Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նորացված կազմով ու վարքագծի նոր կանոններով է ներկայանալու խորհրդարանական առաջիկա ընտրություններին։ Խոսքը և՛ նախընտրական ցուցակի կազմին, և՛ նախընտրական շրջանում վարքագծի որդեգրելիք նոր կանոնների մասին է։
Կուսակցության նախընտրական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն էր։ Եվ արդեն հայտնի են անսպասելի որոշումներ, համաձայն որոնց՝ հաջորդ խորհրդարանում չեն լինի ՔՊ առանցքային որոշ գործիչները։ Քաղաքականությամբ զբաղվողները նաև կաշկանդված կլինեն իրենց վարքագծում ու բանավեճերի ընթացքում։ Իշխող կուսակցությունը էթիկայի նոր կանոնագիրք է ընդունել։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանցքային դեմքերից մի քանիսը վերջին ամիսներն են անցկացնում խորհրդարանի շենքում։ 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նրանք հայտարարել են, որ հեռանում են քաղաքականությունից, բայց ոչ՝ կուսակցությունից։ Յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը նման որոշման համար։
ՀՀ վարչապետի աներորդին, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, օրինակ, ասում է, որ իր չառաջադրվելը կարելի է դիտարկել որպես վերաբերմունք «խնամի-ծանոթ-բարեկամ» երևույթին։ 7 տարի խորհրդարանում անցկացնելուց հետո չգիտի, թե առաջիկայում ինչով է զբաղվելու։ Նոր աշխատանքի առաջարկ դեռևս չունի։
«Ուղղակի չուզեցի առաջադրվել։ Քննարկո՞ւմ․ բնականաբար, պետք է տեղյակ պահեի և տեղյակ եմ պահել։ Մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելուց։ Չէ, քաղաքականությունից դուրս չեմ գալիս։ Կլինեմ կուսակցական, կարծում եմ` կմասնակցեմ կուսակցության նիստերին, բայց շատ ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվի»։
Փոխարենը խորհրդարանից դուրս իր ապագան ավելի հստակորեն է պատկերացնում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Հետհեղափոխական 7 տարիների ընթացքում զբաղեցրել է փոխնախարարի, նախարարի, խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնները։ Համարում է, որ ակտիվ քաղաքականությունը թողնում է վստահելի ձեռքերում, համոզված է, որ քաղաքական բարդ շրջափուլերն անցել են, և պետք է կենտրոնանալ պետության հզորացման վրա։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն օրենսդրական աշխատանքը կփոխարինի բիզնես գործունեությամբ։
«Ես տեսնում եմ, որ մենք անդառնալի կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատված է և մեր ժողովուրդը իր որոշումներով և քվեարկություններով տեր է կանգնում դրան։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական և լուրջ կազմով ներկայացված է ցուցակում, և ես տեսնում եմ, որ ես առավելագույնս արդյունավետ եմ բիզնեսի զարգացման, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմաարդյունաբերական ոլորտի կայացման և զարգացման հարցում։ Ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիք ունեմ։ Մենք հիմա գնում ենք այն ճանապարհով, որ ապաշրջափակում է տեղի ունենալու, և այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու»։
Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ կուսակցության վերջին համագումարին՝ անդամավճարների չվճարման պատճառով իր մասնակցությունը արգելելու քայլը որևէ կերպ չի ազդել իր որոշման վրա։ Նա հերքում է լուրերը, թե տարաձայնություններ ունի իր քաղաքական թիմում և պնդում է, որ շարունակելու մնալ կուսակցական։
