Աշխատակիցները մի բան են պնդում, տնօրենը՝ մեկ այլ
Ըստ 2023 թ. դեկտեմբերի 23-ի ՀՀ կառավարության «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական եւ ճարտարագիտական պաշտոնները եւ դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» N 2298-Ն որոշման, գիտական պետական կազմակերպություններում պաշտոններն ունեն համապատասխան տարակարգեր, եւ ըստ այդմ յուրաքանչյուր աշխատակցի պետք է ընդունել հաշվի առնելով՝ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը։ Սակայն ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Մերի Մանուչարյանը, ըստ աշխատակիցների, ընդունել կամ մեկ պաշտոնից մեկ այլ պաշտոնի է տեղափոխել մի շարք աշխատակիցների, որոնք կարգի համաձայն չեն համապատասխանել տվյալ տարակարգին կամ պաշտոնին վերագրվող նվազագույն չափանիշներին:
Ըստ մեզ փոխանցված փաստաթղթերի, ավելի քան 10 մլն դրամ ՀՀ պետական բյուջեի միջոցներ ոչ արդյունավետ են օգտագործվել միայն նոր աշխատակիցների գործի ընդունելու արդյունքում: Հաշվարկը կատարված է 2024թ. եւ 2025թ. հունիս ամիսը ներառյալ, հաշվարկի մեջ որպես փաստացի նշանակված պաշտոնին ստացված աշխատավարձի եւ լավագույնս չափանիշներին բավարարվող պաշտոնին նշանակված լինելու դեպքում ստացված աշխատավարձի տարբերությունն է։ Աշխատավարձերը հաշվարկված են ըստ հաստիքացուցակի, իսկ ավագ լաբորանտի աշխատավարձը վերցված է կառավարության կողմից հաստատված գիտաշխատողների աշխատավարձերի հաշվարկի սանդղակից:
Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, 2025թ. հունվարի առաջին տասնօրյակում ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատողները տեղեկացվել էին, որ գիտխորհրդի կողմից որոշում է կայացվել՝ ըստ որի պետք է իրենց պաշտոնները իջեցվեն, քանի որ ինստիտուտը ոչ արդյունավետ է աշխատել։ ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից կազմակերպվել է մոնիթորինգ 2022-2023թթ. ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գործունեության արդյունավետությունը գնահատելու համար՝ հիմքում դնելով այդ ժամանակահատվածում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում գիտաչափական շտեմարանում տպագրված հոդվածների քանակը՝ մեկ գիտաշխատողի հաշվով։ Այդ մոնիթորինգի արդյունքում էլ ինստիտուտի ֆինանսավորումը կրճատվել է։ Եթե 2024թ.-ին ֆինանսավորումը 188 793 884 ՀՀ դրամ էր, ապա 2025թ.-ին կազմել է 152 166 800 ՀՀ դրամ։
Ինստիտուտից «Առավոտին» փոխանցեցին, որ հիմք ընդունելով հունվարին կայացրած գիտխորհրդի որոշումը՝ տնօրենն իջեցրել է աշխատակիցների տարակարգերը։ Որոշումը ենթադրում էր պաշտոնների իջեցում, որոնք չունեն գեթ մեկ հրապարակում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ինդեքսավորված։ Բայց, ըստ ինստիտուտի աշխատակիցների, իրականացվել է կամայական վերաբերմունք եւ ոչ բոլորի վրա է կիրառվել կայացրած որոշումը, քանի որ կան մարդիկ, որոնք չեն ունեցել ոչ մի հրապարակում, բայց չի իջեցվել իրենց տարակարգը, հետեւաբար նաեւ աշխատավարձերը։ Վերջիններից ոմանք եղել են ՀՀ Մանուչարյանի խորհրդական ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանի ասպիրանտները։ Ընդ որում, ըստ ինստիտուտի աշխատակիցների, ֆինանսավորումը կրճատվել է, բայց ոչ մի վարչական աշխատողի աշխատավարձ չի կրճատվել, այլ անգամ բարձրացել է:
Ի դեպ, 2025թ.-ին ՀՀ ԳԱԱ-ի հետ համաձայնեցված նպատակային ցուցանիշների մասով, մասնավորապես միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակումների կտրվածքով հրապարակումների քանակը 2025-ին նվազել է 10-ով՝ 2024 թ. 13-ի համեմատ։
«Առավոտը» Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Մերի Մանուչարյանին գրավոր հարցում էր ուղարկել: Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհուրդն ունի՞ կանոնադրական լիազորություններ՝ որոշում կայացնելու, որի հիմքով աշխատակիցների տարակարգերը իջեցվեն, հետեւաբար նաեւ՝ աշխատավարձերը եւս, արդյոք այդ որոշման հիման վրա՞ են իջեցվել գիտաշխատողների տարակարգերը: Արդյոք 2025 թ. հունվարին ՀՀ ԳԱԱ ՏԻ գիտխորհրդի ընդունած որոշումը կիրառվել է հավասարապես բոլո՞ր աշխատակիցների նկատմամբ, թե՞ եղել է խտրական վերաբերմունք։ Արդյո՞ք 2024թ. հուվարի 1-ից աշխատակիցներ ընդունելիս պահպանվել են ՀՀ կառավարության «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական եւ ճարտարագիտական պաշտոնները եւ դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» համապատասխան որոշման բոլոր կետերը:
