ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստացել է ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակը 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողության ժամանակ, հայտնում է The Telegraph-ը։
Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում։ Մրցանակի հայտարարման տեսանյութում ընդգծվում էր, որ ԱՄՆ նախագահը մրցանակը ստանում է, մասնավորապես, աշխարհում մի քանի զինված հակամարտություններին վերջ դնելու իր ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը կարգավորելու իր շարունակական ջանքերի համար։
Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է հակամարտությունները կարգավորել կյանքեր փրկելու, այլ ոչ թե մրցանակների համար։ «Իրականում ես ուզում եմ կյանքեր փրկել։ Ես չեմ ուզում մրցանակներ։ Ես փրկել եմ միլիոնավոր կյանքեր։ Ահա թե ինչին եմ իրոք ձգտում», – ասել է նա։
ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակը սահմանվել է 2025 թվականին, և Թրամփը դարձել է դրա առաջին դափնեկիրը։
Թրամփը բազմիցս հայտարարել է Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալու իր ցանկության մասին, բայց այս տարի չի արժանացել դրան։ Նրա կողմնակիցները պնդում են, որ Իսրայելի և Գազայի միջև խաղաղության համաձայնագիրը նրան դարձնում է 2026 թվականի ամենաարժանի թեկնածուն։
