Համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա․ Թրամփը՝ ռուս–ուկրաինական հակամարտության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունները համարել է շատ արդյունավետ։ Բայց նա նաև ասել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հետագայում ավելի շատ աշխատել և, որ կարևոր է ոչ միայն պատերազմի ավարտը, այլև երկարաժամկետ անվտանգության երաշխիքների հարցը։ Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է այս հանդիպմանը։

Շատ արդյունավետ էին բանակցությունները Ֆլորիդայում՝ փաստում է թե՛ ամերիկյան, և թե՛ ուկրաինական կողմը։ Ռուս–ուկրաինական պատերազմն ավարտելու պայմանների շուրջ բանակցությունները տեղի ունեցան աշնան վերջին օրը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցությունները համարում է շատ արդյունավետ։ Սակայն նա գտնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար դեռ շատ անելիք կա։

«Մենք ունեցանք ևս մեկ շատ արդյունավետ հանդիպում՝ հիմնվելով այս շաբաթվա իրադարձությունների՝ Ժնևում բանակցությունների արդյունքների վրա։ Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան»։

Ռուբիոն նշել է, որ բանակցությունները վերաբերում են ո’չ միայն հակամարտության կարգավորմանը, այլև Ուկրաինայի ապագային, անվտանգության ապահովմանը, քանի որ անհրաժեշտ են երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ։ Ըստ Ռուբիոյի՝ Ռուսաստանը վիճելի հարցերի լուծման գործում պետք է լինի «հավասարման մաս»։

«Մենք ցանկանում ենք օգնել Ուկրաինային՝ հասնելու երկարատև անվտանգության։ Եվ, նույնքան կարևոր է, և մենք ցանկանում  ենք մուտք գործել իրական բարգավաճման նոր դարաշրջան»։

Ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը ևս բանակցությունները համարում է աարդյունավետ և հաջողված։ Ումերովը, ինչպես և Ռուբիոն, ասել է, որ Ֆլորիդայի հանդիպումը հիմնված էր Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև Ժնևում կայացած բանակցությունների վրա։

«Այս հանդիպումը արդյունավետ և հաջողված էր: Մեր նպատակը բարգավաճ, ուժեղ Ուկրաինան է: Մենք քննարկել ենք Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը։ Եվ ԱՄՆ-ն շատ ուժեղ աջակցություն է ցուցաբերել»։

Ումերովը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Վաշինգտոնի և Կիևի դիրքորոշումների մերձեցման մասին։

Ումերովը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին աջակցության համար և վստահեցրել, որ Վաշինգտոնն իրենց լսում է և աջակցում։

«Կա զգալի առաջընթաց արժանապատիվ խաղաղության խթանման և մեր դիրքորոշումները ամերիկյան կողմի հետ համաձայնեցնելու գործում», — գրել է նա իր Telegram-ում։ Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարը նշել է, որ Կիևի հիմնական նպատակները՝ անվտանգությունը, ինքնիշխանությունը և երկարատև խաղաղությունը, մնում են անփոփոխ, ինչը ընկալելի և ընդունելի է նաև ամերիկյան կողմի համար։

Ֆլորիդայում տեղի ունեցած հանդիպումը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։

The Wall Street Journal-ը գրում է, որ Ֆլորիդայում քննարկվել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու թեման և տարածքներ փոխանակելու հարցը։

Ֆլորիդայի բանակցությունները «կոշտ էին, բայց շատ կառուցողական», հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին, որի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամենազգայուն հարցերը:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է նաև, որ դեկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը կայցելի Մոսկվա։ AFP-ը, հղում անելով ամերիկացի դիվանագետներին, գրում է, որ Սթիվ Ուիթքոֆի հետ Մոսկվա կմեկնի նաև ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար։

Նշվում է, որ նախատեսված է Ուիթքոֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Բացի այդ հստակեցվում է նաև, որ այս շաբաթ նախատեսվում է Թրամփի հատուկ դեսպանորդ Դեն Դրիսկոլի այցը Կիև։

Axios-ին էլ ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ Ֆլորիդայում կայացած ամերիկա-ուկրաինական հանդիպումը բարդ էր և լարված, թեև արդյունավետ էր։

Լրատվամիջոցի աղբյուրները տեղեկացրել են, որ հինգ ժամ տևած բանակցությունները կենտրոնացած են եղել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակներում ռուս–ուկրաինական փաստացի սահմանը որոշելու վրա։

Պարբերականը նաև հիշեցնում է որոշ պաշտոնյաների այն պնդումները, որ Ռուսաստանը կանգ չի առնի մինչև ամբողջ Դոնբասը չվերահսկի։

Axios-ի աղբյուրները հայտնել են , որ Վաշինգտոնը կողմ է, որ Կիևը հանձնի այդ տարածքները Ռուսաստանին, որպեսզի Պուտինը խոչընտոտ չունենա խաղաղություն կնքելու, սակայն դա ցավոտ զիջում կլինի Ուկրաինայի համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ խոսել է Ռուբիոյի և Ուիթկոֆի հետ և նրանց մոտ ամեն ինչ լավ է։

«Ուկրաինան որոշ մեծ խնդիրներ ունի։ Կան որոշ բարդ խնդիրներ։ Կարծում եմ՝ Ռուսաստանը ուզում է, որ սա ավարտվի, և ես գիտեմ, որ Ուկրաինան նույնպես ուզում է, որ սա շուտ ավարտվի։ Նրանց մոտ կոռուպցիոն խնդիրներ են առաջացել, ինչը չի նպաստում այս գործին։ Ինձ զեկուցել են բանակցությունների արդյունքների մասին, և կարծում եմ, որ համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա»։

Միջազգային մամուլն ակնկալում է, որ այս շաբաթ ևս ակտիվ շփումներն ու հանդիպումները հակամարտության կողմերի հետ կշարունակվեն։

Leave a Comment