ԱԺ-ից հետո կյանք կա․ իր հերթին հավաստիացնում է պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որը նույնպես պատգամավորական մանդատը մտադիր է փոխելու մասնավոր ոլորտում աշխատանքով։ Ասում է՝ վերադառնալու է այն ոլորտ, որտեղ եղել է մինչև 2018 թվականը։ Ավելի վաղ նման որոշում չէր կայացնում, քանի որ համարում էր, որ դեռ անցնելու ճանապարհ կա։ Ժողովրդավարության, պետության ինքնիշխանության սպառնալիքի պայմաններում քայլը թիմի հանդեպ ազնիվ չէր լինի, իսկ 2026-ին քաղաքականությունից, բայց ոչ կուսակցությունից հեռանալու պահը հասունացած կլինի։
«Ես համարում եմ, որ քաղաքականությունից դուրս կյանք կա։ Ես տեսել եմ 30 տարվա մեջ ոնց է եկել մարդկանց ժամանակը և իրենք չեն գիտակցել, որ ժամանակը եկել է գնալու։ Պետք է սթափ լինել։ Պետք է հասկանալ, եթե արել ես այս պահին աշխատանքդ, ուրիշ տեղ ես քեզ տեսնում, պետք է հանգիստ գնաս։ Մեծ պլաններ ունեմ։ Ուզում եմ ստեղծագործեմ, նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ, վա՞տ է»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակ ընդգրկվելու համար առաջադրումների վերջնաժամկետից՝ նոյեմբերի 30-ից հետո հայտնի դարձավ, որ իշխանական ներկա պատգամավորներից հաջորդ խորհրդարանում չեն լինի նաև Լենա Նազարյանն ու Լիլիթ Կիրակոսյանը․ վերջինս հազվադեպ էր ելույթ ունենում Ազգային ժողովում։ Իշխող խմբակցության առանցքային դեմքերից Խաչատուր Սուքիասյանը նույնպես չի առաջադրվել խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակ ընդգրկվելու համար։
Ընդհանուր առմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 380 անձից պատգամավորի թեկնածու դառնալու հայտ է ստացել, շուրջ 40-ն անկուսակցական են։ Նրանցից յուրաքանչյուրի համար, ի տարբերություն կուսակցական թեկնածուների, ՔՊ ընտրական ցուցակ ընդգրկվելը կարժենա 1 մլն 500 հազար դրամ։ Կուսակցականների վճարը 500 հազար դրամ է։ Այդ գումարը նախատեսվում է ծախսել նախընտրական շրջանում։
ՔՊ-ականների համար նախընտրական շրջանում պարտադիր կլինեն նաև բարեվարքության նոր կանոնները։ Դրանք հաստատված են էթիկայի կանոնագրքով, որն ընդունվել է ՔՊ վարչության որոշմամբ։ Հայհոյող գործիչներին ՔՊ-ում այլևս չեն հանդուրժի։
Բայց երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանեն, դա չպետք է ընկալվի որպես թուլություն կամ վախվորածություն՝ ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է ՀՀ վարչապետը։ Դա արվում է, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ որպես կառավարող ուժ, այսուհետև հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ ՔՊ-ականներն իրենց հայտարարում են հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին հետևելու մասին։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան․ « «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի կանոնագիրքը մեր արժեքների սեղմագիրն է, որը ներառում է վարվելակերպի այն կանոնները, որոնց ինքներս որոշել ենք հետևել, և որոնցով իսկ որոշել ենք մեզ սահմանափակել։ Այս կանոնները ներառում են ազնվությունը, պարկեշտությունը, թափանցիկությունը, շահերի բախման բացառումը, բռնության բացառումը, պարկեշտությունը և համեստությունը սոցիալական ցանցերում, հարգալից և արժանապատիվ վերաբերմունքը բոլորի հանդեպ՝ քաղաքացիների, կուսակցականների, քաղաքական հակառակորդների և այսպես շարունակ։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, եթե մենք ուզում ենք ունենալ ավելի համերաշխ հանրություն, եթե ուզում ենք ունենալ ավելի բարեկիրթ քաղաքական բանավեճ, եթե ուզում ենք բացառել հայհոյախոսությունը, զազրախոսությունը քաղաքականության մեջ»։
11 դրույթներից և ենթակետերից բաղկացած էթիկայի կանոնագիրքն ընդունելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ ակնկալում է, որ նախընտրական շրջանից առաջ խաղի այսպիսի կանոնները կընդունեն նաև մյուս խաղացողները՝ քաղաքական ուժերից մինչև զանգվածային լրատվության միջոցներ։