
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է․
«Նախօրեին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի այսպես ասած լուծարումը:
Ինչպես հայտնի է, դա հնարավոր դարձավ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի շնորհիվ: Նկատեք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ անդամ, որևէ համանախագահ երկիր չհակաճառեց այդ դիմումին կամ դեմ չարտահայտվեց խմբի լուծարմանը:
Սա, իմիջայլոց, այն առնչությամբ, թե ինչպես էր Հայաստանում դարձյալ պրիմիտիվ պրոպագանդա վարվում, թե Մինսկի խմբի լուծարմանը կողմնակից է Ռուսաստանը, իսկ ահա Ֆրանսիան ու ԱՄՆ՝ ոչ: Ես բազմիցս խոսել եմ դրա հակառակի մասին, նշելով, որ գործնականում, երեք համանախագահներն էլ դեմ չեն, որ խումբը դառնա «պատմություն», որովհետև երեք համանախագահներն էլ ըստ էության ուզում են ազատվել խմբից բխող պատասխանատվությունից:
Ինչպես ասում են՝ այն, ինչ պահանջվում էր ապացուցել: Խմբի որևէ անդամ և որևէ համանախագահ չի հայտնել որևէ առարկություն:
Ես դեռևս 2020 թվականի պատերազմից հետո անդրադառնալով այս թեմային նշել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը Արցախի ու Հայաստանի հանդեպ Ադրբեջանի «հանցանքի հետքն» է: Բաքուն ամեն ինչ արեց այն ջնջելու համար: Համանախագահ երկրները, եթե չաջակցեցին, ապա՝ չխանգարեցին նրան: Որովհետև, եթե կա Ադրբեջանի հանցանք, ապա այդ առնչությամբ բնականաբար հարցեր կան նաև արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մանդատակիր պետություններին: Իսկ ավելորդ հարցեր չի ուզում որևէ գերտերություն կամ տերություն:
Պաշտոննական Երևանն էլ ոչ միայն ոչինչ չարեց պատասխանատվության հարցը ինստիտուցիոնալ ձևով օրակարգ ներառելու համար, այլ ըստ էության պարզապես իր քաղաքական նպատակների համատեքստում փորձեց առավելագույնը կորզել Մինսկի խմբի լուծարման դիմաց: Կորզվեց Վաշինգտոնի օգոստոսի 8-ը, որի կապիտալիզացիան մենք տեսնում ենք այսօր քարոզչական դաշտում»: