Նախօրեին հրապարակված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը քաղաքական նոր բանավեճի առարկա են դարձել։ Ընդդիմությունը պնդում է, որ փաթեթն ամբողջական չէ, իսկ հրապարակված փաստաթղթերն ապացուցում են, որ կար Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հայանպաստ տարբերակ։ Վարչապետ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները քննադատությանը հարցով են պատասխանում․ եթե կար այդպիսի տարբերակ, ինչո՞ւ նախկին նախագահները չկարգավորեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր շաբաթներ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, Մինսկի խմբի լուծարումից ժամեր անց կառավարության կայքում հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր։ 13 թղթապանակների մեջ ամենահինը ՄԱԿ անվտանգության խորհրդի 4 բանաձևերն են՝ ընդունված 1993 թ․ ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։ Ամենաթարմը ՄԽ-ի 2019-ի հունիսով թվարգրված առաջարկներն են։ Փաթեթում նաև կառույցի տարբեր տարիներին արված առաջարկներն են՝ Մադրիդյան սկզբունքներից ու Կազանի փաստաթղթից մինչև Մեղրու և Ղարաբաղի փոխանակման տարբերակ։
Հրապարակումից հետո կառավարության կայքում «Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը» վերտառությամբ գործադիրը մեկնաբանեց փաստաթղթերի բովանդակությունը։ Մասնավորապես, ըստ այդ հաղորդագրության, «Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրանից հետո հակամարտության կարգավորման բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ միացման շուրջ։ Բանակցությունների հիմնական առարկան եղել է այն, որ Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո»։
Արդեն խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ 2018-ի հեղափոխությունից հետո իրեն ներկայացված միակ փաստաթղթին՝ Մինսկի խմբի առաջարկներին, որ կառավարության կայքում հրապարակված է 2019 և 2016 թվականներով։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը, այդ փաստաթուղթը սկսվում է «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ» բառերով․
«Երբ ես 2018 թ.-ին վարչապետ եմ դարձել, ես խնդիր եմ դրել համանախագահների առաջ, ասել եմ` ստեղ թղթեր կան լիքը, ես չեմ հասկանում էս թղթերից որը որն է, ո՞րն է էս պահի մեկնարկային կետը, բանակցային գործընթացի նախորդող շրջանի ամփոփումը, սեղմագիրը։ 2019 թվականի հունիսի թուղթը դա է, երբ որ ես ասել եմ` ինձ ասեք` ո՞րն է սեղմագիրը նախորդող շրջանի, համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, և էդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ` լավ, ես կարդում եմ, իմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը։ Հիմա էս փաթեթներով կարա՞ Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում որևէ այս մեխանիզմով։ Եվ հնչել է շատ հստակ պատասխան` այո, եթե Ադրբեջանը համաձայնվի»։
Վարչապետը հղում է անում Սերժ Սարգսյանի՝ 2018 թ․ ապրիլին նույն ամբիոնից ունեցած ելույթին և պնդում, որ Սարգսյանը առանց տարընթերցման հայտարարել է, որ բանակցային գործընթացը փակուղում է․
«100 անգամ ասել եմ` բա որ տենց շանսեր կար, բա ինչի՞ չեք լուծել, եկեք անդրադառնանք այս հարցին։ Այսինքն` եղե՞լ է լուծման, ինչպես իրենք են ասում` հայամետ լուծման շանս է եղել, դուք չեք արել, բա ինչի՞ եք մեզ դավաճան ասում, ուրեմն դուք եք դավաճան»։
«Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը հակադարձում է՝ 2019-ի փաստաթղթում գրված է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը որոշվելու է ժողովրդի՝ իրավական ուժ ունեցող հանրաքվեով։ Ընդհանրապես, հրապարակված գրեթե բոլոր փաստաթղթերը հակամարտության լուծման ավելի լավ ելք էին կանխորոշում՝ ասում է պատգամավորը։

«Հետևաբար փակ աչքերով, այ սենց մատով, որին կպնեք, շատ ավելի լավ ելք էր խոստանում, քան թե ինչ հիմա ունենք։ Նույնիսկ եթե Ադրբեջանը սկսեր ձգձգել հանրաքվեի հարցը, ի՞նչ էր տեղի ունենում, ունենալու էիր միջազգային անվտանգային երաշխիքներ, սահմաններին ունենում էիր միջազգայինորեն ճանաչված ժամանակավոր վարչակազմ, ունենում էիր ապաշրջափակում և ունենում էիր Քարվաճառը և Քաշաթաղի հյուսիսը՝ նախկին Լաչինի շրջանի»։
