Իրենց ծագման մասին դեռ բանավիճող ադրբեջանցի «գիտնականներին» զայրացրել են միջազգային գիտական հոդվածները․ «Գեղարդ»-ի պատասխան նամակը

Օրերս «Գեղարդ» հիմնադրամը բողոք-նամակ է ստացել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայից։ Ադրբեջանցի գիտնականների բողոքի պատճառը հատկապես հիմնադրամի այն նյութերն են, որոնք անդրադառնում են Արցախում հայկական մշակույթի յուրացմանը, վանդալիզմի դեպքերին, նաև միջազգային գիտական հրատարակություններում ադրբեջանցիների՝ պատմության կեղծարարություններին ու հակահայ քարոզչությանը։ Նամակի առաջին պարբերությամբ ադրբեջանցի գիտնականները պնդել են, թե «հայերն ապրում են «Արևմտյան Ադրբեջանում»։ Հայ գիտնականները պատասխան նամակով նախ հիշեցրել են, որ ադրբեջանցի գիտնականները դեռ բանավիճում են, թե երբ ու ինչպես առաջացավ իրենց պետությունը, ապա, գիտական էթիկայի սկզբունքների վրա հիմնվելով, առաջարկել անկախ գիտական փորձաքննության ենթարկել վերջիններիս գրած հոդվածները։

Ադրբեջանի Բաքիխանովի անվան պատմության և ազգաբանության ինստիտուտի մոտ երկու տասնյակ գիտաշխատողներ ստորագրել են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամին ուղղված բողոք-նամակի տակ։ Ադրբեջանցի գիտնականնները, պատմական գիտությունների թեկնածու, «Գեղարդ» վերլուծական հիմնադրամի հետազոտող Գոռ Մարգարյանի խոսքով, զայրացել են երկու պատճառով։ Առաջինը հիմնադրամի կայքէջի «Ազերֆեյք», «Ազերվանդալիզմ» բաժիններում ներկայացված նյութերն են, որոնցով հայ գիտնականները մանրամասն անդրադառնում են Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության յուրացմանն և ոչնչացմանը։

«Ադրբեջանցի գիտնականների մյուս բողոքը վերաբերում է «Գեղարդ» հիմնադրամի կողմից տարբեր գիտատեղեկատվական միջազգային շտեմարաններին և գիտական պարբերականներին ներկայացված բողոքի գործունեության մեջ, որի արդյունքում մի քանի պարբերականներ և գիտատեղեկատվական շտեմարաններ որոշել են վերանայել իրենց մոտեցումը, ավելի զգոն գտնվել և այսուհետև ուշադրություն դարձնել` թույլ չտալու համար ադրբեջանցի գիտնականների կեղծարարությունները՝ քարոզչական նարատիվները ադրբեջանական պրոպագանդայի քարոզչության գիտական հոդվածների տեսքով հրատարակելու հարցում»։

«Գեղարդ» հիմնադրամը շարունակելու է միջազգային գիտական պարբերականներին պատմել ճշմարտությունը՝ բացառելու ադրբեջանական կողմի՝ «գիտական հոդվածի» շղարշով հակահայկակական և հակագիտական նյութերի հրապարակումը։ Գոռ Մարգարյանի խոսքով՝ ադրբեջանցի գիտնականները նամակի առաջին իսկ տողից աղավաղել են հայոց պատմությունը՝ գրելով, թե «Հայաստանը իրականում «Արևմտյան Ադրբեջան» է, իսկ Երևանը տարածք է, որն իբր նվիրել են հայերին առաջին հանրապետության տարիներին»․

«Նման կերպ թույլ տվեք ասեմ` ցինիզմով չի կարելի  սկսել հազարամյա պատմություն ունեցող ժողովրդին  նամակը և առաջին պարբերությամբ վիրավորել և ասել` գիտե՞ք ձեր պետությունը «Արևմտյան Ադրբեջանի» տարածքն է, իսկ ձեր մայրաքաղաքը` ձեր Երևանը, դա Երևանի խանությունն է» ։

Առնվազն տարօրինակ է, երբ նման հարցերի են անդրադառնում այն ազգի ներկայացուցիչները, որոնց էթնոկազմավորման գործընթացը մինչեւ օրս ավարտված չէ՝ ասում է արևելագետը․

