Պետք է դադարենք խոսել նախկինների մասին․ Փաշինյան

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է նախկին իշխանությունների մասին խոսելը դադարելը: Այդ մասին հայտնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցերին:

Փաշինյանի խոսքերով, իշխանությունը տրվում է սադրանքին: «Եվ գալիս ժամերով խոսում ենք՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Օրինակ, մենք չենք կենտրոնանում այն բանի վրա, որ այս տարի 500 կմ ճանապարհներ, դպրոցներ ենք կառուցել, կրթության ոլորտում խորը բարեփոխումներ ենք արել։ Եթե 2021-ին ընտրություններ էին, խորհրդարանական ընդդիմություն էր, որը եկել էր քաղաքական իշխանափոխություն անելու օրակարգով և ինչ-որ առումով դեռ կարելի էր քաղաքական մրցակից  և մրցակցություն համարել, իմ կարծիքով՝ իրենք մրցակից չեն այլևս, շատ վաղուց մրցակից չեն»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ իշխանությունը հիմա բազմաթիվ ուրիշ ռազմավարական ասելիքներ ունի, որը չի ասում միայն այն պատճառով, որ ստիպված է լինում ապացուցել ակնհայտը:

«Ես իսկապես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք խոսել նախկինների մասին, որովհետև խոսելու բան էլ չկա, ի՞նչ չենք ասել: Ղարաբաղի հարցի փաթեթն էլ, որ հրապարակել ենք, նրա մասին է, որ խոսելու բան ընդհանրապես չկա»,-նշեց նա:

 

Leave a Comment