Խաչատրյանի խոսքով՝ 1992-ից Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մի քանի անգամ փակուղի են մտել և 2018-ի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ադրբեջանական կողմի պատճառով բանակցությունները սառել են, հիմք չէ պնդումներ անելու, թե այլ տարբերակ չկար․
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն է սկսել իրա կետից։ Պատկերացրեք՝ էսօրվա աշխարհը դիտարկվում է մեծ պայթյունից հետո, ինչ եղել է մեծ պայթյունից առաջ, էսօրվա աշխարհը, էսօրվա ֆիզիկան չի դիտարկում»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ 2019-ին Նիկոլ Փաշինյանի սեղանին դրված փաստաթուղթն արդեն բանակցվել էր Սերժ Սարգսյանի օրոք․
«2019 փաստաթուղթը, որը ինքնին ոչ թե անկախ փաստաթուղթ է, այլ 2016 թվականի, և ընդհանրապես ինչ եմ ասում 2016, որովհետև որ կարդաք, կտեսնեք, որ շատ քիչ է տարբերվում 2016 թվականի օգոստոսի փաստաթղթից, բայց էսպես ասենք, 2018 թվականի դրությամբ փաստաթղթերի սեղմագիրն է եղել, այսինքն` այն, ինչ կար էդ պահի դրությամբ, և մենք դրա գնահատման փուլում ենք եղել, հետևաբար, ես հիմա ձեզ ուղիղ հերքում եմ այն պնդումը` ընդդիմության կողմից հնչեցվող, թե իբր եղել է 2019 թ.–ին ինչ֊-որ նոր առաջարկ, և առավել ևս, որ մենք այդ որևէ նոր առաջարկին ասել ենք` ոչ»։
Ռուբինյանի պնդմամբ՝ նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը 2016-ին կամ Նիկոլ Փաշինյանը 2019-ին ընդուներ Մինսկի խմբի առաջարկները, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը շատ չէր տարբերվի այսօրվանից․
«Ի՞նչ է ստացվում, ի՞նչ է բխում Սերժ Սարգսյանի նամակից, որ արդյունքում հայկական կողմը Ադրբեջանին էր վերադարձնելու 5 շրջանները, հայկական կողմը դուրս էր գալու Քելբաջարի և Լաչինի շրջաններից` չհաշված միջանցքը։ Լեռնային Ղարաբաղի նախկին Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններով տեղակայվելու էին սահմանապահները։ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ չէր լինելու, ապագայի հանրաքվեի հարցն էլ անհստակ էր լինելու։ Խնդրում եմ ինձ ասեք` ռազմավարական տեսանկյունից ինչո՞վ էր դա տարբերվելու 2020 թվականի նոյեմբերից»։
Ընդդիմության պնդմամբ՝ հրապարակված փաստաթղթերի փաթեթը ամբողջական չէ։ Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ բացակայում են նորացված Մադրիդյան սկզբունքները, իրանական առաջարկը և Քի Վեստի փաստաթուղթը․
«Սա մի բան է նշանակում, որ իրենք կամ չունեն Քի Վեստի փաստաթուղթը, ինչը ողջամիտ չէ, որովհետև նույնիսկ եթե օրիգինալը գնալուց առաջ նախկին նախարարներից ինչ-֊որ մեկը պատռել և գցել էր, միևնույն է, Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիս ամսից վարչապետ է եղել, և ինքը կարող էր ամերիկյան կողմից, ֆրանսիական կողմից, ռուսական կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբից, նախագահությունից ստանալ դրա պատճեն»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից պատասխանում է՝ Քի Վեստի փաստաթուղթը չի հրապարակել, որովհետև այն չունեն, փոխարենը հրապարակվել է դրա գաղափարական հիմքը․
«Քի Վեստի փաթեթի հենքը այն է, ինչ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր Պետրոսյանի շտաբը տվել է Հայկական ժամանակ թերթին և հրապարակվել է»։
Նիկոլ Փաշինյանն այլևս անիմաստ է համարում նախկին երեք նախագահներին բանավեճի հրավիրելը․
«Բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, կարդան, պատմեն, կարդան, պատմեն, ի՞նչ պիտի պատմեն։ Պատմելու բան չկա»։
Ընդդիմությունից արձագանքում են՝ կարդացել են ավելի շուտ, քան վարչապետը կհրապարակեր։ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյան․
«Այսինքն ինքը ի՞նչ է անում, Կազիմիրովի գրքից տպում է, մենք չգիտեի՞նք Կազիմիրովի գրքի տեղը։ Կամ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը չգիտեի՞նք։ Ի՞նչ են նշանակում կարդամ, պատմեմ։ Կրկնում եմ` ավելի շուտ ենք կարդացել և ավելի շատ բան գիտենք»։
Հրապարակված փաստաթղթերում որևէ նոր բան չկար՝ պնդում է ընդդիմադիր պատգամավորը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մինչդեռ համոզված են՝ հրապարակված փաստաթղթերն ապացուցում են, որ մինչև 2018-ի հեղափոխությունը հակամարտության խաղաղ լուծման բոլոր տարբերակները սպառվել էին։