծանր պարտությունից հետո։ Գլխավոր մարզիչ Գոնսալու Ֆեյոյի աթոռը ճոճվում է, և ևս մեկ ձախողում կարող է ճակատագրական լինել նրա համար։

Հայկական ակումբը, թեև պարտվել է ԲԿՄԱ-ին (2:3), սակայն խաղադաշտ է դուրս գալու կրկնապատկված մոտիվացիայով։ Մրցավարական սկանդալից և երկու կարմիր քարտից հետո Սանդրո Պերկովիչի սաները ցանկանում են ապացուցել, որ իրենց հաջողությունները պատահականություն չեն։

«Տրոյական ձի» տրիբունաներում․ Անվտանգության տագնապ

Խաղի ինտրիգը թեժացնում է նաև տրիբունաներում սպասվող իրավիճակը։ Չնայած ՈւԵՖԱ-ի կողմից լեհ երկրպագուների մուտքի արգելքին՝ տեղեկություններ կան, որ «Լեգիայի» ֆանատները փորձել են հայ միջնորդների օգնությամբ տոմսեր գնել «Նոայի» երկրպագուների համար նախատեսված հատվածներում։

«Նոան» արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ հյուրընկալվող թիմի երկրպագուների մուտքը տնային սեկտորներ կարգելվի, իսկ տոմսերի գումարը չի վերադարձվի։

Փորձագետների կանխատեսմամբ՝ խաղի ելքը կորոշվի մարտավարական հակադրության մեջ։ Հաշվի առնելով «Լեգիայի» պաշտպանության դանդաղկոտությունը և դիրքային սխալները՝ հայկական թիմը շեշտը դնելու է կայծակնային հակագրոհների վրա։ Էլդեր Ֆերեյրան և Վիրջիլ Պինսոնը կարող են դառնալ լեհերի գլխավոր գլխացավանքը։

Լեհերը հույսը դնելու են անհատական վարպետության վրա։ Հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով ստիպված կլինի խաղալ հարազատ մարզադաշտում՝ հայրենակիցների դեմ։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին, ժամը 21։45-ին։ «Նոայի» հաղթանակը կարող է պատմական դուռ բացել դեպի եվրոգավաթային գարուն, իսկ «Լեգիայի» համար սա, հնարավոր է, վերջին շանսն է՝ փրկելու ձախողվող մրցաշրջանը։

Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment