Զանգվածային անկարգություններ Սոֆիայում — Հայաստանի Հանրային Ռադիո

Մարդիկ պահանջում են վերանայել բյուջեի նախագիծը

Բողոքի միանգամայն խաղաղ ցույցը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում վերաճել է անկարգությունների և ընդհարումների իրավապահների հետ:

Զանգվածների դժգոհության պատճառը 2026 թվականի բյուջեի նախագիծն է, որը ցուցարարների  համոզմամբ, դժվար սոցիալական պայմաններ է ստեղծում ժողովրդի համար:

Մարդիկ պահանջում են վերանայել բյուջեի համամասնությունները, հրաժարվել կենսաթոշակային վճարները և ավանդների հարկը 2 տոկոսով բարձրացնելու գաղափարից: Նրանք շրջապատել են կառավարության, խորհրդարանի և մի քանի նախարարությունների շենքերը: Ենթադրվում է, որ ընդհանուր հաշվով Սոֆիայի փողոցներում բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 20 հազար մարդ, մեծավ մասամբ երիտասարդներ:

Այրված նստարաններ և աղբամաններ

Ցույցերի խաղաղ ընթացքը փոխվել է և իրավիճակը շեշտակի վատթարացել է այն բանից հետո, երբ հարյուրավոր դիմակավորված ջահելներ սկսել տարբեր իրեր՝ նստարաններ և փողոցներում տեղադրված աղբամաններ այրել և նետել կառավարական շենքի մուտքերը պաշտպանող ոստիկանների վրա: Ի պատասխան դրան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:  

Կառավարությունը նահանջել է, բողոքները՝ շարունակվել

Վերջին շրջանում Բուլղարիայում տեղի են ունեցել ոչ մեծածավալ բողոքի ակցիաներ: Հավանաբար, հաշվի առնելով դրանք՝ կառավարությունը նոյեմբերի 28-ին հայտարարել է, թե հետ է կանչում 2026-ի բյուջեի նախագիծը, բայց մարդկանց դա չի հանգստացրել:

Բուլղարիայի ղեկավարներին նաև օտարերկրացի փորձագետներն են հորդորել՝ չբարձրացնել հարկերը:

ԳԵՐԲ անվամբ հայտնի իշխող կենտրոնաձիգ կուսակցության լիդեր Բոյկո Բորիսովը կառավարությանը կոչ է արել «վերականգնել երկխոսությունը ժողովրդի և արհմիությունների հետ և համաձայնության հասնել պետական միջոցները տնօրինելու հարցում»:

2026-ին երկիրը կմիանա եվրոյի գոտուն

Բուլղարիան աստիճանաբար մոտենում է մի կարևքոր հանգրվանի՝ 2026-ին երկիրը միանալու է եվրոյի գոտուն, և հիմա ամբողջ ֆինանսական ու տնտեսական համակարգը պետք է պատրաստվի դրան:

Չհաշվարկված վճիռներն էլ ավելի մեծ վնաս կհասցնեն եվրոպական այդ ոչ ամենահարոտւստ երկրին:

Նախագիծը հաշվի չի առել միջին խավի շահերը

«Մենք բողոքում ենք բյուջեի այս նախագծի դեմ, որովհետև այն սպառնում է աշխատող բուլղարացիների մեծ մասին՝ միջին խավին։ Սա անընդունելի է։ Կառավարությունը շարունակում է ռեսուրսներ ուղղորդել իշխանության կառույցներին և ուռճացված վարչակազմին, պետք են խոր, համակարգային բարեփոխումներ։ Այս 500-600 հազար մարդիկ արդյունավետորեն ծառայում են երկրին և իշխող ուժի երաշխավորված ընտրողներն են։ Մեզ պետք են իմաստալից, հեռահար բարեփոխումներ»,- ասել է ցույցերի ակտիվ մասնակից Կոլյո Կարաստանովը։

Բողոքի ակտիվիստ Վեսիսլավա Տանչևան նշել է, որ իշխանավորները մերժել են այլընտրանքային առաջարկները:

«Բյուջեի նախագծի հեղինակները բացարձակ հաշվի չեն առել փոքր, միջին և միկրոբիզնեսներին կամ ՀԿ-ներին առնչվող հարցերը: Նրանք ամեն ինչ մերժել են, դա արել է խորհրդարանում ներկայումս գերիշխող դիրք ունեցող ուժը: Նրանք ամեն ինչ նախապես էին վճռել»,- ասել է Տանչևան:

Ինչպես էին ղեկավարները ֆինանսավորելու ծախսերի աճը

Ըստ բյուջեի նախագծի, որը, ամենայն հավանականությամբ կվերանայվի՝ պետական ​​ծախսերի աճը կլինի ռեկորդային և կկազմի  ՀՆԱ-ի գրեթե 46 տոկոսը:

Աճը պետք է ֆինանսավորվի բիզնեսի և աշխատողների վրա դրվող հարկերի բարձրացման և պետական ​​պարտքի կտրուկ աճի միջոցով։

Բողոքի ակցիաներ են ոչ միայն մայրաքաղաք Սոֆիայում, այլև Բուլղարիայի մյուս քաղաքներում:

Leave a Comment