Բրյուսելում կստորագրվի ՀՀ -ԵՄ նոր ծրագրերի ճանապարհային քարտեզը․ Մարթա Կոսը՝ բարձր մակարդակի ծրագրերի մասին

Այսօր Եվրոպայի սրտում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործակցության նոր՝ առանձնակի կարևորության փաստաթղթի ստորագրում, որը, փաստացի, գործողի վերանայված ու ընդլայնված տարբերակն է, ու որի երեք հիմնական ուղղություններից մեկն անվտանգությունն է։ Մինչև փաստաթղթի ստորագրումը հայ լրագրողների հետ զրույցում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը բացառիկ մանրամասներ է հայտնել՝ ներկայացնելով ավելի քան 7 տասնյակ էջից բաղկացած փաստաթղթի առանցքային շեշտադրումները։

«Ստորագրվող փաստաթղթի 3 ամենակարևոր հենասյուներից մեկը ամրապնդված անվտանգային և պաշտպանական համագործակցությունն է։ Մենք դա կյանքի ենք կոչում՝ գնահատելով Հայաստանի ջանքերը: Անելիքները կախված են, իհարկե, նրանից, թե ինչի կարիք կունենաք դուք, բայց դա կվերաբերի նաև նրան, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում խաղաղությունից հետո: Ինչո՞վ կարող ենք օգնել կամ ինչպե՞ս կարող ենք օգնել, եթե Ռուսաստանը անի այս, այս և այս բաները: Մեկ ոլորտում, որը լիովին անվտանգություն և պաշտպանություն չէ, բայց լայն իմաստով՝ այդպիսին է, մենք գործակցում ենք, և դա ապատեղեկատվության կամ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարն է: Ես կասեի՝ ժողովրդավարության պաշտպանություն: Սա առաջին հենասյունն է:

Երկրորդը ոլորտային գործակցության ընդլայնումն է՝ աջակցելով տնտեսական դիվերսիֆիկացմանը, հետագա կարգավորումներին և  առանցքային ոլորտներում համապատասխանեցումներին, և ապա՝ նորացված ներդրումներին «Գլոբալ դարպասի» (Global Gateway) ներքո: Սա է ընդհանուր առմամբ  ստորագրվողը»,-մանրամասնել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը  կլինի յուրատեսակ գործողությունների ծրագիր։ Սա, փաստացի, կլինի ՀՀ-ԵՄ համատեղ ծրագրերի ճանապարհային նոր քարտեզը :

Եվրոպացի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ եկող տարեսկզբին  Երևանում կանցկացվի ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ որպես այդպիսին առաջինը երկկողմ գործակցության մեջ։ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվելիք համաժողովը Մարթա Կոսը  բարձր մակարդակի միջոցառում է համարում։

Leave a Comment