Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նիցցա» ակումբում լուրջ միջադեպ է գրանցվել. թիմի երկրպագուները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել սեփական ֆուտբոլիստների նկատմամբ։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում «Լորյանից» կրած պարտությունից (1:3) հետո։ Թիմի մարզաբազայի մոտ հավաքված մոտ 400 երկրպագուներ, դժգոհ լինելով ակումբի վեցխաղյա պարտությունների շարքից, պահանջել են զրուցել ֆուտբոլիստների հետ։ Սկզբում նրանք վանկարկել են գլխավոր մարզիչ Ֆրանկ Էսի հրաժարականը, իսկ ավելի ուշ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։
Երկրպագուներից մեկը մտել է թիմի ավտոբուս և պահանջել ֆուտբոլիստներից իջնել։ Դրսում խաղացողներին սկսել են վիրավորել, ինչը վերածվել է ֆիզիկական հարձակման։
Ամենաշատը տուժել են կիսապաշտպան Ժերեմի Բոգան և հարձակվող Տերեմաս Մոֆին։
Երկրպագուները հարվածել են ֆուտբոլիստներին, թքել նրանց վրա և հնչեցրել ռասիստական վիրավորանքներ։
Երկու ֆուտբոլիստներն էլ անցել են բուժզննում և ուղարկվել հարկադիր ապաքինման. Բոգան շարքից դուրս է մնացել 5 օրով, իսկ Մոֆին՝ մինչև կիրակի։
Ըստ RMC Sport-ի և Nice-Matin-ի տեղեկությունների՝ տեղի ունեցածից հետո և՛ Բոգան, և՛ Մոֆին այլևս չեն ցանկանում հանդես գալ «Նիցցայի» կազմում և մտադիր են լքել ակումբը։
«Նիցան» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով բռնությունը։ Ակումբը նշել է, որ թեև հասկանում է երկրպագուների հիասթափությունը վատ արդյունքների պատճառով, սակայն նման պահվածքն անընդունելի է։ Ակումբն իր լիակատար աջակցությունն է հայտնել տուժած ֆուտբոլիստներին։
Նշենք, որ «Նիցցան» նոյեմբերին պարտվել է բոլոր 6 հանդիպումներում և Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում 17 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։