ՀԷՑ-ի հետագա կառավարման վերաբերյալ կա երկու տարբերակ․ մեկն ընկերությունը պետական սեփականություն դարձնելն է, մյուսը՝ կառավարման փորձ ունեցող հեղինակավոր ընկերությանը մասնավորեցնելը, պատասխանելով «Ռադիոլուր»–ի հարցին կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ռադիոլուր»–ը հիշեցրել էր Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի՝ օրերս արած հայտարարությունը, որ պատրաստ են Հայաստանին օժանդակելու ՀԷՑ-ը տարածաշրջանային՝ Վրաստանի ու Թուրքիայի էլեկտրացանցերին միացնելու հարցում և հետաքրքրվել, թե արդյոք այս հայտարարությունը նշանակում է, որ էլեկտրացանցերի կառավարման գործում մասնակցություն կարող են ունենալ նաև տարածաշրջանային երկրները, մասնավորապես Վրաստանը կամ Թուրքիան:
ԵՄ հանձնակատարի հայտարարությունը, թե պատրաստ են օժանդակելու Հայաստանի էլեկտրացանցերը տարածաշրջանային՝ Վրաստանի և Թուրքիայի հաղորդման գծերին միանալու հարցում, որեւէ կապ չունի ՀԷՑ-ի կառավարման խնդիրների հետ, պատասխանելով «Ռադիոլուր»–ի հարցին՝ ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունը վերաբերում է շատ կոնկրետ նախագծի։ Խոսքը, ըստ վարչապետի, փոխարկիչներ տեղադրելուն է վերաբերում, որի իրականացումը պահանջելու է որոշակի համակարգերի հատվածներ անջատել, իսկ այդ սարքավորումները հնարավորություն կտան էլեկտրաէներգիա արտահանելու և ներմուծելու։
«Հնարավորություն ունենա էլեկտրաէներգիա ներմուծել և արտահանել։ Եվ դա բացարձակապես որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդիրների հետ»։
Օրերս՝ Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, որ կառույցը նախատեսում է Հայաստանի հետ ավելի սերտ անվտանգային գործակցություն։ Խոսքը, օրինակ, Growth Plan ծրագրի մասին է, որով ԵՄ–ն և՛ ֆինանսական, և՛ փորձագիտական աջակցություն կտրամադրի։ ««Կապակցվածության» օրակարգի շրջանակում, երբ ես Տաշքենդում էի, ստորագրեցինք, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը: Դրա արժեքը 500 մլն եվրո է»,— լրագրողներին տեղեկացրել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը։ Մարթա Կոսը նաև մանրամասնել էր.
«Այսօրինակ մեծ նախագծերում մենք աշխատում ենք միջազգային ֆինանսական կառույցների հետ, այս դեպքում՝ գերմանական KfW բանկի։ Սա 500 միլիոնանոց ներդրում է էլեկտրացանցի համար՝ ձեր էլեկտրացանցը վրացականի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ. որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից: Եվ սա, գիտեք, մեր փորձառությունն է նաև: Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի և նաև մեզ համար: Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց, Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և, կարծում եմ, նավթի 40%-ը: Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է»:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել էր, որ դա նախագծերից մեկն է, որը հնարավոր է դառնում «կապակցվածության» օրակարգի միջոցով: Կոսը հայտնել էր, որ հանդիպել է նախարարների հետ, խնդրել ներկայացնել առաջնահերթությունների ցանկը, նաև օգնություն առաջարկել պատկան կառույցներն ուժեղացնելու համար, որպեսզի կարողանան իրականացնել այս նախագծերը։
Վարչապետի պարզաբանմամբ՝ ԵՄ–ի այս նախաձեռնությունը ՀԷՑ–ին չի առնչվում։
Վերջինիս հարցում հիմնական խնդիրը ռազմավարական մոտեցումն է՝ ասում է գործադիրի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի կառավարման խնդրի մասին կառավարության դիրքորոշումն արդեն ներկայացվել է։ Տարբերակները երկուսն են։
«Տարբերակ 1. դա ամբողջությամբ դառնում է պետական սեփականություն և հանձնվում է հավատարմագրված կառավարման։ Եվ երկրորդ տարբերակը՝ մասնավորեցվում է միջազգային հեղինակավոր, ոլորտի կառավարման փորձ ունեցող ընկերության»։
Վարչապետի խոսքով՝ իր համար նախընտրելին առաջինն է, այսինքն՝ ամբողջությամբ պետական սեփականություն դառնալը։ Սակայն քանի որ այդ դեպքում պետք է նաև վճարումներ արվեն, շատ բան կախված է նրանից, թե ինչ օբյեկտիվ գին կորոշվի ՀԷՑ-ի համար։
«Եթե այդ գինը կրելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ դա լինի 100 տոկոս պետական սեփականություն և հանձնվի հավատարմագրված կառավարման պրոֆեսիոնալ ընկերության։ Եթե հանկարծ պարզվի, որ որևէ պատճառով սա հնարավոր չի լինում իրագործել, կգնանք երկրորդ տարբերակով, բայց մեր «պլան Ա»-ն առաջինն է, այսինքն, որ սեփականատերը լինի Հայաստանի Հանրապետությունը»։
ՀէՑ-ին առնչվող մի շարք հարցեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս քննարկել էր նաև ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ։ «Եթե տեսնենք, որ այդ ծախսն արդարացված չէ պետական բյուջեի համար, ուրեմն թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող կներգրավենք»,— շեշտել էր վարչապետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեք կողմ և մեկ դեմ ձայներով դադարեցրել էր ՀԷՑ-ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։