Հոսանքի սակագնի իջեցման պահանջով համապետական ստորագրահավաք է սկսվում. Գոհար Մելոյան

Այսօր մենք ազդարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ հոսանքի սակագինն իջեցնելու պահանջով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեր ձեւով» շարժման անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա մայիսին ՀԷՑ-ի սեփականատերերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ներկայացրին դիմում` հայտնելով, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված մոտ 3 միլիարդ դրամի հաշվին իջեցվի հոսանքի սակագինը. «Այս դիմումը մերժվել էր՝ հիմնավորմամբ,  որ հնարավոր է  հետագա կիսամյակի ընթացքում այս կուտակված գումարը նվազի, բայց ինչպես սեփականատերերը ճշգրիտ հաշվարկել էին, երկրորդ կիսամյակում այդ գումարը ոչ միայն կրկնապատկվել է, այլեւ գերազանցել էր կրկնապատիկը: Այս պահի դրությամբ վեց միլիարդ  դրամից ավելի կուտակված գումար կա»:

Գոհար Մելոյանը հիշեցրեց նաեւ, որ հոկտեմբերի 30-ին «Տաշիր կապիտալը» կրկին դիմում է ուղարկել ՀԾԿՀ՝ հոսանքի  սակագինը իջեցնելու պահանջով, բայց այդ դիմումին ՀԾԿՀ-ն միչ օրս չի արձագանքել. «Հետեւաբար, ի դեմս «Մեր ձեւով» շարժման՝ մեկնարկում ենք համապետական  ստորագրահավաք հանրագրի տեսքով: Այսօր տալիս ենք այդ ստորագրահավաքի  մեկնարկը,  արդյունքում  իրավասու մարմինը լինելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը,  որտեղ մեր պահանջը մուտք ենք անելու ՀՀ բնակիչների ստորագրություններով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment