Զուգահեռ հանդիպումներ Հայաստանում և Ադրբեջանում․ օրակարգերը տարբեր են, նպատակը՝ նույնը

Հայկական Գյումրի և ադրբեջանական Գաբալա քաղաքներում նույն օրը տեղի ունեցած հանդիպումները թեև տարբեր օրակարգեր ունեին,  բայց փոխկապակցված էին տարածաշրջանային ընդհանուր նպատակներով։

Նոյեմբերի 28-ին Գյումրիում հայ-թուրքական աշխատանքային խումբը քննարկում էր Գյումրի-Կարս երկաթգծի շահագործման հնարավորությունը։ Նույն օրը Ադրբեջանի Գաբալա քաղաքում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ քննարկում էր սահմանազատման գործընթացին առնչվող հարցեր։

Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնյաները տարբեր առիթներով հաստատել են, որ սահմանազատումն ու ապաշրջափակումը թեև տարբեր գործընթացներ են, բայց ինչ-որ փուլում կարող են համադրվել։ Սա առավելապես վերաբերում է կոնկրետ տարածքների «արտահերթ» սահմանազատմանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով զբաղվող հանձնաժողովների 12-րդ հանդիպումն ամենայն հավանականությամբ տարբերվել է  նախորդներից․ վերլուծաբանները այս ենթադրությունն են անում՝ հիմք ընդունելով Հայաստանի տարբեր պաշտոնյաների նախորդիվ արած հայտարարությունները։  

Որոշ տարածքների արտահերթ սահմանազատման հնարավորության մասին վերջերս խոսել են  և՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ սահմանազատման հայաստանյան հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս թեմային, ըստ էության, անդրադարձ չկա  հանդիպման մասին արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Սակայն, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցած հանդիպումը դիտարկում է հենց այս տեսանկյունից։

«Արտգործնախարարությունը միայն հաղորդեց, որ տեղի է ունեցել հանդիպում, բայց ես կասկած չունեմ, որ այնտեղ քննարկվել է այլ հարց։ Քանի որ հիմա կողմերն ուզում են «Թրամփի ուղի» ծրագիրն իրականացնել, քանի որ Ադրբեջանը ուզում է կապվել Նախիջևանի հետ, իսկ մենք դեմ չենք, մենք էլ ուզում ենք, որ մեզ համար ճանապարհներ բացվեն։ Երկու կողմերն էլ շահագրգռված են, ու Ադրբեջանն ակնհայտ շտապում է, ուրեմն սահմանազատումը հարավում պետք է արվի առաջի հերթին»։

Մհեր Գրիգորյանի և Շահին Մուսթաֆաևի ղեկավարած հանձնաժողովներն այս տարվա հունվարին պայմանավորվել էին պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարժվել հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունները, սակայն, շտկումներ են անում սահմանազատման հաստատված հայեցակարգում։ Մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացատրեց, թե ինչ կարող է տեղի ունենալ։

«Օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա սահմանազատման գործընթացը շարունակելու, և դա, ըստ էության, քննարկվում է։ Բացի դրանից՝ ավելի են  կոնկրետացել խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան և դիրքից կախված որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք։ Երկուսն էլ այո, սահմանազատում են, բայց այստեղ հնարավոր է, որ արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք: Բայց անկախ դրանից  գործընթացը կշարունակենք»։   

Տավուշի մարզի փոխարեն Սյունիքից սահմանազատում անելու որոշումը սահմանազատման բուն գործընթացի հետ փոխկապակցված չէ՝ հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ Սյունիքում նախատեսվող աշխատանքները ներկայացնելով որպես անհրաժեշտ մաս «Թրամփի ուղու» իրագործման համար։

«Այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում արդեն պետք է սկսվի, ենթադրվում է և տրամաբանական է, որ այդ հատվածում, որքան անհրաժեշտ է այդ ենթակառուցվածքի անցնելու համար, սահմանազատում և սահմանագծում տեղի ունենա, որպեսզի այդ տարածքով ենթակառուցվածքներ կառուցվեն և պարզ լինի` սահմանը կոնկրետ որտեղով է անցնում։ Դա մեծ հաշվով փոխկապակցվածություն չի ընդհանուր սահմանազատման գործընթացի հետ, որը իր տրամաբանությամբ գնալու է, բայց մյուս կողմից սահմանազատում է` կապված կոմունիկացիաների և TRIPP ուղի նախագծի իրականացման հետ։ Այսինքն` սահմանազատումն այդ պրոցեսի մաս է»։   

Թեև այս պնդումներն արվում են, բայց շատ փակագծեր չեն բացվում։ Այս փուլում հայտնի է, որ քննարկվում է տարբեր ենթակառուցվածքների հարցը։ 42 կիլոմետրանոց երկաթգիծը ծրագրի փոքր, բայց ամենահստակեցված հատվածն է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ քննարկումները դետալիզացված են, առնչվում են անգամ ենթակառուցվածքների տեսքին և ձևին։

«Խորհրդային ժամանակահատվածում երկաթգիծը եղել է և այն պետք է վերականգնվի։ Մյուս տրանզիտ ենթակառուցվածքները Խորհրդային Միության ժամանակահատվածում գոյություն չեն ունեցել, և դրանք պետք է նախագծվեն զրոյից։ Խոսքը բոլոր տեսակի տրանսպորտային կապերի մասին է՝ և՛ էներգետիկ, և՛ ճանապարհային»։

Եթե «Թրամփի ուղի»-ն դիտարկվում է որպես  տարածաշրջանային ինտեգրացիայի միջոց, ապա բոլոր ճանապարհները պետք է բացվեն զուգահեռաբար՝  ասում է Հայաստանի փոխվարչապետը։

Նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում տեղի ունեցած հանդիպումը տարածաշրջանային նշանակության միակ հանդիպումը չէր։ Դրան զուգահեռ տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկումը սկսվել է Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում, ապա շարունակվել  Գյումրիում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Գաբալայի և Գյումրիի հանդիպումների միջև կապ տեսնում է։ Նաև շեշտում է, որ բոլոր կողմերն են շահագրգռված տարածաշրջանային վերադասավորումներից դուրս չմնալու հարցում։

«Ադրբեջանը մինչև հիմա էլ չի տալիս համաձայնություն, որ Թուրքիան բացի սահմանը, ու թուրքերը հրավիրեցին Ադրբեջանի հատուկ բանագնացին Անկարա քննարկելու, թե ինչու թույլ չեն տալիս  բացել Հայաստանի հետ սահմանն այն դեպքում, երբ թույլ են տալիս, որ բեռները Ադրբեջանով, օրինակ ցորենը, մտնեն Հայաստան։ Միանշանակ դրական է, որ այդ խմորումները գնում են, որ մենք երկկողմ բանակցություններ ենք  վարում Թուրքիայի հետ, առանձին երկկողմ՝ Ադրբեջանի հետ։ Միշտ մտահոգված էի, համոզված չէի, որ Թուրքիան կբացի սահմանը, նույնիսկ դրական տենդենցների օրոք։ Բայց հիմա տեսնում եմ, որ Թուրքիան իսկապես պատրաստվում է բացել սահմանը»։   

Քաղաքագետը ենթադրում է, որ Անկարայի համար ընդունելի է Հայաստանի առաջարկը՝ շուրջ 2․4 միլիարդ եվրո արժողությամբ Թուրքիա-Նախիջևան նոր երկաթգիծ կառուցելու փոխարեն

TRIPP ծրագրի շրջանակում ավելի քիչ ծախսերով շահագործել Գյումրի-Կարս երկաթգիծը։ Հենց այս հանգամանքով է քաղաքագետը պայմանավորում հայ-թուրքական խմբի հանդիպման անցկացումը Գյումրիում։

Leave a Comment