Նաեւ հարցրել էինք՝ արդյոք Տնտեսագիտության ինստիտուտի կողմից 2023 եւ 2024թթ. ապահովվել են նպատակային/արդյունավետության ցուցանիշները, որոնք սահմանված են համապատասխան պայմանագրերով։ 2025թ. հունվարին, երբ որոշ գիտաշխատողների տարակարգի եւ աշխատավարձի իջեցում է եղել, նախկինում նրանք արդյոք չե՞ն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները եւ/կամ նախազգուշացվել են, հետո ենթարկվել կարգապահական տույժի, որը կարող էր հանգեցնել այդպիսի արդյունքի:
Տիկին Մանուչարյանից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «2025թ. ֆինանսավորման կրճատումը հանգեցրել է գիտահետազոտական թեմաների օպտիմալացմանը։ Պահպանելով 70-ամյա ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունները` հարցը քննարկվել եւ միաձայն հաստատվել է գիտական խորհրդի նիստում։ 2025 թ. հայտով ներկայացված 7 գիտական թեմաները խոշորացվել են 5–ի` հիմք ընդունելով թեմաների ուղղվածությունը, արդիականությունն ու վերջին տարիներին նմանատիպ թեմաների ուսումնասիրվածության աստիճանը։ Նույն խնդրով պայմանավորված՝ կատարվել է բոլոր գիտաշխատողների տարակարգերի վերանայում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի` 2024 թ. հոկտեմբերի 29-ի N2033–Ա/2 հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 13.12.2024թ. նիստի ընթացքում որպես գիտական կազմակերպությունների գիտական արդյունավետության ցուցիչ ընդունվել է գիտաշխատողների կողմից միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական աշխատանքների թիվը, վերոնշյալ գիտական խորհրդի նիստում միաձայն որոշվել է օպտիմալացման շրջանակներում վերանայել բոլոր գիտաշխատողների տարակարգերը եւ նախորդ 4 տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում որեւէ հրապարակում չունեցող գիտաշխատողների տարակարգերն իջեցնել մեկ նիշով, իսկ նման հրապարակում ունեցողների տարակարգերը թողնել անփոփոխ:
Այսինքն, նույնիսկ այս պարագայում արդյունավետ աշխատող ոչ մի գիտաշխատող ֆինանսապես չի տուժել, ավելին` գիտաշխատողների գերակշիռ մասի աշխատավարձերը «Գիտական կադրերի նվազագույն պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցների» (ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N747-Լ որոշում) համաձայն՝ 2025թ. հունվարից բարձրացել են։ Գիտական խորհրդի հիշյալ նիստի արդյունքները ներկայացվել են կոլեկտիվի ընդհանուր ժողովում, փոփոխությունների վերաբերյալ բոլոր աշխատակիցները պատշաճ կերպով ծանուցվել են, եւ ստորագրվել են նոր համաձայնագրեր։
ՀՀ կառավարության «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական եւ ճարտարագիտատեխնիկական պաշտոնները եւ դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» N 2298-Ն որոշումը` ընդունված 2023թ. դեկտեմբերի 23-ին, վերաբերում է գիտական կադրերի ատեստավորմանը, իսկ 2024թ. հունվարի 1-ից մինչ օրս ինստիտուտում ատեստավորում չի իրականացվել։
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը ՊՈԱԿ է, եւ կանոնադրության համաձայն, ինստիտուտի կառավարումն իրականացնում են հիմնադիրը` լիազորված պետական մարմինը` ՀՀ ԳԱԱ-ն եւ գործադիր մարմինը` տնօրենը։ Հետեւաբար ինստիտուտի տարեկան գործունեությունն ամփոփվում է հաշվետվությամբ, որն էլ գնահատվում է լիազորված պետական մարմնի կողմից։
Ինստիտուտը միշտ էլ ապահովել է գիտական արդյունավետության ցուցանիշները, որի մասին վկայում են նախորդ 2 տարիներին հրապարակված 270-ից ավելի գիտական աշխատանքները, կազմակերպված հանրապետական եւ միջազգային 17-ից ավելի գիտական միջոցառումները, պաշտպանված թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունները, ստորագրված միջազգային համագործակցության հուշագրերը, արտասահմանյան գիտնականների ընդունելությունը եւ այլն։
Ցանկանում եմ փաստել, որ 2025թ. հունվարի դրությամբ եւ մինչ օրս ինստիտուտում չկան կարգապահական տույժի ենթարկված անձինք, ինչպես նաեւ ինստիտուտի բոլոր ստորաբաժանումները աշխատում, որոշումներ են կայացնում իրենց լիազորությունների շրջանակներում»։
Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: