ԵՄ-ն տուգանել է Մասկի X սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով

Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 5-ին տուգանել է միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող X միկրոբլոգային ծառայությանը՝ գովազդի և օգտատերերի հաշիվների անբավարար թափանցիկության համար։

Ըստ եվրոպական կարգավորողի՝ X-ը անպատշաճ կերպով է մշակում և օգտագործում է իր ինտերֆեյսը կապույտ նշանով հաշիվների համար, ինչը կարող է օգտատերերի շրջանում կասկածներ առաջացնել պրոֆիլների իսկության և այնտեղ տեղադրված բովանդակության հավաստիության առումով: Ավելին, ըստ ԵՄ-ի, միկրոբլոգային ծառայությունը չի համապատասխանում գովազդի թափանցիկության պահանջներին և հասանելիություն չի տրամադրում ընդհանուր տվյալներին։

Եվրոպական հանձնաժողովը X-ին 60 օր է տվել կապույտ նշանի հետ կապված խախտումները շտկելու և 90 օր՝ գովազդի թափանցիկությանը և տվյալների հասանելիությանն առնչվող խնդիրները լուծելու համար։

X-ի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2023 թվականին: 2024 թվականի ամռանը Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր, որ սոցիալական ցանցը խախտում է ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքի մի քանի հոդվածներ: ԵՄ-ում շարունակվում են նաև միկրոբլոգային ծառայության նկատմամբ այլ հետաքննություններ, որոնք վերաբերում են անօրինական բովանդակության տարածման և տեղեկատվության մանիպուլյացիայի դեմ X-ի կողմից ձեռնարկված միջոցառումներին:

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը մեղադրել է Բրյուսելին ամերիկյան ընկերությունների վրա անհիմն հարձակումների մեջ: Նա X-ում գրել է, որ հարթակը պատժվում է «չգրաքննելու» համար: «ԵՄ-ն պետք է աջակցի խոսքի ազատությանը, այլ ոչ թե հարձակվի ամերիկյան ընկերությունների վրա», — քննադատել է նա եվրոպական կարգավորողի գործողությունները:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկկունենը չի ընդունել այս մեղադրանքները: Նա X-ի նկատմամբ տուգանքը անվանել է համաչափ և գրաքննության հետ կապ չունեցող: Նրա խոսքով՝ որոշում կայացնելիս ԵՄ-ն հաշվի է առել խախտումների լրջությունը՝ «օգտատերերի վրա դրանց ազդեցության և տևականության առումով»:

Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս քննադատել է ԵՄ թվային օրենքները: Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է նոր մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների վրա, որոնց օրենքները, իր կարծիքով, ուղղված են ամերիկյան ընկերություններին «վնաս հասցնելուն»։

Leave a Comment