13 հրապարակված և 1 անհետացած փաստաթուղթ․ նոր հարցեր՝ բանակցային փաթեթների հրապարակումից հետո

Հայաստանի ներքաղաքական դաշտում հեռակա բանավեճի մեջ մտած, բայց ուղիղ եթերում այդպես էլ միմյանց չհանդիպած վարչապետն ու նախկին նախագահները համոզված էին, որ ԼՂ կարգավորման բանակցային փաստաթղթերը հրապարակելուց հետո բանավեճի թեման կսպառվի։ Շուրջ 10 ամիս առաջ վարչապետը հանձնարարել էր գույքագրել ԱԳՆ-ում առկա բանակցային փաստաթղթերը: Նախորդ ամիս, արձագանքելով Հայաստանի նախկին նախագահների հարցազրույցներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն: Մի շարք փաստաթղթեր կառավարությունը հրապարակեց, բայց քննարկումը ոչ թե դադարեց, այլ նոր թափ առավ։

Գործադիր մարմնի պաշտոնական կայքում օրերս հրապարակված փաստաթղթերը և դրանց հիմքով՝ կառավարության եզրակացությունը, նոր հարցեր են առաջացրել ԼՂ հարցով բանակցային գործընթացի և գործող իշխանությունների քայլերի առնչությամբ։

Դեռևս չպարզաբանված հարցերից են՝ ինչու հրապարակված փաստաթղթերի շարքում չկա Քի Վեսթի տարբերակը, ինչու է Մեղրիի և Ղարաբաղի փոխանակմանն առնչվող պաշտոնական փաստաթղթի փոխարեն հրապարակվել  «Հայկական ժամանակ» թերթում 2008 թվականի հրապարակումը, ինչու է նախկին ղեկավարներից միայն Սերժ Սարգսյանի նամակը հանրայնացվել, իսկ մյուս առաջնորդների գրագրությունը՝ ոչ, ինչու են բացակայում հայկական կողմի պատասխանները և, առհասարակ՝ ի՞նչ հիմքով և սկզբունքով են ընտրվել հրապարակման ենթակա փաստաթղթերը։

Թե ինչ հարց լուծեց բանակցային գործընթացին վերաբերող որոշ փաստաթղթերի հրապարակումը, հակիրճ կարելի է պատկերացնել Աժ-ում ընդդիմադիր և իշխանական պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Անդրանիկ Քոչարյանի փոխադարձ մեղադրանքներից։

– Ձեր կուսակցական ծրագրերով մենք ամբողջ Արցախն ենք կորցրել։

–Պարոն Օհանյան, մենք Արցախը կորցրել ենք շատ, շատ վաղուց։ Դուք լավ գիտեք։

Բանակցային փաստաթղթերի հրապարակումը տարբեր կուսակցությունների և գործիչների շրջանում նոր հարցեր է առաջացրել։ Նույն փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են յուրովի։

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, օրինակ, միջազգային միջնորդների կողմից 44-օրյա պատերազմից առաջ՝ 2019-ին արված առաջարկների մասով պնդում է, որ եղել է երկու առաջարկ՝ ապրիլին և հունիսին։ Ըստ Զուրաբյանի՝ կառավարությունը չի հրապարակել ապրիլին ստացած կարգավորման պլանը։ Բանակցային փաթեթներից լավագույնը ընդդիմադիր գործիչը համարում է 1997 թվականի փուլային պլանը, բայց 2019-ի առաջարկները նույնպես Հայաստանի և Արցախի շահերից բխող է որակում։ Նա շահավետ է համարում առաջարկները, որոնք հաստատում էին խաղաղություն և ապաշրջափակում, միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ տարածքում, նաև՝ այն հինգ շրջանում, որտեղից պետք է հայկական ուժերը դուրս գային։ Բայց ամենակարևորը՝ ընդդիմադիր գործիչը բացահայտում է, թե ինչ քողարկված նպատակներով և հույսով էր հայկական կողմը բանակցում այս փաթեթի շուրջ․

«Մենք ստանում էինք խաղաղություն` պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարը և Լաչինը։ Այս հարցերի շուրջ երբեք, ես ձեզ պատասխանատու ձևով ասում եմ` երբեք ձեռք չէր բերվելու որևէ համաձայնություն, և բոլորը գիտակցաբար գնում էին այս պլանի իրականացմանը։ Որովհետև այս հարցերի շուրջ, քանի որ չէր ձեռք բերվելու համաձայնություն, ամբողջ իրականացումը խաղաղության պլանի կավարտվեր առաջին փուլի իրականացմամբ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը և Արցախը լեգիտիմորեն կպահպանեին իրենց վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի վրա, գումարած դրան՝ Քելբաջարն ու Լաչինը։ Ընդ որում՝ երաշխավորված խաղաղության պայմաններում։ Սա էր այս ամբողջ պլանի էությունը։ Իսկ եթե հանկարծ Ադրբեջանի համար շատ կարևոր դառնար Քելբաջարի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը, Ադրբեջանը պետք է գնար արմատական զիջումների Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատման հարցում»։