«Ադրբեջանցի գիտական աշխատողները, որ դեռևս բանավեճի մեջ են գտնվում, թե ինչպիսին է իրենց ծագումը, ովքեր են իրենք, դեռևս չեն կողմնորոշվել, թե պատմակեղծարարության որ ճյուղին հետևեն աղվանների՞ն հայտարարեն իրենց նախնիներ, թուրքերի՞ն, թե մ․թ․ա 3-րդ 1000–ամյակում տարածաշրջանում հայտնված ցեղերին։ Նման մոտեցում ունեցողները իրավունք չունեն խոսելու և մեղադրելու դիմացինին, հայտարարելու հազարամյա պատմություն ունեցող հային «Արևմտյան Ադրբեջանի» տարածք զբաղեցնելու մեջ։ Կարծում եմ` իրենք շատ ավելի լավ գիտեն, որ Ադրբեջան անվանումով պետաքաղաքական որևէ միավոր մինչև 1918-ը գոյություն չի ունեցել»։

Հայ ժողովրդի պատմությանը և պատմամշակութային ժառանգությանը վերաբերող անտարընթերցելի հարցեր կան, որոնք ոչ միայն ադրբեջանցի, այլև ընդհանրապես աշխարհի ոչ մի գիտնականի հետ քննարկման առարկա չեն կարող դառնալ։ Դրանք վաղուց անվիճելի ճշմարտություններ են՝ մանրամասնում է Գոռ Մարգարյանը․

«Անհնար է Հայաստանը հռչակել «Արևմտյան Ադրբեջան» և ադրբեջանցիների այդ դիսկուրսը քննարկել։ Հասկանու՞մ եք։ Անհնար է հավատալ, ընդունել և քննարկման թեմա դարձնել այն հանգամանքը, որ ոչ թե Երևանի, Նախիջևանի խանություններն են առաջացել Հայաստանի տարածքում, այլ Հայաստանն է առաջացել Նախիջևանի և Երևանի խանությունների տարածքում, ինչպես ադրբեջանցի գիտնականներն են լիովին համոզված, բայց լիովին համոզված լինելը և պատմական դառը իրականությունը այս դեպքում ադրբեջանցի գիտական աշխատողների համար իրարից տարբեր բաներ են»։

Ադրբեջանցի գիտնականները չեն պատասխանել «Գեղարդի» պատասխան նամակին։ Գոռ Մարգարյանը խիստ կասկածում է, թե երբևէ կպատասխանեն, քանի որ դրա մեջ ադրբեջանցիների համար անլուծելի մտավարժանք են պատրաստել։ Հայ հետազոտողները փաստերով թվարկել են Եվրոպայում դեռ 16-րդ դարից տպագրված գրքեը, ամսագրերն ու հրատարակությունները, որոնք անդրադառնում են Հայաստանի պատմությանն ու հայ մշակույթին ու առաջարկել գոնե մեկ նման հրապարակում գտնել, որ կվերաբերի Ադրբեջան անունով պետությանը կամ դրա մշակույթին․

«Արդյոք կկարողանա՞ն գոնե մեկ օրինակ գտնել, գոնե ամենափոքր մի հրատարակության, գոնե ամենաաննշան մի հրատարակություն գտնեն 17-18 դարերի՝ ադրբեջանցի ժողովրդի կամ Ադրբեջանի պատմության վերաբերյալ։ Հայ ժողովրդի և Հայաստանի պատմության վերաբերյալ դրանք բազմաթիվ են, բայց Ադրբեջանի պատմության վերաբերյալ դրանք տրամաբանորեն հասկանալի պատճառներով, որ գոյություն չի ունեցել ոչ ադրբեջանցի ժողովուրդ և ոչ էլ Ադրբեջան պետություն, նման աշխատություններ գոյություն ունենալ չեն կարող և չկան»։

Հայ հետազոտողները գիտական էթիկայի սկզբունքների վրա հիմնվելով՝ ադրբեջանցի գիտնականներին առաջարկ են ներկայացրել, մեջբերում, «այսուհետև կարող եք ուղարկել հետազոտությունների նախնական տարբերակներն ու սևագրերը։ «Գեղարդի» անաչառ մասնագետները գիտական փորձաքննության կենթարկեն և կխմբագրեն այդ նյութերը, կմատնանշեն մեթոդաբանական անճշտությունները, կուղղեն փաստական սխալները, կներկայացնեն առաջարկություններ՝ ապագա հրապարակումները ակադեմիական չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Այդպիսի մոտեցման շնորհիվ ադրբեջանցի գիտնականների աշխատանքները հեշտությամբ կարող են համապատասխանել ակադեմիական միջազգային ստանդարտներին, կմաքրվեն հակագիտական ու հակահայկական քարոզչանյութից, ինչից հետո դրանք հրատարակվեն գիտական ամսագրերի մեծ մասում», մեջբերման ավարտը. ընդգծել են հայ պատմագետները։

Leave a Comment