Մեծ Բրիտանիայում գործող Humanoid ընկերության մշակած HMND 01 Alpha Bipedal ռոբոտը քայլել սովորել է իր գործարկումից ընդամենը երկու օր անց․ մի գործընթաց, որը ռոբոտաշինության մեջ սովորաբար շաբաթներ կամ ամիսներ է տևում․ գրում է Euronews-ը։
Ռոբոտը պատրաստվել է ընդամենը 5 ամսում՝ սկզբնական նախագծումից մինչև գործարկման փուլ։ Սովորաբար նման ռոբոտներ հավաքելու համար պահանջվում է 18-24 ամիս։
Alpha ռոբոտի հասակը 179 սմ է․ նա կարող է մինչև 15 կիլոգրամ ծանրություն կրել։
Ռոբոտի վրա տեղադրված են տեսախցիկներ, սենսորներ և միկրոֆոններ, որոնք նրան թույլ են տալիս ընկալել շրջակա միջավայրը։ Նա կարող է քայլել ուղիղ կամ կոր ճանապարհներով, ցատկել, վազել, շփվել մարդկանց հետ։
«HMND 01-ը նախատեսված է արդյունաբերական և կենցաղային միջավայրերում իրական աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար։ Արտադրական ոլորտները բախվում են աշխատուժի մինչև 27 տոկոսի պակասի՝ արտադրության մեջ թողնելով զգալի բացեր, իսկ միլիոնավոր մարդիկ կատարում են ծանր ֆիզիկական աշխատանք։ Այս առումով ռոբոտները կարող են զգալի աջակցություն ցուցաբերել», – ասել է Humanoid-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտեմ Սոկոլովը։
Նա նաև նշել է, որ տնային միջավայրում նման ռոբոտները կարող են օգնել տարեց մարդկանց կամ ֆիզիկական սահմանափակումներ ունեցողներին։