Քանի որ քողարկված նպատակները բանակցային փաստաթղթերում չեն երևում, Հայաստանի վարչապետը նախօրեին խորհրդարանում կարևոր էր համարել կարդալ և հասկանալ, թե ինչ է գրված, որովհետև այն, ինչ մատուցվում է, 20-25 տարվա քարոզչության արդյունքն է։ Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե 2019-ի առաջարկների մերժումով պատերազմ է հրահրվել, վարչապետ Փաշինյանը կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, ընդգծել է այն հիմնական խնդիրը, որը թերևս վերաբերում է նաև Հայաստանի նախկին իշխանությունների քողարկված նպատակներին։

«Մենք երբեք չենք հրաժարվել բանակցելուց։ Միշտ բանակցել ենք և բանակցել ենք մեր պատկերացումներին, ՀՀ-ում գեներացված պատկերացումներին համապատասխան։ Խնդիրը առաջացել է այն ժամանակ, երբ արձանագրել ենք, որ իրական բանակցություններում, դիվանագիտական և միջազգային հարթակներում ձևավորված բովանդակությունը ահռելի խզում ունի այն բովանդակության հետ, որը երկար տարիներ ՀՀ պաշտոնյաները հանրությանը ներկայացրել են որպես մի ուղղություն, որով զարգանում է Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը»։

Ինչ վերաբերում է հրապարակված փաստաթղթերում Քի Վեսթի բանակցային փաթեթի բացակայությանը, ապա ըստ Հայաստանի վարչապետի՝ նման փաստաթուղթ չի եղել կամ չի պահպանվել պետական մարմինների արխիվներում։ Այդ բանակցությունների անմիջական մասնակիցներին և թիմակիցներին է հորդորել հրապարակել այն։

«Քի Վեսթը պաշտոնական թղթերի մեջ չկա, որովհետև դա ոչ թե բանակցային բովանդակություն է, դա դավադրություն է։ Դա դավադրություն է, որի համատեքստում տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27–ը։ Դուք հրապարակեք Քի Վեստի թուղթը։ Հրապարակե՛ք։ Եթե գաղտնիության խնդիր կա, ես պաշտոնապես ասում եմ, խոստանում եմ` կառավարությունը որոշում կկայացնի ապաագաղտնիացնելու։ Տվե՛ք այդ թուղթը, 10 օր ժամանակ տվեք, կստուգենք, կապագաղտնիացնենք՝ հրապարակե՛ք։ Բայց ասում եմ` ԱՄՆ կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը ոչ միայն փաստաթուղթն է հրապարակել, փաստաթղթի հետ ցանկացած գործողություն հրապարակել է»։

Քի Վեսթի բանակցային փաստաթուղթը հրապարակելու մասին վարչապետի հորդորը առավելապես ուղղված է ԱԺ «Հայաստան» դաշինքին և այդ ուժի առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հենց նա էր ղեկավարում բանակցությունները Քի Վեսթի համաձայնությունների շրջանում, և հենց այդ բանակցությունների ժամանակ էր շրջանառվում Մեղրին ու Ղարաբաղը փոխանակելու հարցը։

Ռոբերտ Քոչարյանի փոխարեն Քի Վեսթի բանակցություններին առնչվող հարցին պատասխանել է նրա որդին, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։

«Այն, որ ասում են, որ դա չկա։ Ասենք թե չկա, չգիտեմ՝ ինչ պատճառով չկա ԱԳՆ-ում, ես համոզված եմ, որ դա ունի և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ ԵԱՀԿ դեպոզիտարիայում միանշանակ կա։ Իրենք փորձե՞լ են դա ունենալ, թե՞ չէ։ Մեղրին փոխանակելու տարբերակ․․․ նման բան չի եղել, հասկանու՞մ եք, խոսք է եղել ճանապարհ տրամադրելու մասին, որի դիմաց Արցախը դառնում էր Հայաստանի մաս»։

Այն, որ ժամանակին ԱԳՆ-ում տեքստը եղել և պահպանվել է, պնդում է լրագրող, հրապարակախոս, «Անի» վերլուծական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը։ Ֆեյսբուքյան գրառմամբ և այնուհետև՝ քննարկումներում նա պնդել է, որ 2005 թվականին իրեն հատկացված 1 ժամվա ընթացքում անձամբ տեսել և կարդացել է ԱԳՆ-ում պահվող փաստաթուղթը։ Իսկ թե ով է իր տուն տարել Քի Վեսթի տեքստը կամ ուր է այն հիմա, այլ հարց է, որի պատասխանը, փաստորեն, շատերը դեռ չգիտեն։

Leave a Comment