Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան, նրա եվրոպացի դաշնակիցները և Միացյալ Նահանգները շարունակում են համաձայնեցնել Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի մասնակցությամբ մշակված և Ժնևում ու Ֆլորիդայում կայացած բանակցություններից հետո փոփոխված խաղաղության ծրագիրը։
Ուկրաինայի նախագահը նշել է բանակցություններում Ուկրաինայի համար երեք հիմնական առաջնահերթություն, որոնք, նրա խոսքով, ամենամեծ մարտահրավերն են` տարածք, անվտանգության երաշխիքներ, պատերազմից հետո վերականգնման ու պաշտպանության համար ֆինանսավորում։
Զելենսկին այս հայտարարություններն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում։ Նա Փարիզ է ժամանել նախօրեին։ Իսկ դրանից մեկ օր առաջ` կիրակի օրը, ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է վարել Ֆլորիդայում, որտեղ խաղաղության ծրագիրը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիֆ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։
Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զելենսկին նշել է, որ խաղաղության առաջարկների վերջնական տարբերակը դեռևս բանակցությունների թեմա է, բայց նշել է, որ «ծրագիրն ավելի լավ տեսք ունի»։
Նա հայտնել է, որ կողմերը կիրակի օրը խորհրդակցություններ են անցկացրել վեցուկես ժամ։ «Անկեղծ ասած՝ տարածքային հարցն ամենադժվարն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
«Իմ կարծիքով՝ փողի և վերակառուցման հարցը, և ես, իհարկե, անկեղծ եմ, դժվար է լուծել առանց եվրոպացի գործընկերների ներկայության, քանի որ փողը Եվրոպայում է։ Ես չեմ կարծում, որ դա շատ արդարացի է։ Իսկ անվտանգության երաշխիքների հարցի մանրամասները ԱՄՆ-ից և մանրամասները Եվրոպայից շատ կարևոր են»։
Ըստ Զելենսկու` այս երեք թեմաներն են խնդրի խաղաղության տանող հիմնական ուղղություններն ու խթանիչները։